Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ունենք 44-օրյա պատերազմում «Ես եմ» ծրագրից զոհված քաղաքացիներ, ում պատվովճարը՝ 5 մլն դրամը հնարավոր չէ գործող օրենքով տալ ընտանիքներին». Սուրեն Պապիկյան

Նոյեմբեր 14,2022 15:25

Այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այդ նախագծով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար ու դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից որակավորման ատեստավորման անցնելով: Ժամկետային զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո հնարավորություն կունենա դառնալ պայմանագրային զինծառայող՝ կնքելով հնգամյա պայմանագիր:


ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հարցրեց՝ նախագծով պայմանագրային զինծառայողների պայմանագրի ժամկետը երբ դադարում է առողջական խնդիրների պատճառով, հաշվարկվում է պատվովճար, այդ տեսանկյունից խտրականություն չկա՞ սովորական շարքային զինծառայողի նկատմամբ, որն առողջական խնդրի պատճառով իր ծառայությունը դադարեցնում է: Նա նաեւ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ «Ես եմ» ծրագրով 3 տարի էր սահմանված ծառայությունը, այս նախագծով՝ 5 տարի:

Պապիկյանը հորդորեց, որ այս նախագիծը չհամեմատեն «Ես եմ» ծրագրի հետ, որովհետեւ փաստացի «Ես եմ»-ը բնականոն ավարտվում է. «Ըստ էության մենք չունենք շահառուներ, ունենք 2 շահառու, այլեւս նպատակահարմար չէ շարունակել: Եվ երկրորդ՝ մենք ունենք 44-օրյա պատերազմում «Ես եմ» ծրագրից զոհված քաղաքացիներ, ում պատվովճարը՝ 5 մլն դրամը հնարավոր չէ գործող օրենքով տալ ընտանիքներին: Նախագծով մենք կարգավորում ենք նաեւ այս հարցը»: Ինչ վերաբերվում է անարդարությանը, Պապիկյանը չհամաձայնեց՝ ասելով, որ եթե մարդը ծառայության բերումով առողջություն է վնասել, պարտավոր են վճարել նախատեսվող 5 մլն դրամը:
Փորձագետ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ օրինագիծը չափազանց կարեւոր է. «Աշխարհում պայմանագրային զինծառայության մտնելու ամենամեծ բումը եղել է 90-ականներին ու հաջողել են այն պետություններում, որտեղ տարբեր գրավչությունների միջոցով հասել են նրան, որ պայմանագրային զինծառայող եղել են 18-25 տարեկան տարիքում: Եթե այդ ժամանակ չես կարողանում հրապուրես, հատկապես համազորային ստորաբաժանումներում, ապա այդ ինստիտուտը կայացած չի: ԱԹՍ օպերատորի կամ ՀՕՊ զորքերի պայմանագրայինի մասին չեմ խոսում»: Նա համոզմունք հայտնեց, որ նախագիծը մեծ խնդիրներ է լուծելու. «Որպես կանոն, պայմանագրային զինվորական ինստիտուտ ունեցող պետություններում 35 տարեկանից հետո անցնում են այլ ծառայության, հիմնականում մեր երազանքների պլաններից ինստրուկտորների ինստիտուտն են ապահովում, որը ամենակարեւոր ինստիտուտներից է՝ մեր մարտական ապագան պատկերացնելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930