Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Ոչ մի օր հանգիստ չենք թողնելու, մենք մեր օրակարգի տերն ենք». Արման Բաբաջանյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հետ փակ հանդիպման մասին

Սեպտեմբեր 30,2022 22:12

Այսօր ԱԺ պաշպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ իր աշխատասենյակում փակ հանդիպում էր ունեցել ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ ներկայացնող քաղաքական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումը արդեն ԶԼՄ-ներում ներկայացվում է, թե՝ մի խումբ «հակառուս» մարդկանց ՔՊ-ականն իր աշխատասենյակում ընդունել է: Ինչպես պարզեցինք, այդ հանդիպմանը քննարկել են ոչ միայն ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորություններն ու ռիսկերը, այլ նաեւ Հայաստանի անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, ռազմավարական խնդիրներ, արտաքին հետախուզության, սպառազինման ու ոստիկանության մասին:

Aravot.am-ի հետ զրույցում հանդիպմանը մասնակցած Ռուբեն Մեհրաբյանը, Էդգար Առաքելյանն ասել էին, որ գոհ են արդյունքներից: Բայց թե ո՞րն է արդյունքը՝ պարզ չէ: Մենք «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանից հետաքրքրվեցինք՝ դո՞ւք էլ եք շատ գոհ Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպումից, ի՞նչ արդյունք է դա տվել: Նա պատասխանեց. «Մենք արդյունքի հետևից չենք գնացել, շարունակելու ենք հանդիպել այլ պատասխանատուների հետ: Ոչ մի օր հանգիստ չենք թողնելու: Մենք մեր օրակարգի տերն ենք»:

Ճշտեցինք՝ միայն ձեր տեսակետներն եք ներկայացրել, նա լսել է եւ վե՞րջ՝ պարոն Բաբաջանյանը պատասխանեց. «Խոսել ենք բոլորս»: Թե ի՞նչ են ակնկալում այդ հանդիպումների շարքից՝ նա ասաց. «Ճնշում գործադրել, հանրային տրամադրությունները փոխանցել»:

Դիտարկմանը՝ Ձեր տեսակետը հանրային է, պիտի որ իրենք անգիր իմանային, ո՞րն է հավելյալ փոխանցելու անհրաժեշտությունը՝ Արման Բաբաջանյանը պատասխանեց. «Մեր նպատակը ոչ միայն փոխանցելն է, այլեւ լսելը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930