Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը խոսելու է վերջնագրերի լեզվով․ օգոստոսյան էսկալացիան վերջնագիր էր, որը ՀՀ-ի կողմից ընդունվեց»․ քաղաքագետ

Օգոստոս 25,2022 13:15

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ տարածքով ադրբեջանցիների անարգել տեղափոխումն ապահովելու մասին կառավարության նիստում հայտարարությունից հետո օգոստոսի 4-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց, որ նախատեսվում է 3 նոր անցակետերի բացում, որոնցով հնարավորություն կընձեռվի Ադրբեջանից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղեւորվել դեպի Նախիջևան։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ սա ոչ թե կոնկրետ պայմանավորվածության արդյունք է, այլ քայլ է հայկական կողմից, որպեսզի գործընթացները կայանան ՀՀ-ին ձեռնտու փուլով, մասնավորապես, որպեսզի ապաշրջափակումը տեղի ունենա ՀՀ ինքնիշխանությունը հարգելու սկզբունքով։

«Հայտնի է, որ ապաշրջափակման գործընթացում բանակցային սեղանին դրված են փաստաթղթեր, որոնց մի մասն արտահոսել են։ Դրանցից ենթադրվում է հայկական մաքսակետերի գոյություն, սահմանապահ վերահսկողություն, բայց կա մտավախություն, որ ՌԴ-Ուկրաինա պատերազմի մեկնարկից հետո Ադրբեջանի հավակնություններն ավելի առավելապաշտական են դարձել Արցախում, որտեղ Ադրբեջանն ուժային գործիքակազմով անցնում է նպատակների իրագործման, որոնք ամրագրված չեն որեւէ փաստաթղթում։ Հավանական է, որ այս միտումը կա նաեւ ապաշրջափակման գործընթացում»,-«Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Տիգրան Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը, կայացնելով անցակետեր տեղադրելու որոշում, ցույց է տալիս այն սկզբունքները, որոնցով պատրաստ է գնալ ապաշրջափակման․ «Հատկանշական է, որ անցակետերը մի քանի հատվածում են լինելու եւ դա համապատասխանում է ՀՀ-ի այն դիրքորոշմանը, որ ապաշրջափակումը պետք է լինի ամբողջական՝ ԽՍՀՄ ժամանակ գոյություն ունեցած բոլոր ճանապարհներով, այլ ոչ թե մեկ ճանապարհով, որն Ադրբեջանին կապում է Նախիջեւանին։ Դժվար է ակնկալել, որ հայկական կողմի նման քայլերն ազդելու են բանակցային գործընթացի վրա, որովհետեւ ենթադրվում է, որ այս քայլերը միակողմանի են։ Հայտնի չէ, կա՞ն պայմանավորվածություններ։ Եթե չկան, ապա սա հայկական կողմի մանեւրելու փորձն է՝ կասկածելի հեռանկարով»։

Առաջիկայում նախատեսվելիք Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպմանն անդրադառնալով՝ Տիգրան Գրիգորյանը նախ նշեց, որ Ադրբեջանն ակտիվ նախապատրաստվում էր Բերձորում օգոստոսյան էսկալացիային, որի նպատակներին հասավ․ «Հայկական կողմը համաձայնեց դուրս հանել բնակչությունը Բերձորից եւ Աղավնոյից, եւ այլընտրանքային ճանապարհը շուտով գործելու է։ Սա է պատճառը, որ շուտով բանակցությունները վերսկսվելու են։ Իսկ թե ինչ է քննարկվելու, այս փուլում Ադրբեջանն օրակարգային հարցեր ունի։ Նա խոսելու է վերջնագրերի լեզվով։ Օգոստոսյան էսկալացիան վերջնագիր էր, որը ՀՀ-ի կողմից ընդունվեց։ Գլխավոր վտանգն այն է, որ այս փուլում ՀՀ-ի հետ Ադրբեջանը հենց վերջնագրերի լեզվով է խոսում՝ պաշտպանության բանակի դուրսբերում, խաղաղության պայմանագիր եւ այլն։ Ադրբեջանը ցանկանում է ամեն ինչ եւ միանգամից՝ չզիջելով ոչ մի բան։ Ըստ նրա՝ Արցախի հարց գոյություն չունի, ՀՀ-ն պետք է թղթի վրա ստորագրելով՝ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս բանակցություններից միայն ապաշրջափակման գործընթաց կարելի է ակնկալել, որն ուզում է նաեւ Ռուսաստանը, իսկ մյուս հարցերում Ադրբեջանի պահանջները հայտնի են»։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ անկախության օրվա առիթով ուղերձում մատնանշված ակնարկին, թե «դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից», Տիգրան Գրիգորյանը նկատեց՝ երկրի ղեկավարի կողմից գրառման մակարդակով խոշոր խաղացողներին նման ուղերձներ հղելը լուրջ չէ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031