Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում դասասենյակներից մեկն անվանակոչվեց Ռաֆայել Ղազարյանի անունով

Հոկտեմբեր 20,2022 16:09

Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում Արցախի պաշտպանության բանակի կապիտան, թիկունքի հրամանատար Ռաֆայել Ղազարյանի անձնական իրերն ու շնորհակալագրերն արդեն իրենց անկյունն ունեն։ Դպրոցում տեղի է ունեցել կապիտանի անվան դասասենյակի անվանակոչության արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Լոռի բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը, Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյաներ, Տեր Մամբրե քահանա Ոսկանյանը, դպրոցի ուսուցչական անձնակազմը, աշակերտները, զոհված հերոսի հարազատներն ու ընկերները։

Գոռ Ասրյանն իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից երախտիքի խոսք հայտնեց հերոսի հարազատներին և դպրոցի ուսուցիչներին՝ նրան հայրենասիրական ոգով կրթելու ու դաստիարակելու համար։

– Մեր տղաներն ընկան հանուն մեր երկրի անկախության ու մեր լավ ապագայի։ Բոլորիս սրբազան պարտքն է պատվով հիշել մեր հերոսներին և նրանց օրինակով դաստիարակել գալիք սերունդներին: Դրա վառ արտահայտությունը հերոս Ռաֆայել Ղազարյանի անունով դասասենյակի անվանակոչումն է: Փա՛ռք բոլոր անմահացած տղաներին,- ասաց Գ․ Ասրյանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց Ռ․ Ղազարյանի անցած մարտական ուղին։ Ի հիշատակ Ռաֆայելի քաջագործությունների՝ միջոցառման ավարտին փոխմարզպետ Գոռ Ասյանը դպրոցի բակում տնկեց հերոսի անվանական ծառը։

Իր կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրած կապիտանը ծնվել է 1993 թվականին Ստեփանավան քաղաքում։ Մանկության տարիներն անցել են Մոլդովայում, սակայն շուտով վերադարձել է Հայաստան։ Ռաֆայելը նախ սովորել է Ստեփանավանի թիվ 2 դպրոցում, ապա Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, որից հետո Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

Քաջ մարտիկը թշնամու դեմ կռվել է նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին։ Զոհվել է 2020թ. հոկտեմբերի 2-ին՝ Ջրականի պաշտպանության համար ընթացող թեժ մարտերում։

Հայկական բանակի ամրապնդման գործում զգալի ավանդի համար Ռաֆայել Ղազարյանը պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով և բազմաթիվ պատվոգրերով։

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31