Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մի նոր զինվոր ունենք քաղաքապետարանում»․ Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետի պաշտոնում իր աշխատանքի մասին

Սեպտեմբեր 23,2022 12:20

Երեւանի ավագանու այսօրվա նիստում քննարկում են Տիգրան Ավինյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու հարցը։

Session of the Council of Elders of Yerevan took place at the Municipality of Yerevan

Ավինյանն իր ելույթում անդրադարձավ ադրբեջանական ագրեսիային Հայաստանի նկատմամբ, նշելով՝ ստիպված եղանք կրկին մարտի դաշտում պաշտպանել մեր պետության ինքնիշխանությունն ու սահմանները․ «Այդ ագրեսիան մեզ ոչ թե պետք է ընկճի կամ վհատեցնի, այլ՝ սթափության եւ քրտնաջան աշխատանքի մասին հիշեցում լինի։ Մեր զինվորների հերոսությունը պետք է պարտավորեցնի մեզ աշխատել եւ արարել, զինել մեր բանակը, ուժեղացնել մեր պետությունը, զարգացնել տնտեսությունը։ Ըստ էության, ներկայումս մեզ համար դիմադրությունն ու պայքարը պարզապես այլընտրանք չունեն»։

«Երեւանի մասին խոսելիս պատկերացնում ենք մարդկանց, որոնք ստեղծել են քաղաքն ու կոլորիտը իրենց երգերում, ֆիլմերում, շենքերում եւ քանդակներում։ Երեւանը Թամանյանն է իր ճարտարապետությամբ, Հախվերդյանի եւ Ֆորշի երգերն են, որոնք պատկերում են քաղաքը ու քաղաքն ինքնաբերաբար սկսում է նմանվել իրենց երգերին։ Երեւանն Էդմոն Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմն է։ Քոչարի, Արա Հարությունյանի, Նորիկ Կարգանյանի քանդակներն են, Չարենցն ու Բակունցն են, որոնք շրջել են Երեւանի փողոցներով եւ իրենց հերթը զիջել այսօրվա երիտասարդներին։ Երեւանը նաեւ այն մարդիկ են, ովքեր հոգ են տանում քաղաքի համար»,-ասաց Ավինյանը։

Անդրադառնալով Երեւանի խնդիրներին, նա ասաց՝ հանրային շահը պետք է գերակա լինի անհատական շահին․ «Չի կարող բակում կառուցվելիք ավտոտնակն ավելի կարեւոր լինի, քան երեխաների բարեկարգ հրապարակը, չի կարող մեկի շինարարությունն ավելի կարեւոր լինել, քան քաղաքի ընդհանուր ճարտարապետական տեսքը։ Մեր կողմից առաջարկվող լուծումները պետք է հիմնված լինեն հանրային եւ ոչ անհատական շահի վրա եւ քաղաքի հաշվին ընկերներին, ծանոթներին, բարեկամներին լավություններ անել պետք չէ»։

Ավինյանի խոսքով՝ գրասենյակային աշխատանքը հաճախ ստիպում է պաշտոնյային զատվել իրական կյանքից, կենտրոնանալ թղթաբանության, խորհրդակցությունների վրա եւ սա բերում է ոչ այնքան դրական հետեւանքների․ «Եվ միշտ չէ, որ այս գործընթացում լուծումները լինում են դիպուկ, իսկ որոշ դեպքերում խնդիրները խորանում են։ Այդ իսկ պատճառով իմ մշտական կապն ապահովելու եմ երեւանցիների հետ՝ վարչական շրջաններում շրջայցերով, ընդունելություններով»։

Session of the Council of Elders of Yerevan took place at the Municipality of Yerevan

Ավագանու անդամներից մեկը հետաքրքրվեց՝ Երեւան քաղաքի բյուջեն համեստ է, ինչպե՞ս եք տեսնում խնդիրների լուծումը՝ կառավարությա՞ն աջակցությամբ, ներքի՞ն ռեսուրսներով, թե՞ այլ ճանապարհով։ Ավինյանը պատասխանեց, որ ինքը փոխվարչապետի պաշտոնում համակարգել է ոչ միայն տնտեսական ոլորտը, այլեւ՝ առողջապահության, կրթության եւ գիտության, նախարարությունների․ «Շատ դեպքերում իմ աշխատանքը շատ տեսանելի չի եղել, բայց ես ինձ համարում եմ արդյունքամետ մարդ։ Քաղաքապետարանում իմ համակարգման ոլորտը չի լինելու եկամուտների հավաքագրումը, այնուամենայնիվ, մենք պետք է խորապես վերանայենք մեր մոտեցումները եկամուտների հավաքագրման, եւ ընդհանուր առմամբ, այլ տրամաբանություն եւ ռեֆորմներ իրականացնենք այդ ուղղությամբ։

Ինչ վերաբերում է կառավարության, նախարարությունների ե այլ պետական մարմինների հետ իմ աշխատանքին, ապա այդ առումով մենք մի նոր զինվոր ունենք քաղաքապետարանում, որը երկար ժամանակ աշխատել է այդ մարմինների հետ, հասկանում է տրամաբանությունն իրենց աշխատանքի, լավ ու վատ կողմերը եւ վստահեցնում եմ, որ մեր աշխատանքը այդ մարմինների հետ բարելավվելու է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ․ Գ․ Տիգրան Ավինյանն ավելի ուշ ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ։ Ավինյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին Երևանի ավագանու 44 անդամներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930