Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրադարձությունների ընթացքն այնպիսին է, որ թույլ է տալիս ենթադրել Ադրբեջանի նախագահի ցավոտ տապալումն առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում»

Սեպտեմբեր 24,2022 14:30

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։

-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմը ՀՀ-ի դեմ համարում է սահմանային միջադեպ, ՌԴ իշխանությունները պաշտոնական Երեւանից անհապաղ սահմանագծում ու սահմանազատում են պահանջում. այս իրավիճակում մենք կարո՞ղ ենք մեզ համար շահեկան ակնկալիք ունենալ ՌԴ իշխանություններից:

-Շարքային քաղաքացիներս տեղյակ չենք, թե ինչ չհրապարակված պայմանավորվածությունների են հանգել Պուտինը, Ալիեւն ու Փաշինյանը փակ դռների ետեւում: Տեսանելի է միայն, որ իրադարձությունների ընթացքը շեղվել է 2020 թվականի նոյեմբերի իննին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ ներառված դրույթներից: Հասկանալի չէ, թե այդ շեղումներն ինչով են պայմանավորված՝ արդյոք պաշտոնական Երեւա՞նն է հրաժարվում կատարել չհրապարակված ինչ-ինչ որոշումները, թե ռուսներն ու ադրբեջանցիներն են որոշել, որ եռակողմ հայտարարությունն իրենց հետագա գործողությունների համար այլեւս հիմք լինել չի կարող: Ամեն դեպքում հիշեցնեմ, որ եռակողմ հայտարարությունը իրենց երկրներում լիակատար իշխանության տիրապետող երեք անձանց ջենտլմենական պայմանավորվածություն է, չի վավերացվել երեք պետություններից որեւէ մեկի խորհրդարանի կողմից եւ, ըստ էության, չունի իրավական փաստաթղթի կարգավիճակ: Այդ հայտարարության դրույթների խախտումն էլ դժվար թե իրավական հետեւանքներ ունենա խախտող կողմի համար: Այս կապակցությամբ պարզաբանումները պետք է տա անձամբ վարչապետ Փաշինյանը:

-Ըստ Ձեզ՝ ո՞րն էր ԱՄՆ նեկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավոր ուղերձը. դուրս եկեք ՀԱՊԿ-ից, մենք ձեզ կօգնե՞նք: Գործուն ակնկալիքներ ունենա՞լ ԱՄՆ-ից:

-ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ պաշտոնական Վաշինգտոնն այս պահին չի դնում: Չեմ զարմանա, եթե որոշ ժամանակ անց տեղեկություններ տարածվեն այն մասին, որ տիկին Փելոսիի այցը կանխեց այնպիսի մի իրավիճակի ձեւավորում, որի շրջանակներում ադրբեջանական զինուժի անխափան առաջխաղացումը կօգտագործվեր Հայաստանը Ռուսաստանի կազմում կամավոր-պարտադիր ընդգրկելու համար: ԱՄՆ-ը ներկայումս նաեւ կարծես թե իր ձեռքն է վերցնում Երեւան-Բաքու բանակցային գործընթացը կազմակերպելու նախաձեռնությունը, ինչը կարող է շրջադարձային ու ճակատագրական նշանակություն ունենալ մեր ողջ տարածաշրջանի համար:

-Ինչպե՞ս կգնահատեք այն ազդակները, որոնք գալիս են Իրանից՝ մասնավորապես զգուշացումները, որ Իրանը թույլ չի տալու տարածաշրջանային սահմանների փոփոխություններ: Եվ ինչպե՞ս է Հայաստանն օգտվում այս ուղերձներից, մանավանդ, որ իրանական փորձագետները հայտնում են կարծիք, որ Իրանն ու Վաշինգտոնը դեմ են Զանգեզուրի միջանցքի բացմանը:

-Հավանաբար Թեհրանում լավ են հասկանում, որ անկայունության եւ բռնության ալիքն այժմ ուղղորդվելու է Իրանի դեմ՝ արտաքին ազդեցիկ դերակատարները շահագրգռված են տապալելու այդ երկրի կրոնապետական վարչակազմն ու կառավարման կարգը: Ստեղծված իրավիճակում Իրանի իշխանությունները երկընտրանքի առջեւ են կանգնած եւ կամ պետք է երկիրը վերածեն պաշարված ամրոցի ու իրենց բոլոր ռեսուրսներն ուղղեն դրա անառիկությունն ապահովելուն, կամ որեւէ ուղղությամբ նախահարձակ ռազմական գործողություններ նախաձեռնեն, հասնեն հաջողությունների եւ ապա նոր դիրքերից սկսեն քաղաքական սակարկությունները: Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքի կնքումը ունակ կլիներ մեղմել իրավիճակը պաշտոնական Թեհրանի համար, սակայն այս տարբերակի գործարկումն այժմ գրեթե անհնար եմ համարում:

-Լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վտանգ տեսնո՞ւմ եք. ցավոք, բայց կարծես դրա համար բոլոր նախադրյաներն այս պահին կան:

-Այժմ Հայաստանի դեմ պատերազմական գործողությունների սառեցումը հնարավոր է կամ Միացյալ Նահանգների ջանքերով, կամ էլ Իրանի կողմից ռազմական գործողությունների նախաձեռնման արդյունքում:

-ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ռեջեփ Թայիփ Էրդողանն, իր աջակցությունը հայտնելով «ադրբեջանցի եղբայրներին», նշել է. «Վերջին օրերին տեղի ունեցած բախումները այս լավ մթնոլորտի վրա, եթե անգամ ստվեր են գցել, միեւնույն է, հավատում ենք, որ 2 երկրների միջեւ հնարավորինս սեղմ ժամկետներում համապարփակ խաղաղության պայմանագրի կնքումը հնարավոր է»: Թուրքիայի կողմից հնչող այս հայտարարություններն արդյոք կանաչ լույս չե՞ն վառում Ադրբեջանի առաջ հետագա արկածախնդրության դիմելու համար:

-Թուրքիայի նախագահը բոլոր դեպքերում առերեւույթ հանդես է գալիս Բաքվի շահերի երաշխավորի ու սպասարկուի դիրքերից, սակայն պետք է նկատի ունենանք, որ Էրդողանի ու Ալիեւի ճանապարհներն ինչ-որ մի պահից կբաժանվեն: Իրադարձությունների ընթացքն այնպիսին է, որ թույլ է տալիս ենթադրել Ադրբեջանի նախագահի ցավոտ տապալումն առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում: Արդեն ասացի, թե Հայաստանի դեմ պատերազմական գործողությունների սառեցումն ինչ գործոններից է կախված:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930