Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեզ խաբել ենք, որ պետություն ունենք, որ կան պետական ինստիտուտներ, կառույցներ, որոնք իրենց գործառույթներն ունեն». Արծրուն Պեպանյան. «Փաստ»

Սեպտեմբեր 08,2022 11:34

Աշխարհի խոշոր խաղացողներն իրենց շահերից բխող որոշակի ծրագրեր ունեն, և հենց այդ շահերից բխող գործընթացներ են սկսել մեր տարածաշրջանում՝ շարժվելով դեպի նախանշված նպատակ: Ու մենք, որպես ժողովուրդ, որպես հասարակություն, այսօր այնքան կազմակերպված չենք, որպեսզի կարողանանք դիմակայել այդ գլոբալ խաղացողների շահերին, ինչի հետևանքով իրենք հիմա հանդարտ իրենց ծրագիրն են իրականացնում, որի մեխանիզմները պարզ են:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով մեր երկրին առնչվող բանակցային գործընթացներին, դրանցից բխող մարտահրավերներին, նաև հասարակական ընկալումներին:

«Իրենք հաշվի են առել նաև մեր ժողովրդի իրական վիճակը, այն, թե որ չափով կարող ենք դիմակայել իրենց ծրագրերին: Եվ թե՛ 1015 տարի առաջ, թե՛ այսօր իրականացնում են քայլեր, որ այստեղ ոչ թե դիմադրողականություն, այլ հենց այս պահի վիճակը լինի: Երբ առկա իրողությունների նկատմամբ ժողովրդի ներկայիս արձագանքն են դիտարկում, ակամա համեմատում են 20-30 տարի առաջ ունեցած արձագանքների հետ ու տեսնում, որ կան փոփոխություններ՝ դեպի վատը: Ամբողջ հարցն այն է, որ այսօրվա ժողովուրդն իր ճնշող մեծամասնությամբ որևէ կապ չունի Արցախյան շարժման ժողովրդի հետ: Ինչո՞ւ, որովհետև գիտականորեն հիմնավորված փաստ է՝ եթե ժողովրդին 32 տարի բաց ես թողնում, չես կրթում, անհրաժեշտ գաղափարականություն չես տալիս, ինքն ինքնաբերաբար այլասերվում է: Սա իմանալով՝ արտաքին դաշտից նպատակային կերպով խթանում էին այլասերումը: Եվ եթե այս ամենին գումարում ենք պարտության շոկը, որը մարդկանց ջարդում է, ստանում ենք այսօրվա իրավիճակը»,-ասաց մեր զրուցակիցը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ ժողովուրդը հավաքական կերպար չէ:

Հաշվի առնելով այսօրվա իշխանության քայլերն ու մի շարք այլ իրողություններ՝ քաղաքական վերլուծաբանը շեշտեց, որ մենք պետություն, որպես այդպիսին, չունենք: «Մենք մեզ խաբել ենք, որ պետություն ունենք, որ կան պետական ինստիտուտներ, կառույցներ, որոնք իրենց գործառույթներն ունեն: Իրականում ոչ մի պետություն չկա, որովհետև պետականակիր ժողովուրդ չկա, իսկ պետականակիր ժողովուրդ չկա, որովհետև այս ամենը հասկացող էլիտա չկա, որն այդ ժողովրդին կձևավորեր: Սա պարզապես մի տարածք է, որտեղ ինչ-որ մեկը, որը ոստիկանության և մյուս ծառայությունների գլխին կանգնում է, և իրեն ենթարկվում են, ինչ ուզում, անում է՝ կախված իր ճաշակից, իր վախերից, իր անձից, իրավիճակից: Օրինակ՝ հենց ՀՀ առաջին իշխանությունների կառավարման տարիներին ընդդիմադիր հայացքներ ունեցողներին հալածել են, այնպես արել, որ ապրելու հնարավորություն չունենան ու հանկարծ չկարողանան որևէ քաղաքական հայտ ներկայացնել: Կարևոր հանգամանք է հատկապես այն, թե իշխանությունները որքանով են վախենում իշխանափոխությունից: Մեր նախկին բոլոր նախագահներն այսօր ազատ ապրում են, ցույցեր են անում, կարծիքներ հայտնում: Իհարկե, իրենք էլ են իշխանափոխության և դրա հետևանքների մասին վախեր ունեցել, բայց հիմա այլ իրավիճակ է: Այսօրվա իշխանության վարքից երևում է, թե որքանով են վախենում: Ակնհայտ է, որ շատ են վախենում, ու պատճառը պարզ է»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ հիշելով ավելի վաղ՝ դեռ 2019ին արված վերլուծությունը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930