Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ձայնագրության մեջ չկա խոսակցություն՝ «հեռու մնացեք ուսանողներից, փոխարենը Թոռնիկ Ալեյանը խոսում է գումարի մասին»

Դեկտեմբեր 01,2022 14:51

«Չէ, ես անկեղծ, երբեւէ այդպիսի ինչ-որ խոսակցություններ չեմ լսել: Երբեք»,- դատարանում, մեղադրողի հարցին՝ երբեւէ այնպիսի խոսակցություն եղե՞լ է, որ, օրինակ, ուսանողներին, օրական 1000 դրամով ինչ-որ աշխատանքի տանելու մասին, այսպես պատասխանեց Ագրարային համալսարանի ուսանող Մաշա Վարդանյանը:

Մաշա Վարդանյան

Նա «Համախմբում» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանի գործով վկաներից է: Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում էր Ավետիք Չալաբյանի գործով նիստը:

Hearings of the member of the ‘Unification’ movement, public-politician Avetik Chalabyan’s case took place at the Court of First Instance of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative Districts

Հիշեցնենք, որ «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար։ Նրա պաշտպանական թիմը հայտարարել է. «Մեղադրանքի հիմքում դրված է ընդամենը մեկ մոնտաժված և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի համարվող ձայնագրություն, որում Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի անում: Հակառակը, ի պատասխան ակնհայտ պրովոկացիա իրականացնող զրուցակից Թոռնիկ Ալեյանի հարցադրումների, պատասխանում է, որ «կյանքում կան ոչ նյութական արժեքներ, որոնք ավելի կարևոր են»։ Ալեյանն առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ Ավետիք Չալաբյանը երբեք իրեն գումար կամ այլ նյութական շահ չի առաջարկել հավաքներին մասնակցելու համար։ Չկա որևէ ցուցմունք, այդ թվում՝ Թոռնիկ Ալեյանի, որով շոշափվում է նյութական շահագրգռվածության հասցեատեր որևէ երկրորդ անձի անուն»։

«Էմմա Սարգսյանը ինձ խնդրեց, կոնկրետ ամիս-ամսաթիվը չեմ հիշում, մենք հեռու ազգակցական կապ ունենք մամայիս կողմից, ինքը մեր համալսարանում որպես հրավիրյալ դասախոս էր աշխատում, որպեսզի տրամադրեմ մեր ուսխորհրդի նախագահի՝ Թոռնիկ Ալեյանի համարը: Ես էլ ուղարկեցի ու հետագայում ինչ-որ եղել է, ես ոչ մի բանից տեղյակ չեմ եկել՝ ինչ է կատարվել»,- դատարանում վկայի ցուցմունքը սա էր:

Հետո Մաշա Վարդանյանը «հաղորդակ» հավելվածով ճշտեց իր եւ Էմմա Սարգսյանի խոսակցության ժամանակագրությունը՝ 2022 թվականի մայիսի 2 ու հավելեց, որ Էմման իրեն ասել է, որ համալսարանի համար ծրագրեր ունի, այդ պատճառով է ուսխորհրդի նախագահի համարը իրեն պետք:

Մեղադրողը հետաքրքրվեց՝ այդ ժամանակահատվածում լսե՞լ է խոսակցություններ՝ ցույցերի մասնակցելու մասին: Վկան պատասխանեց, որ զբաղված էր իր պետական քննություններով եւ խիստ սահմանափակ էին իր տեղաշարժերն ու շփումները ու հավելեց, որ իր մոտ քաոսային վիճակ էր ու իր համար շատ ավելի կարեւոր էին իր քննությունները, քան քաղաքական շարժերը եւ չի հետաքրքրվել որեւէ բանով: Իսկ գործով առանցքային վկա Թոռնիկ Ալեյանի հետ, որի ցուցմունքի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործը, շփվել է ուսխորհրդի աշխատանքների շրջանակներում, ուսանողների համար մշակութային տարբեր օջախներ այցեր են եղել, այդ ընթացքում նրա հետ քաղաքական թեմաներով զրույցներ չի ունեցել, նրանից առաջարկներ չեն եղել՝ ինչ-որ քաղաքական շարժերի մասնակցելու, ինքը տեղյակ չի եղել, թե քաղաքական ի՞նչ ցույցերի է մասնակցել Թոռնիկ Ալեյանը կամ մասնակցե՞լ է արդյոք:

Hearings of the member of the ‘Unification’ movement, public-politician Avetik Chalabyan’s case took place at the Court of First Instance of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative Districts

Դատավորի հարցին ի պատասխան էլ վկան ասաց, որ ինքը ազատ է եղել իր նախաքննական ցուցմունքներում եւ որեւէ ճնշում իր վրա այդ ընթացքում չի կիրառվել:

Արմեն Սողոմոնյան

Հարցաքննվեց նաեւ Ագրարային համալսարանի ուսանող Արմեն Սողոմոնյանը: Նա հայտարարեց, որ ոչ ինքը, իր տեղեկություններով նաեւ ոչ ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալեյանը ոչ մի քաղաքական կուսակցության չեն հարում: Նա պատմեց, որ մայիս ամսին կամ ապրիլի վերջին Էմմա Սարգսյանը գալիս է Թոռնիկ Ալեյանի հետ հանդիպման՝ գործնական առաջարկով, հետո գործնական առաջարկը միանգամից «թեքում է դեպի քաղաքական կողմ»: Ըստ վկայի, Էմմա Սարգսյանն ասում է. «Պետք է հանդիպեն իր քաղաքական ղեկավարներին, ինչքանով մենք տեղյակ ենք: Դրանից հետո, գնում են հանդիպման: Հանդիպումը եղել է մի մտքով, որպեսզի զգուշացնենք, որ համալսարանն ապաքաղաքական կառույց է ու զուտ մեր կառույցից հեռու մնան: Մեր ուսանողները՝ համալսարանից դուրս, ով որ քաղաքական կառույցին կհարի, ով որտեղ կլինի, էդ արդեն իրենց որոշելիքն է, բայց համալսարանի ներսում մենք ոչ մի ուսանողի մենք ոչ մի բան ոչ պարտադրում ենք, ոչ էլ: Դրանից հետո արդեն տարածվեցին ձայնագրություններ, որ կիսատ ձայնագրություն է, թե ինչ է, որտեղ որ Թոռնիկը խոսում է ու ամեն ինչ ոնց որ ֆռռում է իրա դեմ»:

Նա մանրամասնեց, որ Թոռնիկ Ալեյանը մինչ հանդիպման գնալն իրեն եւ ուսխորհրդի անդամներից ևս երկու հոգու պատմել է, որ Էմմա Սարգսյանի հետ պետք է հանդիպեն՝ ինչ-որ ծրագրի շուրջ: Իսկ հանդիպումից հետո էլ Թոռնիկ Ալեյանն ասել է, որ Էմմա Սարգսյանն առաջարկել է հանդիպել իր քաղաքական ղեկավարների հետ: Հարցին՝ ի՞նչ նպատակով, վկան պատասխանեց՝ «եթե չեմ սխալվում՝ քաղաքական ցույցերին մասնակցելու, հետո ձայնագրությունից պարզ դարձավ՝ 2000 ուսանող, ուսանողը՝ հազար դրամով պետք է դուրս գային, մասնակցեին ցույցերի»:

Վկան ասաց, որ մինչեւ ձայնագրությունը տարածվելն իրենք Թոռնիկ Ալեյանի հետ չէին խոսել, այդ ամենն իմացել են ձայնագրությունից ու հետո արդեն Թոռնիկն իրենց ասել է՝ «եկել են, ըսենց բան են առաջարկել»: Թե ովքե՞ր են առաջարկ անողները՝ վկան հստակ չասաց, ասաց, որ ձայնագրության մեջ տարբեր ձայներ են լսվում, ինքը չգիտի: Թոռնիկ Ալեյանի խոսքով, Էմմա Սարգսյանն է եղել ու էլի ինչ-որ մեկը: Վկան տեղյակ չէ, թե ո՞վ է այդ ձայնագրությունը կատարել: Վկան նաեւ ասաց, որ ինքը հստակ չի կարող ասել՝ Թոռնիկ Ալեյանն իրեն արված առաջարկն ընդունե՞լ է, թե» ոչ, բայց նաեւ հետագայում մի քանի անգամ կրկնեց, որ այդ հանդիպմանը Թոռնիկ Ալեյանը գնացել էր ասելու, որ համալսարանն ապաքաղաքական կառույց է ու իրենք չեն մասնակցելու քաղաքական գործընթացների:

Hearings of the member of the ‘Unification’ movement, public-politician Avetik Chalabyan’s case took place at the Court of First Instance of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative Districts

Պաշտպանական կողմի հարցերին էլ պատասխանելով՝ վկան կրկնեց, որ Թոռնիկ Ալեյանի հետ հանդիպել են հայտնի ձայնագրության հրապարակումից հետո, մինչ այդ ինքը քաղաքում չի եղել, ու այդ հանդիպման վերաբերյալ նա ասել է. «Ոնց որ լրիվ ձեռառնելիք լինի, ուսանողի դիմաց՝ հազար դրամ, սենց, մեր ուսանողների ձենը ոչ վաճառվում է, ոչ մի բան, չգիտեմ ինչի տեղ են դրել մեր ուսանողներին, որ մտածում են, թե հազար դրամով կարող է ուսանողի ձեն առնեն: Ըտենց, կոնկրետ վիրավորական է, որ մտածում են, որ ուսանողը պիտի հազար դրամի դիմաց դուրս գա փողոց»: Նա ասաց, որ Թոռնիկ Ալեյանը ոչ թե գումարի չափից էր դժգոհ, այլ վերաբերմունքից: Թե ովքե՞ր են առաջարկն արել՝ Թոռնիկ Ալեյանը անուն չի նշել:

Վկան ասաց, որ ձայնագրությունը լսել է, բայց հստակ չի կարող ասել, թե գումարի մասին ո՞վ եւ ե՞րբ է խոսում: Ձայնագրությունը լսելուց հետո ինքը տպավորություն է ունեցել, որ տարբեր վայրերում են դրանք արվել ու հրապարակված է կիսատ:

Պաշտպան Վարազդատ Հարությունյանը հետաքրքրվեց՝ Թոռնիկ Ալեյանին հարցրե՞լ են, ինչո՞ւ ձայնագրության մեջ չկա խոսակցություն այն մասին, որ հեռու մնան ուսանողներից, ԲՈՒՀ-ից, քանի որ իրենք ապաքաղաքական են, փոխարենը,ձայնագրության երկրորդ մասում Թոռնիկ Ալեյանն ինքն է խոսակցություն տանում գումարի մասին: Վկան ասաց, որ ձայնագրության մեջ Թոռնիկ Ալեյանը կարծես կրկնում է՝ «ճի՞շտ հասկացա, երկու միլիոն դրամ՝ երկու հազար ուսանողի դիմաց» ու եզրակացրեց, որ մինչ այդ նրան կարծես առաջարկ եղել է, թե ձայնագրությունն ով ու ինչպե՞ս է կտրել՝ ինքը չգիտի: Պաշտպանը պնդեց՝ եթե «Դալան» ռեստորանում կայացած հանդիպման ժամանակ ինքը մերժել է իրեն արված առաջարկը, ինչպե՞ս է եղել, որ նորից է հանդիպում կայացել: Վկան պատասխանեց. «Հանդիպման ժամանակ, իր ասածով՝ ինքը մերժեց: Դրանից հետո Էմման նորից գալիս է հանդիպման ու արդեն հանդիպման ժամանակ ասում է, որ քաղաքական թեմայով կարծում են, որ կարող ենք համագործակցել ու այդ ժամանակ արդեն, կարծեմ գնում է գումարի մասին խոսակցությունը»:

Վարազդատ Հարությունյանը հետագայում մի քանի անգամ էլ հարցրեց, թե ինչո՞ւ Թոռնիկը չի մերժել առաջարկը, ավելին, ինքն է գումարի մասին խոսում ու հստակ պատասխաններ չստանալով՝ տարակուսեց՝ թե ինչո՞ւ Թոռնիկին չեն ասել՝ փոխարենը գնաս ու մերժես առաջարկը, դու ես գումարի մասին խոսում, ի՞նչ էիր ուզում անել, պետք էր սադրե՞լ, որ գումարի մասին խոսեիք, թե՞ պետք էր գումարի մասին խոսել: Դատավորը հարցը հանեց՝ պատճառաբանելով, որ հարցին պատասխան արդեն հնչել է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031