Լրահոս
Օրվա լրահոսը

Անժելա Նուշիկյան. «Մենք դիրքավորվում ենք որպես ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, սպորտը սպասարկող ոլորտների համար մասնագետներ պատրաստող առաջատար բուհ»

Հուլիս 09,2022 17:41

ՀՖԿՍՊԻ-ում 2017-2021 թթ. ռազմավարական ծրագրի ժամկետը ավարտվելուց հետո, մինչեւ նոր ծրագիր կազմելը ինստիտուտի ղեկավարությունը մոնիթորինգ է արել, վերլուծել եւ փորձել է հասկանալ, թե ինչ է արվել, ինչ չի արվել ու ինչու չի արվել, որպեսզի մարզական բուհը հետագայում ավելի վստահ քայլերով առաջ ընթանա:

Նախորդ ռազմավարության մեջ եղել է նաեւ հենակետային քոլեջ ստեղծելու ծրագիր, սակայն ինչ-ինչ պատճառներով այն կյանքի չէր կոչվել:

ՀՖԿՍՊԻ-ի արտաքին կապերի եւ ռազմավարական ծրագրերի գծով պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը Aravot.am-ի հետ հարցազրույցում նշեց, որ իրենք հստակ նշել են իրենց զարգացման ուղին, արդեն իսկ վերաձեւակերպել բուհի առաքելությունը եւ դիրքավորվում են որպես ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, սպորտը սպասարկող ոլորտների համար մասնագետներ պատրաստող առաջատար բուհ եւ այս ճանապարհին հենակետային քոլեջ ունենալը եղել է ռազմավարության կարեւոր մասը:

-Ինչո՞վ է կարեւոր Ձեր նշած հենակետային քոլեջ ունենալը ու երբվանի՞ց է այն գործելու:

-Տարիների փորձը ցույց է տվել, որ մեր դիմորդների քանակը չի նվազում, 450-600 միջին թիվը պահպանվում է: Ու երբ գալիս է այն համալրումը, որին մենք պետք է պատրաստենք ու կադրերի տեսքով արդյունք տանք, ցավոք, այնքան էլ կողմնորոշված չէ: Նրանց մեջ քիչ տոկոս են կազմում բարձրակարգ մարզիկները, որոնք շարունակելով իրենց կարիերան հետագայում մարզիչ կդառնան: Իսկ շատերը գալիս են ուղղակի գալու համար: Այսինքն, մասնագիտական կողմնորոշումը խիստ նվազ է: Մեր նպատակն է քոլեջի ուսումնառության ընթացքում կողմնորոշել եւ տալ այնպիսի գիտելիքներ, որոնցով շրջանավարտները որպես մեր աճեցրած կադրեր ցանկության դեպքում կկարողանան համալրել ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը: Այդպես կլուծվի նաեւ կադրերի միջազգայնացման խնդիրը: Դրա համար որպես ռազմավարական խնդիր որոշեցինք ունենալ մեր ավելի որակյալ կադրերը: Իսկ վերաբերում է քոլեջի գործունեության ծավալման ժամկետներին, առաջին ընդունելությունը լինելու է այս տարի:

-Քոլեջին քանի՞ տեղ է հատկացված:

-95 տեղ: Մենք կունենանք մեր կողմնորոշված դիմորդը, մեր աճեցրած կադրերը: Մենք պետք է կրթենք, դաստիարակենք մեր կադրերը, որոնք հետո կդասավանդեն ինստիտուտում, կզբաղվեն գիտությունով ու կզարգացնեն այն: Քոլեջի դիմորդը չի կորցնի տարիներ, կսովորի, կհասկանա ուր է եկել: Մենք նրա կրթության շարունակականությունը կապահովենք, ինչի համար ընտրել ենք չորս հիմնական ուղղություններ.  ֆիզիկական կուլտուրա եւ սպորտ, սպորտային զբոսաշրջություն, բուժական  մերսում եւ թիկնապահական գործ:

-Առաջին երեք ուղղությունները հասկանալի են: Ինչի՞ համար է թիկնապահական գործը, որը կարծես մի տեսակ բացասական ընկալում ունի հասարակության մեջ եւ որի պակաս, կարծես, չկա:

-Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ ինստիտուտի շրջանավարտների շատ մեծ տոկոսը հետագայում աշխատում է որպես թիկնապահ, անվտանգության աշխատակից: Այո, թյուր կարծիք կա, թե թիկնապահ աշխատելու համար միայն ֆիզիկական ուժը բավարար է: Սակայն դա ամենեւին էլ այդպես չէ: Իրականում դա շատ լուրջ, նուրբ, բազմակողմանի հմտություններ եւ գիտելիքներ պահանջող մասնագիտություն է, որը ներառում է նաեւ հոգեբանական պատրաստվածություն, հայացքների հաղորդակցման եւ այլ հմտությունների տիրապետում, առաջին բուժօգնություն եւ այլն: Եվ եթե այդ դաշտը բաց է, ինչո՞ւ մենք չպատրաստենք պրոֆեսիոնալ, իրական թիկնապահներ, որոնք հետագայում մասնագիտության մեջ խորանալու ցանկության դեպքում կարող են իրենց կրթությունը շարունակել մեր բուհում փրկարարական գործ մասնագիտությամբ: Չմոռանամ ասել, որ ուսումնառության ընթացքում բարձր մակարդակի վրա են լինելու լեզուների տիրապետումը, առնվազն հանգիստ հաղորդակցվելու մակարդակում:

-Ո՞ր տարիքից է հնարավոր ընդունվել քոլեջ:

-Դիմորդը գալիս է հիմնական դպրոցի հիմքով, այսինքն, 9-րդ դասարանն ավարտելուց հետո: Ավագ դպրոցի փոխարեն երիտասարդը երեք տարի սովորելու է մեր քոլեջում,  ստանալով ավագ դպրոցի կրթությունը եւ դրան զուգահեռ յուրացնելու է իր մասնագիտական ուղղվածությունը: Ավարտելուց հետո տրվում է դիպլոմ, որով կարող է միանգամից մտնել աշխատաշուկա կամ լավ առաջադիմության պարագայում միանգամից ուսումը շարունակել ինստիտուտի հեռակա բաժնի 2-րդ կուրսում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031