Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդորում են համբերատար սպասել, որ տատիկ-պապիկ դառնալիս թոշակով ճամփորդենք, ասում են՝ կուտակային կենսաթոշակով արժանապատիվ ծերություն կունենանք

Հուլիս 29,2022 15:47

Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարներն արժեզրկվել են: Մարդիկ ստուգում են հաշիվներն ու պարզում, որ դրանք ավելանալու փոխարեն՝ պակասում են:
Ո՞վ է մեղավոր կամ պատասխանատու այդ իրավիճակի համար՝ այսօր հրավիրած ասուլիսում «Ամունդի –Ալբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը պատասխանեց. «Մենք մեղավորներ կամ պատասխանատու որոնել չենք փորձում, ուղղակի փորձում ենք եղած իրավիճակի պայմաններում մեր պորտֆելն այնպես կառուցել, որպեսզի վնասը լինի նվազագույնը, իսկ շուկաների վերականգնման դեպքում հնարավորինս օգուտ քաղենք»:

Հրայր Ասլանյան

Նա խնդիրը պայմանավորեց ինչպես դրամի արժեւորմամբ դոլարի եւ եվրոյի նկատմամբ, այնպես էլ ռուս-ուկրաինական հակամարտությամբ: Ակտիվների 30%-ը ներդրված է արտասահմանում՝ տասնյակ հազարավոր ընկերություններում եւ տարբեր աշխարհամասերում:

Հարցին՝ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ շարունակվում է ու չգիտենք՝ երբ կավարտվի, դրան զուգահեռ կա նաեւ ղարաբաղյան պատերազմի վտանգ, ի՞նչ է մեզ սպասվում այս իրավիճակում՝ Հրայր Ասլանյանը պատասխանեց. «Ապագան բավականին անորոշ է: Քանի որ ձեր նշած գործոնները կան, դեռ հակամարտություններ կան, որոնք դեռ շարունակվում են, այս պարագայում մեր անելիքը պորտֆելի դիվերսիֆիկացիան է եւ փորձելը տարբեր ռիսկեր ներառել մեր քաղաքականության մեջ: Այսինքն, ներդրումները այնպես բաշխել, որ նման երեւույթները շարունակելու կամ նոր երեւույթներ ի հայտ գալու դեպքում դրանց ազդեցությունը ֆոնդերի վրա լինի նվազագույնը»:

Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ ֆոնդերի ստեղծումն անիմաստ բան էր Հայաստանի համար՝ նա պատասխանեց. «Իհարկե, չենք կարող ասել, որովհետեւ կարճաժամկետ տատանումներ միշտ եղել են: Եթե մեր պատմությանը նայեք, վերջին առնվազն 8 տարվա ընթացքում ունեցել ենք շատ շոկեր՝ 2014, 2018, վերջին կորոնավիրուսի ժամանակաշրջանում, երբ ֆոնդերի եկամտաբերությունը վերջին 100 տարվա համար ամենակտրուկ անկումն արձանագրեց, բայց դրան հաջորդեց նաեւ ամենակտրուկ վերականգնումը: Մենք գտնում ենք, որ այս բացասական շոկը եւս բացառություն չէ եւ սրան հաջորդելու են աճի երկարատեւ ժամանակահատվածներ: Իսկ, ընդհանուր առմամբ, շուկան տատանողական է, դա չի նշանակում, որ պետք է մենակ աճի: Դա նորմալ երեւույթ է, երբ տարբեր աշխարհամասերում տեղի են ունենում շոկեր, շուկաները պետք է արձագանքեն: Դա ամբողջությամբ օրինաչափ է»:

Իզաբելլա Ադիլխանյան

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի գլխավոր ֆինանսական եւ գործառնական տնօրեն Իզաբելլա Ադիլխանյանն էլ ասաց, որ տարեկան 7 -7,7% եկամտաբերություն է լինում. «Մենք հիմա խոսում ենք ինչ-որ իրավիճակի մասին, որի արդյունքում ֆոնդերն ունեցել են բացասական եկամտաբերություն: Սա «կերել» է այսպես ասած մեր դրական եկամտաբերության մի մասը, բայց ոչ ամբողջությամբ: Նույնիսկ այս շոկից հետո ֆոնդերը ձեւավորել են դրական եկամտաբերություն եւ բավականին բարձր: Ժամանակավրեպ է խոսել այն մասին, որ սա ինչ-որ բացասական երկարաժամկետ վատ երեւույթ է»:

Նա բացատրեց, որ ոչ թե կուտակային կենսաթոշակային ակտիվները պակասել են, ակտիվը նույնն է, պարզապես դրամային արտահայտությամբ դրանց եկամտաբերությունն է պակասել:

Սա արդեն 7-րդ եռամսյակն է, երբ ֆոնդերն ունենում են բացասական արդյունք, Ասլանյանը խորհուրդ է տալիս չկենտրոնանալ կարճաժամկետ հատվածում եկամտաբերության վրա, որովհետեւ բացասական արդյունք արձանագրած բոլոր եռամսյակների դեպքում արձանագրվել է երկարաժամկետ դրական արդյունք:

Բանախոսներն ընդհանուր առմամբ ֆոնդերի կառավարումը արդյունավետ են համարում ու թվային ցուցանիշներ ներկայացրեցին. «2014-ի մարտ ամսին, երբ սկսեցինք կառավարել կենսաթոշակային ֆոնդերը՝ 1000 դրամից ենք սկսել եւ այս պահի դրությամբ ֆոնդերի արժեքները տատանվում են 1700-1800-ի դրամի միջակայքում, կուտակային արձանագրել ենք շուրջ 75-76% եկամտաբերություն, որը միջին տարեկան 6,7-7% տարեկան եկամտաբերություն է կազմում»: Ադիլխանյանն էլ հավելեց, որ 4 տարի ֆոնդերն արձանագրել են երկնիշ եկամտաբերություն:

«Ֆոնդերը ցույց են տվել իրենց կենսունակությունը՝ անցնելով բազում շոկերի միջով 2014-ից սկսած: Պետք է գիտակցել, որ նման շոկեր միշտ լինելու են»,- ասաց Ասլանյանը:

Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելիս վստահեցնում էին, որ շահառուներն ունենալու են բարեկեցիկ ծերություն: Հարցին՝ այսօր դա կարո՞ղ են ասել, արժանապատիվ ծերություն կլինի՞՝ Հրայր Ասլանյանը պատասխանեց. «Ես միշտ բարի նախանձով եմ նայել այն ոչ հայ տարեցներին, որոնք անհամբեր սպասում են, թե իրենց կենսաթոշակային տարիքը երբ է մոտենալու, որ իրենք ճամփորդեն: Երբ որ իրենց նայում ես, բավական խնամված տեսք ունեն ու միշտ հարց է առաջացել, թե խի՞ մեր տատիկ-պապիկները այս հնարավորությունը չունեն: Ես հավատում եմ, որ այս ռեֆորմի միջոցով մենք այդ հնարավորությունն ունենալու ենք՝ որպես ապագա կենսաթոշակառուներ»:

Իզաբելլա Ադիլխանյանն էլ հորդորեց համբերատար լինել ու սպասել մեր կենսաթոշակային տարիքում լավ արդյունքների:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031