Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական հայացքների պատճառո՞վ է Սիսիանի արվեստի կենտրոնի տնօրենն ազատվել աշխատանքից

Սեպտեմբեր 28,2022 23:35

Սիսիան համայնքի ավագանու անդամի համամասնական ընտրությունների ժամանակահատվածում, ըստ «Ականատես» դիտորդական խմբի զեկույցի՝«վարչական լծակների միջոցով թեկնածուների ազատ կամքի արտահայտումը առերեւույթ խոչընդոտելու մի քանի դրսեւորումներ են արձանագրվել»։ Մասնավորապես, աշխատանքից հեռացվել է Սիսիանի համայնքապետարանի ենթակայության տակ գործող արվեստի դպրոցի տնօրենը, որը «Աշխատանք եւ արդարություն» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված ավագանու անդամի թեկնածու է։

Սիսիան համայնքի «Աղվան Մինասյանի անվան արվեստի եւ ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Գոռ Մանուչարյանը, որը «Աշխատանք եւ արդարություն» դաշինքի ընտրացուցակի 23–րդ համարն է ու է,  այս տարվա օգոստոսի 5-ին է ազատվել աշխատանքից։ Մանուչարյանն արդեն դիմել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կարգադրությունը եւ իրեն վերականգնել աշխատանքում։ Գործը դատավոր Ռոմեն Ահարոնյանի վարույթում է։

Գոռ Մանուչարյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ տարաձայնություններն իր եւ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի միջեւ սկսվել են հունվար ամսից։ «Ինձ կանչեց՝ ասաց, որ ինքը չի ցանկանում աշխատել ինձ հետ։ Պատճառաբանեց՝ որ ես այն մարդը չեմ, որ կարող եմ լինել իր թիմում, քանի որ ինքը տեղյակ է, որ ես այլ թիմից եմ»,-ասաց Գոռ Մանուչարյանը։ Վերջինս հակադարձել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ նշելով, որ չի պատրաստվում «քաղաքական հայացքների համար» աշխատանքից ազատվելու դիմում գրել։ «Հետո սկսեց բարդանալ մեր աշխատանքը։ Համայնքապետարանի գլխավոր մասնագետը գրեթե ամեն շաբաթ գալիս էր կենտրոն՝ ստուգելով աշխատանքը։ Այդ ընթացքում համայնքապետարանի մասնագետը զեկույց է գրում՝ տալիս ժամանակ, որ մինչեւ մարտի 1-ն առկա թերությունները շտկենք։ Չնայած, իրենց կարծիքով թերություն համարվող երեւույթները վերացրեցինք, համայնքապետարանին տեղյակ պահեցի այդ մասին, բայց ստացա առաջին նկատողությունը»,-նշեց Գոռ Մանուչարյանը։

Դրանից հետո աուդիտ է նշանակվում, մեկ ամիս ստուգում են իրականացնում կենտրոնում․ այս դեպքում էլ ոչինչ չի հայտնաբերվում։ Սակայն, չգիտես ինչու, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը Գոռ Մանուչարյանին նորից կարգապահական տույժ՝ նկատողություն է տալիս։ «Ես հրավիրեցի նրան կենտրոն, որպեսզի անձամբ համոզվի, որ նկատողությունն անհիմն է, բայց չեկավ։ Իրավունք ունեի մեկամսյա ժամկետում բողոքարկելու նկատողությունը, սակայն մինչ այդ՝ մի քանի օրից աշխատանքից ինձ ազատելու կարգադրություն է ստորագրում»,-պատմեց Գոռ Մանուչարյանը։ Դատարան ներկայացրած հայցով նախկին տնօրենը միաժամանակ պահանջել է անվավեր ճանաչել վերջին նկատողությունը։ Գոռ Մանուչարյանը մեզ հետ զրույցում շեշտեց նաեւ, որ երբ Հակոբջանյանը սկսել է նման վարքագիծ դրսեւորել, այդ ժամանակ դեռ ոչ մի պայմանավորվածություն ինքը չուներ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքի ընտրացուցակում ընդգրկվելու համար։

Aravot.am-ը փորձեց պարզել Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի տեսակետը։ Հիշեցնենք, որ վերջինս իշխող կուսակցության անդամ է եւ գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը ։ «Գոռ Մանուչարյանը երբ ուզեցել՝ գնացել է աշխատանքի, երբ չի ուզեցել՝ չի եկել։ Բազմիցս նրան բանավոր զգուշացրել էին, բայց քանի որ փոփոխություն չկար, կարգապահական տույժի ենթարկեցի եւ ազատեցի աշխատանքից։ Եթե ասում եք ՝ գործը դատարանում է, ապա թող դատարանը քննի ու որոշում կայացնի»,-մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց Արմեն Հակոբջանյանը։

Նշենք, որ նախնական հաշվարկով՝ Սիսիան համայնքի ավագանու անդամի 21 մանդատը  բաշխվելու է հետեւյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիրը» ստանալու է 8 մանդատ, «Աշխատանք եւ Արդարությունը»՝ 5 մանդատ, «Ապրելու երկիրը»՝ 4 մանդատ, «Մեկ Հայաստան» եւ «Հանուն Հանրապետություն» կուսակցությունները՝ 2-ական մանդատ։ Այսինքն ոչ մի ուժ չի հավաքել 50 տոկոսից ավելին ու պարզ չէ, թե որ ուժն է ստանձնելու համայնքային իշխանության ղեկը։

 

Լուսանկարը՝ Գոռ Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930