Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեքը` մեկում», գումարած Ավո Ադամյանի անսահման անկեղծությունը

Հուլիս 25,2022 10:30

Երգիչ, դերասան եւ շոումեն Ավո Ադամյանն ասում է` հայտնիությունը մեկ ժամում չի եկել, դա քրտնաջան աշխատանքի արդյունք է

Երգիչ, դերասան եւ շոումեն Ավո Ադամյանն այսօր Հայաստանում ամենապահանջված ու ամենազբաղված արտիստներից է: «Առավոտի» հարցին` ինչպես է կարողանում համատեղել երեք ոլորտներ, Ավո Ադամյանն ասաց, որ իրեն իրապես արտիստ է համարում. «Իմ հետեւորդները կստորագրեն ասածիս տակ, որ ես չեմ մեծախոսում: Կա «երկուսը` մեկում» արտահայտություն, իսկ իմ պարագայում` «երեքը մեկում» է, ես կարողանում եմ բարեհաջող ներկայանալ «երեքը մեկում» ձեւաչափով: Խոստովանեմ, որ դա, իհարկե, հեշտ չէ, քանի որ ինձանից մեծ ժամանակ է պահանջվում, ջանքեր, չարչարանք, անքուն գիշերներ, բայց փառք Աստծո, որ կարողանում եմ զբաղվել իմ սիրած աշխատանքով: Ի դեպ, երեք ոլորտները կապված են միմյանց հետ եւ լրացնում են իրար»:


Իսկ ինչո՞ւ է այսօր ինքն ավելի պահանջված, քան իր այլ գործընկերներ, որն է դրա գաղտնիքը: Մեր զրուցակիցն այս հարցին հետեւյալ կերպ արձագանքեց. «Չեմ ուզում ավելորդ համեստություն անել, բայց չեմ էլ կարող չխոսել: Ամեն բան կապում եմ Աստծո հետ, Աստված գտնում է, որ ես պետք եմ ինչ-ոչ մեկին, ինչ-որ մեկն էլ ինձ է պետք, որ ես աշխատեմ, ինքը վճարի, մեկը մյուսին լրացնի ու ապրենք, ուրեմն այդպես պետք է լինի: Ամեն դեպքում, ես ինձ համարում եմ բոլորին հասանելի. ամբողջ կյանքում իմ տեսակը չեմ փոխելու, ինձ համար գոյություն չունեն աստղային ինչ-որ բաներ, առաջնայինը մարդկային հարաբերություններն են: Ես ինքս անմիջական կապ ունեմ իմ բոլոր պատվիրատուների, պրոդյուսերների հետ, ամեն ինչի մեջ ես եմ, ես եմ անում իմ բոլոր գործերը, իսկ թե ինչքան եմ պահանջված, դա էլ Աստված գիտի, բայց ասեմ, որ ազատ ժամանակ չունեմ մինչեւ այս տարվա վերջ»:


Հարցրինք, թե իր տպավորությամբ ի՞նչն իրեն ավելի հայտնի դարձրեց` սերիալներում նկարվե՞լը, երգե՞լը… «Ամեն ինչն ունի իր տեղն ու ժամանակը, մարդ պետք է կարողանա ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվել… Հայտնիությունը եկել է ոչ թե մեկ ժամում, մեկ օրում կամ մեկ տարում, այլ իմ աշխատանքն է ինձ հայտնի դարձրել… Ես մասնակցել եմ մեծ նախագծերի` որպես գլխավոր հերոս, իմ տեսահոլովակներն են ինձ հայտնի դարձրել, US ARMENIA-ի հետ եմ համագործակցում, նրանց սերիալների գլխավոր հերոսին եմ մարմնավորում: Իմ` հայտնի դառնալուն նպաստեց US ARMENIA-ի «Խաբկանք» հեռուստասերիալը, որտեղ գլխավոր հերոսին էի մարմնավորում տաղանդաշատ դերասանուհի Տաթեւիկ Ադումյանի հետ: Հրաշք դուետ էր ստացվել, բոլորի կողմից սիրվեց: Մինչ օրս բազմաթիվ նամակներ, հեռախոսազանգեր ենք ստանում, փողոցում տեսնելիս հարցնում են, թե նորից երբ ենք միասին հանդես գալու: «Խաբկանքը» մեծ դեր ունեցավ իմ կյանքում: Նույնքան դերակատարություն ունեցան նաեւ իմ տեսահոլովակները, որոնք բոլոր առումներով բարձր որակով են արված: Պակաս կարեւոր չէ նաեւ իմ ձեռագիրը` երգելիս, որը երբեք չեմ փոխի»,-ասաց Ավո Ադամյանը:

Հարցին` ո՞ր երգն է իր համար այցեքարտային, Ավոն հետեւյալ կերպ է պատասխանում. «Ինձ համար այցեքարտային է եղել «Դաժան է սերը» երգը, որի վրա լրջորեն աշխատել ենք ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ: Դա իմ առաջին կարեւոր երգերից մեկն էր, հետո մի քանի այլ երգեր եմ ունեցել`ռեժիսոր Վահե Հարությունյանի հետ, իսկ ամենավերջինը բացառիկ լավն է: Ռեժիսոր Վահե Հարությունյանն է տեսահոլովակը նկարել, խոսքը իմ ու հրաշալի դերասանուհի Մերի Հակոբյանի «Уходи» երգի մասին է: Իսկ «Դաժան է սերը» երգն, անշուշտ, այցեքարտ է, որից հետո բոլոր երգերը սկսել են «աշխատել»:

«Առավոտի» հարցին` իսկ կինը չի՞ խանդում, երբ տեսահոլովակներում կամ սերիալում գրկում է ուրիշ կանանց: «Իմ կինը, ծնողներս եւ զավակներս միասին այն կետին ենք հասել, որ դա իմ աշխատանքն է, եւ խանդելու, նախանձելու հարց չկա: Բոլորն ինձ ճանաչում են, «դրսի» մարդիկ էլ գիտեն, թե ինչքան կարեւոր է իմ ընտանիքը: Ես լրագրողներին բազմիցս ասել եմ, որ երբ մի բան եմ անում, պետք է շատ լավ անեմ: Օրինակ, եթե ես սեր եմ խաղում, դա պետք է այնքան համոզիչ լինի, որ որեւէ միջակ մասնագետ չասի, թե Ավոյի աչքերի արտահայտությունը «ֆալշ» էր, կամ երբ հորը թշնամի որդի եմ խաղում, այնպես պետք է խաղամ, որ բոլորն ինձ ատեն, ասեն՝ ո՞նց կարող է տղան հոր հանդեպ նման թշնամություն ունենալ: Դառնալով խանդելուն` հավելեմ, ես իմ կնոջն ավելի շատ եմ խանդում, որովհետեւ գեղեցիկ է, մենք հանրային մարդիկ ենք, եթե կա սեր, կարող է լինել նաեւ խանդ»,-նշեց Ավո Ադամյանը:
Իրեն հաջողակ մարդ համարո՞ւմ է: Այս հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցը դրական արձագանքեց: Ապա հավելեց. «Թեեւ չեմ հավատում չար աչքին, բացասական էներգիային, բայց չեմ ուզում իմ հաջողակ լինելու մասին բարձրաձայնել: Կասեմ միայն, որ Աստծուց ինչ խնդրել եմ, ունեմ, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն»:

Իսկ ունի՞ որեւէ նպատակ, նվիրական ցանկություն, որ դեռ չի իրականացրել: Ավո Ադամյանը սրա հետ կապված մի տպավորիչ դրվագ հիշեց իր ուսանողական տարիներից. «Աշտարակում խոնարհված եկեղեցի կա` Ծիրանավորը, ուզում եմ նորոգել, որ մարդիկ գնան այնտեղ աղոթելու: Այդ առիթով մի պատմություն կպատմեմ: Ես սովորել եմ Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում, օպերետային դերասան մասնագիտությամբ: Պատիվ եմ ունեցել աշակերտել Երվանդ Մանարյանին: Նա բացառիկ մարդ էր ու մեծ արվեստագետ, տղաներին անգամ նախատելիս, ավագ ընկերոջ նման էր խոսում: Ես ինձ համարում եմ նրա հավերժ աշակերտը:

Օրերից մի օր, Երվանդ Մանարյանը զայրացավ մեր կուրսի 5 տղաների վրա, ի դեպ, այդ 5-ս էլ հիմա մտերիմ ենք իրար հետ: Նա հերթով ամեն մեկին ինչ-որ բան ասաց, ապա ինձ մոտեցավ ու հարցրեց` դու ի՞նչ ես երեսիս նայում, Ավետիք: Ասացի` ինչ անեմ մաեստրո, ասաց` դու գոնե մի երազանք ունե՞ս… Ես խառնվեցի իրար, այն տարիներին 19 տարեկան տղան կարող է էդ պահին մտածել սեւ «Նիվայի» կամ մեկ այլ բանի մասին, բայց ես երազում էի տեսահոլովակ ունենալ, կինոյում նկարվել: Չհասցրի կողմնորոշվել, թե ինչ ասեմ, մաեստրոյին: Մանարյանն ասաց` դու աշտարակցի ես, գոնե նորմալ մարդ դարձիր, Աշտարակի Ծիրանավոր եկեղեցին վերանորոգիր: Այդպես դա ինձ համար դարձավ գերնպատակ: Եվ հիմա, եթե արժանի լինեմ դիպչելու այդ սուրբ պատերին, եթե Աստված կամենա, կվերանորոգեմ… Այ դրա մասին եմ երազում»:

«Դրսում» ելույթներով հանդես եկած Ավո Ադամյանից հետաքրքրվեցինք` ինչը կարող է գրավել Սփյուռքի մեր հայրենակիցներին: «Արտիստի համար ամենակարեւորը անկեղծությունն է, դու պիտի հանդիսատեսին չխաբես: Եթե անկեղծ չեղար, բեմն իսկույն «կմատնի» այդ մասին… Մեր Սփյուռքը հրաշք է: Վերջերս հյուրախաղերով Եվրոպայում ու ՌԴ-ում էի, նոյեմբերին Փարիզում համերգ ունեմ… Ես միշտ զարմացել եմ Սփյուռքի մեր հայրենակիցների անափ հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ նվիրումից, որն առանձնահատուկ դրսեւորվեց նաեւ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ: Նորից եմ ուզում կրկնել, որ Սփյուռքի մեր սիրելի հայրենակիցներին ոչնչով չես կարող զարմացնել, բացի քո անսահման անկեղծությունից: Ի դեպ, անչափ հուզվում եմ, երբ համերգից հետո, 400-500 հոգի սպասում է, որ լուսանկարվի քեզ հետ: Անգամ չեմ հասցնում հագուստս փոխել, սիրով են շրջապատում, ես էլ հաճույքով շփվում եմ բոլորի հետ մեկ առ մեկ, լուսանկարվում յուրաքանչյուրի հետ…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Ավո Ադամյանը

«Առավոտ» օրաթերթ
23.07.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031