Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իրականացնում է «հստակ գծված, ուղղորդվող, ամենատարբեր ուժային կենտրոնների կողմից ֆինանսավորվող քաղաքականություն». Հայկ Մամիջանյան

Հունվար 13,2023 21:55

ՀՀ գործող իշխանություններից Հայաստանի եւ Արցախի համար ինչ-որ երաշխիքներ պահանջելն, ըստ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի, կլիներ նույնը, ինչ սերիական մարդասպանից դատարանում պահանջել, որ այսուհետ նա իրեն խելոք է պահելու:

Այսօր, ՀՀԿ ԳՄ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, Հայկ Մամիջանյանն ասաց. «Նմանօրինակ երաշխիքներ այս իշխանությունը տալ չի կարող: Այս իշխանության որոշ ներկայացուցիչներ, որոնք իրենց մարդկային եւ որակական հատկանիշներով իրավունք չունեն զբաղեցնել իրենց զբաղեցրած պաշտոնները: Մասնավորապես, ԱԽ քարտուղարի մասին եմ խոսում. իմ խորին համոզմամբ, կատարում են հստակ գծված, ուղղորդվող եւ, ինչու չէ, նաեւ ֆինանսավորվող՝ ամենատարբեր ուժային կենտրոնների կողմից քաղաքականություն»:

Հայկ Մամիջանյանը հիշեցնում է, որ գործող իշխանությունը ոչ միայն ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումն է մերժել, այլ մի քանի ամիս առաջ մերժեց նաեւ ՀԱՊԿ աջակցության փաթեթը, որը իր մեջ պարունակում էր նաեւ ռազմական աջակցություն՝ հիմնվելով, իր համոզմամբ, անհամադրելի բացատրության վրա: Ուստի, այս իրավիճակում, երաշխիքներ ակնկալել նրանցից, ընդդիմադիր գործիչն անիմաստ է համարում:

Հայկական երկու պետությունների ղեկավարների տարաձայնությունները, ստեղծված իրավիճակում, ըստ Հայկ Մամիջանյանի, միակ փրկօղակն են՝ հայկական երկու հանրապետությունների գոյատեւման համար: Նրա գնահատմամբ, շատ ավելի ցավալի կլիներ, եթե Արցախի իշխանությունները համամիտ լինեին Արցախի հանձնման հետ: Ընդդիմադիր գործիչը զգուշացնում է՝ թույլ չեն տալու, որ Նիկոլ Փաշինյանը գրանցի իր ակնկալած արդյունքները:

Այս գործընթացների համատեքստում, Հայկ Մամիջանյանը, որպես «վերջին անհույս խռխռոց» է ընկալում այսօր, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ կատարվածը, ՀՅԴ-ական գործիչների հետ կատարվողը, մի քանի օր առաջ, ՀՀԿ-ական երիտասարդների հետ կատարվածը: Նա հայտարարում է, որ այս գործողություններն իրենց ավելի ուժեղ են դարձնում եւ երկու քաղաքական ուժերն էլ փորձ ունեն ի շահ ՀՀ-ի՝ ընդհատակում գործելու. «Նպատակը մեկն է՝ փրկել սեփական կաշին եւ կաշեպատ աթոռը: Փաշինյանն ու իր խմբակը՝ շատ ավելի լավ, ուժեղ ու շատ ավելի՝ իրենց համար վտանգավոր են զգում իրենց հեռացման եւ վերջապես ՀՀ-ին արժանապատվության վերադարձման հոտը եւ շատ ավելի վախվորած են, քան մեր որոշ ընդդիմադիր գործընկերներ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031