«Դեբատ» մամուլի ակումբում «ԶԼՄ-ներն իբրեւ 4-րդ իշխանություն, հանրային կարծիքի ձեւավորող եւ մամուլի, խոսքի ազատության հարցեր» թեմայով կազմակերպված բանավեճում «Երեւանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանն ասաց. «Մեր օրերում ընդունված է բողոքել, մեղադրել, քննադատել լրատվամիջոցներին: Բայց պետք է ընդունենք, որ լրատվամիջոցները Հայաստանում հիմնական գործառույթը կատարում են: Դա իրազեկման գործառույթն է, որտեղ մարդիկ ուզում են տեղեկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, Հայաստանի շուրջ, ընդհանրապես, աշխարհում, եւ լրատվամիջոցներում կարողանում են գտնել այն աղբյուրները, որոնք ապահովում են իրենց տեղեկատվական պահանջարկը:
Այս առումով, կարծում եմ, մեծ խնդիր չունենք: Խնդիրը անաչառության մեջ է, որը նույնպես որոշակի օբյեկտիվ պատճառներ ունի: Հայաստանում մեդիա շուկան եւ գովազդային շուկան բավականին սահմանափակ են: Ուրեմն, գոյատեւելու համար լրատվամիջոցները պետք է հարեն այս կամ այն շահեր ունեցող խմբերին՝ լինեն դրանք քաղաքական, թե բիզնես-առեւտրային: Եվ, բնականաբար, եթե հարում, օգտվում են դրանց աջակցությունից, ուրեմն կատարում են նաեւ բովանդակության առումով որոշակի պատվեր: Խոսքը մեր պարագայում ոչ այնքան տեղեկության մեջ է, որքան այդ տեղեկության մեկնաբանման: Իսկ ցանկացած տեղեկություն կարելի է մեկնաբանել տարբեր կերպ՝ ելնելով այս կամ այն շահերից: Եվ այդ մեկնաբանման առումով մենք լրատվամիջոցների շատ քիչ սեգմենտ ունենք, որոնք անաչառ են: Բայց նույնիսկ մեծ ցանկության դեպքում լրագրողական ձեւավորված միջավայրում շատ դժվար է լինել անաչառ, որովհետեւ անկախ քո մտադրությունից, քեզ տեղավորելու են այս կամ այն դաշտում, ասելու են՝ դու պրոիշխանական ես, կամ ընդդիմադիր ես»:
Որպես իր ասածի ապացույց, Բորիս Նավասարդյանը բերեց բազմաթիվ առցանց հեռարձակողների օրինակը, որոնք վերգետնյա սփռման հնարավորությունից չեն օգտվում, օգտվում են ինտերնետից: «Նրանց հյուրերը, որոնք մասնակցում են հարցազրույցներին, բանավեճերին, ուզում ես, թե չես ուզում, ներկայացնում են այս կամ այն թեւը: Մի տեղ հիմնականում գնում են միայն ընդդիմադիրները, մյուս տեղը՝ իշխանականները: Եթե 3-4 տարի առաջ կարելի էր հիշել վերգետնյա կամ առցանց այնպիսի լրատվամիջոցներ, ուր գալիս էին երկու ճամբարների ներկայացուցիչներն էլ, հիմա այդ երեւույթը չկա, որովհետեւ նույնիսկ անաչառներին արդեն տեղավորել են այս կամ այն դաշտում: Սա ազդում է անաչառ իրազեկման, աշխարհը հասկանալու վրա:
Ովքեր «կպել են» լրատվամիջոցներին, որտեղ իշխանական թեւն է ներկա, գտնվում են իշխանական քարոզչության ազդեցության տակ, որոնց սիրտը «կպել» է մյուսներին, միայն այդ մի տեսակետն են տեսնում»,-ասաց Բորիս Նավասարդյանն ու անդրադարձավ նաեւ տարածված այն խնդրահարույց մտքին, թե լրատվամիջոցներում շատ է հայհոյանքը, ատելության խոսքը: «Ես, ճիշտն ասած, այնքան էլ հակված չեմ լրատվամիջոցներին մեղադրել, որովհետեւ լրատվամիջոցների բովանդակության էական մասը քաղաքական իրադարձությունների լուսաբանումն ու մեկնաբանումն է: Եվ եթե քաղաքական դաշտում այդ նույն հայհոյանքը, ատելությունը կա, լրատվամիջոցը ինչպե՞ս կարող է այդ բոլորը քողարկել եւ չհաղորդել: Ինքը այն նույն լեզվապաշարով է փոխանցում, ինչ կա քաղաքական դաշտում: Եվ ամենահետաքրքրականն այն է, որ լրատվամիջոցներին մեղադրողները հիմնականում այն նույն մարդիկ են, որոնք գեներացրել են այդ ատելության խոսքը եւ այդ մշակույթը: Ու նրանք, ովքեր դա մշակել են, հիմա էլ մտածում են օրենքներ նախաձեռնել, որոնք լրատվամիջոցներին պատժելու են: Այսինքն, պատժել լրատվամիջոցներին նրա համար, որ նա մեր իրականության հայելին է, որ լրատվամիջոցը իրենց հայհոյանքը հրապարակում է»,- նշեց «Երեւանի մամուլի ակումբի նախագահը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































