Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը՝ ինքը, Արցախը չի ճանաչել իր տարածքային ամբողջականություն: Երբ Հայաստանն ասում է՝ Ղարաբաղն Ադրբեջանի մասն է, դա իրեն ոչ մեկը թույլ չի տալիս, դա լկտիություն է. Սամվել Բաբայան. «Հրապարակ»

Նոյեմբեր 02,2022 10:43

Զրուցել ենք Արցախի ԱԽ նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։

– Հանդիպման նախորդ օրն Արցախում մեծ հանրահավաք տեղի ունեցավ․ կոչեր՝ ուղղված ՀՀ իշխանություններին, հանրահավաքն ընկալվեց իբրեւ պահանջ առ ՀՀ իշխանություն, որ ընդունեն խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը, որից Արցախի հարցը դուրս չի մնացել։

– Բազմահազարանոց հանրահավաք են արել, ներկայացրել են, որ Ադրբեջանի կազմում չեն լինելու, բայց դա ի՞նչ կապ ուներ Սոչիի հետ՝ ես չգիտեմ։ Ադրբեջանը բազմիցս ասել է, որ դա իմ ներքին խնդիրն է։ Դուք որ ասում եք՝ պահանջում են, որ Հայաստանի իշխանությունն ընդունի այս կամ այն տարբերակը, բայց խնդիրը դա չէ, այն է, որ Ադրբեջանը ո՛չ այս կողմի տարբերակն է ընդունում, ո՛չ այն եւ շարունակում է պնդել, որ Արցախի հարցն իր ներքին խնդիրն է։

– Հիմա ի՞նչ եք առաջարկում, ո՞րը պիտի լինի հայկական կողմի անելիքը, հաշտվե՞լ Ալիեւի ցանկությունների ու հայտարարությունների հետ։

– Ոչ, մեր անելիքն իրավական դաշտում է, մենք պետք է լավ պատրաստված դիմենք միջազգային դատարան, փորձել միջազգային մանդատ ստանալ, որ դա Ադրբեջանի ներքին խնդիրը չէ։ Երկրորդ՝ փորձել դատարանով ապացուցել բոլոր այն փաստաթղթերի ճշմարտացիությունը, որոնք գոյություն ունեն։ Զուգահեռ վերադառնալ նորից ուժեղ ինքնապաշտպանության, ի վերջո, ցանկացած ժողովուրդ ինքնապաշտպանության իրավունք ունի։ Արցախի խնդրի հարցում այս երկու ճանապարհն է, երրորդը չկա, ուզում եք՝ ակնկալիքներ ունեցեք, ուզում եք՝ հետո դրանցով կիսվեք, պատմեք իրար, ուրախացեք, բայց դրանից, ըստ էության, բան չի փոխվելու։

– Բայց ինչո՞ւ՝ Ադրբեջանի համար ընդունելի չէ՞ վաշինգտոնյան տարբերակը, որում փաստացի ներառված չէ Արցախի կարգավորման հարցը։

– Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը մեկ անգամ չի ասել, որ դա Ղարաբաղի ներքին խնդիրն է, ես իմ ժողովրդի մի մասի հետ այդ խնդիրը կկարգավորեմ, հիմա ԱՄՆ-ի տարբերակ լինի, թե Ռուսաստանի՝ իր համար գոյություն չունի, նա չի ընդունում, չի քննարկում։ Եթե խաղաղության պայմանագրի մեջ պիտի նշվի, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս, ապա Հայաստանը չի կարող եւ իրավունք չունի Արցախի ժողովրդի փոխարեն որոշի։ Դուք մոռանում եք, որ Արցախն անկախ պետություն է եւ ինքն է որոշելու՝ Ադրբեջանի մա՞ս է, թե՞ ոչ։ Սա պետք է մենք գիտակցենք, որ թե՛ ամերիկացիների, թե՛ ռուսների, թե՛ ֆրանսիացիների համար ամեն ինչ պարզ լինի։ Արցախը, բոլորի նման, 91 թվականին ինքնուրույն հռչակագիր է ընդունել, դարձել անկախ պետություն․․․

– Որն աշխարհը չի ճանաչել։

– Մի րոպե, դա Հայաստանի խնդիրը չէ, ուզում է՝ թող գնա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչի, այդքանով իր իրավունքները վերջանում են, երբ որ ասում է՝ Ղարաբաղն Ադրբեջանի մասն է, դա իրեն ոչ մեկը թույլ չի տալիս, դա լկտիություն է։

– Լկտիություն է, ինչ է, բայց ՀՀ իշխանություններն ասում են, որ աշխարհը վաղուց է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, նման դիրքորոշում ունեցող իշխանությունը կարո՞ղ է իրավական ճանապարհով հասնել Արցախի ճանաչման։

– Իրավական փաստաթղթեր կան, ով չգիտի եւ ասում է, որ աշխարհն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, պետք է պատմություն իմանա, Ադրբեջանը՝ ինքը, Արցախը չի ճանաչել իր տարածքային ամբողջականություն։ Ադրբեջանի անկախության հռչակագրում գրված է, որ անկախ Ադրբեջանը ձեւավորվել է 1918 թվականի դեմոկրատական Ադրբեջանի սահմաններով, իսկ Արցախն Ադրբեջանի կազմում մտցվել է 1921 թվականին։ Այսինքն, Ադրբեջանը՝ ինքը, Արցախը չի ճանաչել իր մաս, հիմա որ ասում եք՝ «մենք ճանաչում ենք, ձեր ցավը տանենք, ադրբեջանցիք», ինչի՞ համար եք ասում։ ․․․Հա, ՄԱԿ-ն ընդունել է դա ու կոպիտ սխալ է արել, որովհետեւ ՄԱԿ կանոնադրության մեջ գրված է, որ եթե մի պետության տարածքում կոնֆլիկտներ են զարգանում, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ ՄԱԿ-ն իրավունք չունեն այդ պետությանը միջազգայնորեն ճանաչել, Ադրբեջանը մի շարք պայմանավորվածություններ է կորցրել, երբ անդամակցել է ՄԱԿ-ին, որովհետեւ խախտել է բոլոր պարտականությունները։ Դրա համար եմ ասում՝ պետք է գնալ իրավական ճանապարհով։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930