Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը նշաձողն իջեցրեց այնքան, որ այն հատակին է հասել․ Արցախի կարգավիճակի հարցը չի քննարկվում»․ Վահե Հակոբյան

Դեկտեմբեր 10,2022 14:25

«Մարտահրավերներն ամեն օր շատանում են եւ հիմա դժվար է դրական կանխատեսումներ անել Արցախի հիմնախնդրի դրական լուծման մասին։ Միակ ելքը համախմբումն է»,-«Վերածնվող Հայաստան» կուսակցության կազմակերպած՝ Արցախի Հանրապետության անկախության օրվան՝ դեկտեմբերի 10-ին նվիրված քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

Նա նշեց․ «Այսօր արեւմուտքն ու ՌԴ-ն պայքարում են մեր տարածաշրջանի համար։ Արեւմուտքը ցանկանում է  դուրս մղել ՌԴ-ին։ Սրա արդյունքում ունենք ԵԱՀԿ ՄԽ-ի փաստացի պարալիզացում։ Այլ հարթակներում բանակցություններ են ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ։ ՀՀ իշխանությունը որոշել է անգամ այս վիճակից դիվիդենտ քաղել եւ ՀՀ-ին անվերջ ներքաշել շահերի բախման այս պայքարի մեջ։ ՌԴ-ն եւ արեւմուտքը ճնշում են կողմերին, որ հենց իրենց միջնորդությամբ ձեռք բերվեն պայմանավորվածություններ եւ իրագործվեն իրենց վերահսկողությամբ։ Արդյունքում Ադրբեջանի ախորժակն ամեն օր աճում է։ Մեծանում է Բաքվի դերը Մոսկվայի եւ արեւմուտքի համար։ ՀՀ իշխանությունը շարունակ զիջումների է գնում եւ իջեցնում նշաձողը՝ այնքան, որ այն հատակին է հասել․ այնպես, որ արդյունքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցն առհասարակ չի քննարկվում։ Արցախի կարգավիճակի հարցը չի բարձրաձայնվում»։

Վահե Հակոբյանի խոսքով՝ հասել ենք նրան, որ համատեղ հայտարարություններում անգամ Արցախը չի հիշատակվում․ «Այսպես կոչված ադրբեջանցի «բնապահպանները» փակում են Արցախ-ՀՀ միակ ճանապարհը, իսկ ՌԴ խաղաղապահների ղեկավարը նրանց խոսում է անցակետ դնելու պայմանավորվածության մասին։ Անկախ նրանից, թե որքանով դա հերքվեց, ուղղակի ամրագրենք, թե ուր ենք հասել։ Մեր խայտառակ կառավարությունը շարունակում է հպարտորեն խոսել խաղաղության օրակարգի մասին եւ նպատակ սահմանում «Արցախի հայության իրավունքների» եւ ոչ թե Արցախի անվտանգության, կարգավիճակի երաշխավորումը։ Ադրբեջանն արդեն ասում է, որ Արցախի հայերին պատրաստ է ինտեգրել՝ որպես իր քաղաքացիներ։ Ոչ մի կարգավիճակ Արցախի համար, ուղղակի քաղաքացիների իրավունքներից են խոսում։ Բոլորս հասկանում ենք, որ անգամ դա է սուտ Ադրբեջանի պարագայում։ Ալիեւն արդեն այնքան վստահ է, որ միջնորդների ներկայությամբ հայտարարում է, թե հակամարտության էջը փակված է։ Սա զարմանալի չէ, որովհետեւ ՀՀ իշխանությունը ոչ մի խնդիր չի լուծել եւ քննարկում է Ադրբեջանի առաջարկները, ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը»։

Ըստ Վահե Հակոբյանի՝ Փաշինյանը եւ իր խմբակը ոչ թե ՀՀ-ին եւ Արցախին են պաշտպանում, այլ իրար հակասող խոստումներ տալիս Բրյուսելում եւ Մոսկվայում, օր առաջ ցանկանում երկարաձգել իրենց իշխանությունը․ «Փաշինյանը ցանկանում է առաջ գնալ հենց արեւմուտքի պլանով, որովհետեւ հույս ունի, որ դրա կյանքի կոչումով ՀԱՊԿ-ը ՀՀ-ից հանելու առաքելություն կստանա ու այդ կերպ ժամանակ կձգի իր պաշտոնի համար։ Իսկ արեւմուտքի պլանն անգամ չի անդրադառնում Արցախի կարգավիճակին եւ ինքնորոշման իրավունքին։ Արեւմուտքն օր առաջ ցանկանում է ամրագրել, թե ՀՀ-ն այլեւս խնդիրներ չունի Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, հետեւաբար, չկա ՌԴ-ի ներկայության կարիքը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031