ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, որ չնայած նախընտրական ցուցակի հետին հորիզոնականներում է, երեկ մեզ վստահեցրեց, որ ակտիվ քարոզարշավ է իրականացնում։
– Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի կողմից արտահանումների արգելքները, քաղաքացիները գոհ լինե՞ն, որ իրենց բերքը, արտադրանքը նախկինի պես անխոչընդոտ չի արտահանվում։ Դուք է՞լ եք կարծում, որ ռուսները ոչ թե ձեր արտաքին քաղաքականությանն են դրանով պատասխանում, այլ խոչընդոտներ են ստեղծում, որ Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը հաղթեն։
– Նախ եկեք ճշտենք՝ անում են Ռոբերտ Քոչարյանի համար, Սամվել Կարապետյանը ո՛չ մեր երկրի քաղաքացի է, ո՛չ էլ իրավունք ունի ո՛չ պատգամավոր լինելու, ո՛չ էլ՝ վարչապետ։
– Նրա կուսակցությունը հայտարարել է հաղթելու դեպքում Սահմանադրությունը փոխելու մասին, որ Կարապետյանը կարողանա վարչապետ դառնալ։
Կարդացեք նաև
– Ներողություն, բայց ամբողջ Ռուսաստանը լծվել է Քոչարյանի կառքին, 4 սպիտակ ձիով քաշում են, ճամփեք ա փակում, էս ա անում։ Բայց Ռուսաստանում եթե խելացի դիվանագետներ լինեին, ընդհակառակը՝ պիտի ամեն ինչ այստեղ էժանացնեին, բերեին ժողովրդին ցույց տային, որ մենք ձեր ախպերներն ենք, գազը 380-ով էինք տալիս, հիմի դարձնում ենք 250, նավթ ուղարկեր մի քանի ցիստեռ էժան, որն Ադրբեջանն է ուղարկում։
– Բայց ժողովուրդը Ռուսաստանին չի ընտրելու, այլ ձեզ եւ ընդդիմադիրներին։
– Լսի, մենք Ռուսաստանի ֆորպոստ ենք եղել, հիմա ուզում ենք դրա տակից դուրս գալ։ 2020 թվականին մեր ժողովուրդը սկսեց ատել Ռուսաստանին, մինչեւ 2020 թվականը մեր ամբողջ անվտանգությունը կառուցել էինք ՌԴ-ի հիմքի վրա, ասում էինք` ռուսները մեր փրկիչներն են, հենց ՌԴ դրոշը երեւաց Վարդենիսի վրա, ադրբեջանցիք կփախչեն մինչեւ Կիրովաբադ, բայց եղավ հակառակը` ադրբեջանցիք հայտնվեցին, ռուսները փախան։ Դրանից հետո ժողովուրդն ատեց էդ մարդկանց, հետո, երբ Ղարաբաղը հանձնեցին, եթե ինքը սկսեր ամեն ինչն էժանացներ, ճանապարհները բացեր, Լարսում խցանում չստեղծեր, մեր ժողովուրդը կասեր` արա, էս մարդիկ իրոք մեր դաշնակիցներն են, հիմա իրանց արածների համար փոշմանել են։ Բայց դրին՝ ամեն ինչ փակեցին, որից մենակ մենք չենք տուժում, իրանք էլ են տուժում․ հիմա ծիրանի սեզոն է գալիս, թե բա՝ ծիրանն էլ կփակենք, տո ջհանդամին փակեք, ձեր արեւին փակեք։ Մեր մոտ ծիրանը կէժանանա, ծիրանի արաղ կքաշենք։
– Դուք չե՞ք ընդունում, որ ձեր արտաքին քաղաքականության հետեւանքով է այդ ամենն արվում` մի կողմից ԵԱՏՄ կազմում եք, մյուս կողմից՝ խաղեր եք տալիս ԵՄ-ի հետ։
– Մենք խաղեր չենք տալիս, մեր արտաքին քաղաքականությունը մինչեւ օրս նման հաջողություն չի ունեցել, որ Ամերիկայի պետքարտուղարը Հնդկաստանից թռնի Հայաստան 4 ժամով, պայմանագրերը ստորագրի, գնա: Նման բան տեսե՞լ ես, կամ՝ ԱՄՆ նախագահը զանգի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորի ու ասի, որ Փաշինյանը մեր մեծ բարեկամն է։
– Դա մեզ ի՞նչ է տալիս, այդ խոսքերին գայթակղվում եք, բայց հողի վրա տնտեսությունը վարի է գնում, արտահանումը կանգնած է։
– Մենք կարող ենք մի տարի էլ ծիրանով ապրել, կուշտ կուտենք` թող չտանեն, մի տարուց հետո կտեսնեք, որ Ռուսաստանը կխնդրի, որ իրա երկիր ծիրան տանենք, պոմիդոր ու հատկապես՝ վարունգ․ վարունգի առաջարկը շատ է։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

















































