Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Էդ 4 երեխեքը սոված տունն ընկած են, էդ երեխեքին թող գոնե տեր կանգնի. Գագիկ Մելքոնյանը՝ սպանության մեջ մեղադրվողին երաշխավոր կանգնելու մասին

Սեպտեմբեր 06,2022 13:53

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը սպանության համար մեղադրվող Ռոման Մովսիսյանի համար անձնական երաշխավորություն է տվել, այսպես ասած, նրա չորս անչափահաս երեխաների խաթր: Aravot.am-ի հետ զրույցում Գագիկ Մելքոնյանը պատմեց, որ Ռոմանի հոր հետ վաղուցվա ընկերներ են, Ռոմանին էլ է լավ ճանաչում ու թեեւ վստահ է, որ նա չի սպանել, բայց նրա անմեղ, մեղավոր լինելու հանգամանքը դատարանը կպարզի:

«Մենք Ռոմանի հոր հետ ընկերներ ենք, արդեն քսան տարի ընկերություն ենք անում: Ռոմանն ունի չորս անչափահաս երեխա, դեպքը կատարվել է չորս տարի առաջ, քննությունն ընթացել է, Ռոմանը ճանաչվել է անմեղ, նա 2 տարի դեպքից հետո ազատության մեջ է եղել: Դրանից հետո ով, ում, ինչ պատմելով՝ Ռոմանին կալանավորել են: Գործ են հարուցել դիտավորյալ սպանության համար: Բայց դեպքը հետեւյալ ձեւ է եղել, ոչ թե դիտավորությամբ սպանել է կամ բան, այլ իրենք ընկերներ են եղել, գնացել են խաշ ուտելու, հետո գնացել են դեպի Գառնի, թե հիմա վիճաբանություն է եղել, թե ինչ է եղել, դատարանը կպարզի: էս օղորմածիկը իրեն մեքենայից գցել է, դրանից հետո տարել են հիվանդանոց, դրանից 10 օր հետո նա մահացել է: Չեմ գնացել, ասել՝ ազատեք Ռոմանին պատասխանատվությունից, ես, տեսնելով, որ չորս անչափահաս երեխա կա, տուն պահող էլ չունի, ասում եմ՝ բաց թողեք, թող գնա իրն երեխեքի մոտ, դատաքննությունը կավարտվի, քսան տարի կտաք, երեսուն տարի, թող գնա իր պատիժը կրի: Ես երաշխավոր եմ, որ ինքը չի փախնի, չի խուսափի դատաքննությունից: Ես բացառում եմ, սպանությունը, սպանություն տեղի չի ունեցել, դեպքից 10 օր հետո է էդ տղան մահացել, ինչ սպանություն, կարող է ընկնելու հետեւանքով մահանալ, չէ՞»,- ասաց պատգամավորը:

Մեր դիտարկմանը, թե ըստ դատաբժշկական փորձաքննության՝ մահացածի գլխին բութ գործիքով հարվածներ են եղել, պատգամավորը շարունակեց. «Մեքենայի մեջ ինչ է տեղի ունեցել, քննությունը կպարզի, ես երաշխավոր եմ կանգնել, որ նա չի փախնի, չի խուսափի պատասխանատվությունից, դատարանն ինչ կորոշի, դատարանը թող որոշի: Էդ չորս երեխեքը սոված տունն ընկած են, էդ երեխեքին թող գոնե տեր կանգնի մինչեւ դատաքննության ավարտը»:

Գագիկ Մելքոնյանը հերքեց իր, որդու ու իր ընտանիքի որեւէ անդամի կապը «Ոսկե աքաղաղ» ռեստորանի հետ, ասաց. «Սուտ է, իմ որդին կապ չունի, այնտեղ աշխատել է Ռոմանի պապան»: Հիշեցնենք, որ «Հետքի» հրապարակած տեղեկությունների՝ Մելքոնյանի որդին՝ Կարեն Մելքոնյանը, «Ոսկե աքաղաղ» ռեստորանի հիմնադիրն է, որից ռեստորանը վարձակալել էր Ռոմանի հայրը:

Գագիկ Մելքոնյանից բացի՝ Ռոման Մովսիսյանին անձնական երաշխավորություն են տվել եւս երկու պատգամավորներ՝ Սերգեյ Բագրատյանն ու Արմեն Խաչատրյանը: Գագիկ Մելքոնյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նքն է խնդրել նրանց անձնական երաշխավորություն տալ ընկերոջ որդու համար, պատասխանեց՝ ոչ. «Պատգամավորներին իրենք են դիմել խնդրանքով, այդ խնդրանքով ու հանուն այդ չորս անչափահաս երեխաների՝ նրանք եկել, երաշխավորություն են տվել»:

2018 թվականին Ռոման Մովսիսյանը ու նրա մանկության ընկերը՝ սպանված Ռազմիկ Ներսիսյանը գնացել են «Ոսկե աքաղաղ» խաշ ուտելու, ինչից հետո էլ Ռազմիկը տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ու տասը օր անց՝ գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ․ Գ․ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գեղամ Մարգարյանի, մերժել է սպանության գործով ամբաստանյալ Ռոման Մովսիսյանին պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասել է տուժողի իրավահաջորդ Թամարա Բաբայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930