Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիևի գրավման փորձը և երկրում իշխանափոխությունը տապալվեց, Պուտինն ու իր բանդան ոչ միայն սպանում են խաղաղ ուկրաինացիներին, այլ իրենց երկրին»․ Դենիս Ավտոնոմով

Հուլիս 21,2022 13:38

«Պուտինն ու իր բանդան ոչ միայն սպանում են խաղաղ ուկրաինացիներին, այլ իրենց երկրին»,-մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։

Նա վստահեցրեց, որ արդեն շուրջ հինգ ամիս տևող ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանը մեծապես տուժել է։ Դենիս Ավտոնոմովը թվարկեց այն տապալումները, որոնք գրանցել են ռուսական զինված ուժերը։ Նա մասնավորապես նշեց․ «Կիևի գրավման փորձը և երկրում իշխանափոխությունը տապալվեց։ Ռուսական զորքերը տապալեցին նաև Խարկովի համար մղվող մարտերում՝ կրելով աննախադեպ կորուստներ, ուստի ստիպված էին նահանջել։ Ռուսական զորքերի երկրորդ տապալումը․ ՌԴ զինված ուժերին չհաջողվեց իրագործել իրենց ուժերի առավելությունը օդում՝ չնայած ռուսական հեռուստաընկերություններն անընդհատ հաղորդում էին այդ մասին։ Ուկրաինական հակաօդային համակարգը ավելի հզորացավ։ Ռուսական խոցված ինքնաթիռների և ուղղաթիռների թիվը հասնում է հարյուրների։ Սև ծովում ևս ռուսական զորքերին չհաջողվեց հասնել առավելության։ Չորրորդ տապալումը ռուսական զորքերի՝ Զմեինի կղզուց փախուստն էր։ Ռուսական զորքերը դա անվանեցին բարի կամքի դրսևորում՝ ցույց չտալու համար իրենց տապալումը»։

Դենիս Ավտոնոմովը հիշեցրեց՝ պատերազմը սկսելով՝ Վլադիմիր Պուտինն ընդգծում էր Ռուսաստանի ձեռքբերումները, որոնց հասել են վերջին 30 տարիների ընթացքում, բայց որպես հակադրություն այդ արձանագրումների՝ նշեց․ «Այժմ Ռուսաստանն հետընթաց է գրանցում բոլոր ոլորտներում, ինչը ՌԴ-ին տանում է անկման։ Պատերազմը ցույց տվեց, որ ռուսական բանակն ի վիճակի է հաղթել միայն իր՝ տասնյակ հազարավոր զինվորների կյանքի գնով»։

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի կարծիքով՝ այժմ Ռուսաստանը բոլոր ոլորտներում է մեկուսացված։ Նա թվարկեց․ «Ռուսաստանը մեկուսացած է դիվանագիտական ոլորտում։ Փետրվարի 24-ից սկսած արևմտյան երկրները հետ ուղարկեցին հարյուրավոր ռուս դիվանագետների, Եվրախորհրդարանը և բրիտանական խորհրդարանը ռուս դիվանագետներին արգելել են այցելել այդ հաստատություններ։ Մի շարք միջազգային կազմակերպություններ դադարեցրել են Ռուսաստանի անդամակցությունը։ Աստիճանաբար պատժամիջոցները սկսում են գործել։ Արդեն գործում է պատժամիջոցների 7-րդ փաթեթը։ Ռուսական շուկայից մեքենաներից մինչև կոսմետիկա արտադրող բրենդների դուրս գալը, լոգիստիկայի բարդացումը, համատեղ ծրագրերի դադարեցումը Ռուսաստանին մեկուսացնում են նաև միջազգային տնտեսությունից։ Նույնը գիտության, սպորտի ոլորտում։ Այս ֆոնին այն երկրները, որոնք պաշտպանում են Ռուսաստանին՝ Հյուսիսային Կորեա, Նիկարագուա, Իրան, Սիրիա ուղղակի ստեղծում են պատրանք, որ ՌԴ-ն մեկուսացած չէ։ Նույնիսկ այս երկրների չեզոքությունը Պուտինը «գնում է» հին պարտքերի ներմամբ և այլ միջոցներով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031