Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-ն լռեց, երբ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ էր իրականացնում․ Լիլիթ Գալստյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ–ում

Հուլիս 06,2022 09:42

ԲԻՐՄԻՆԳՀԵՄՈւՄ ՏԵՂԻ ՈւՆԵՑՈՂ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԽՈՍՔԸ

Երեսուն տարի առաջ Հայաստանն անդամակցեց ԵԱՀԿ-ին՝ կարևորելով կազմակերպության նպատակներն ու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները։

Մենք համոզված էինք, որ մեր հանձնառություններն ու նպատակները կիսում են բոլոր անդամ երկրները, և անհերքելի հեղինակություն ունեցող այնպիսի կազմակերպությունում, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, երկակի ստանդարտները տեղ չունեն։

Ցավոք, այս համոզումը խաթարվեց, երբ առերեսվեցինք ցավալի իրականության հետ․ ԵԱՀԿ-ն ի զորու չեղավ դատապարտել 2020 թ․ աշնանը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիան, ուր բացահայտ էր զինյալ ահաբեկիչների ներգրավվածությունը:

ԵԱՀԿ-ն լռեց, երբ Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ էր իրականացնում՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ վարելով էթնիկ զտումների քաղաքականություն, գործածելով քիմիական զենք և կասետային ռումբեր։

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով Լեռնային Ղարաբաղում կանգնեցվեց անմարդկային արյունահեղությունը, սակայն հակառակ ադրբեջանական պաշտոնական շրջանակների պնդումներին՝ հակամարտությունն իր քաղաքական լուծումը չի ստացել։

Ըստ էության, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներն ավելի են սրվել, և դրանք պակաս կարևոր չեն, քան Արևելյան Եվրոպայի անվտանգային խնդիրները։

Այսպես կոչված «խաղաղության դարաշրջանում» հայկական կողմն ունեցել է ավելի քան 120 զոհ։

Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին, շարունակում է էթնիկ զտումների, մշակութային և պատմական հուշարձանների յուրացման և ոչնչացման քաղաքականությունը, ագրեսիվ ատելության հռետորաբանությունն ընդդեմ Հայաստանի և հայ ժողովրդի։

Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել։ Ցանկացած համաձայնություն, որը կառուցվում է ուժի կիրառությամբ, հարկադրաբար և ժողովրդի կամքին հակառակ՝ գեներացնում է նոր բախումներ ու ագրեսիայի հնարավորություն ստեղծում։

Մի ողջ ժողովրդի կյանքի և ինքնորոշման իրավունքը չի կարելի զոհաբերել աշխարհաքաղաքական կամ տնտեսական շահերին։ Ոչ էլ կարել է այդ ժողովրդին տարածաշրջանային կամ համաշխարհային դերակատարների միջև տարաձայնությունների պատանդ դարձնել:

20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդի հիշողության մեջ դաջված են աշխարհաքաղաքական այսպիսի շահերի սարսափելի հետեւանքները։

Այս համատեքստում կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները վերահաստատեն իրենց հանձնառությունը՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունները՝ հիմնված ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031