Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Այսօր 73-ամյա Գուրգեն Խանջյանը դարձյալ երիտասարդների կողքին է` խորհուրդներով և դիտարկումներով, այսօրվա և վաղվա մասին զրույցներով

Հունվար 25,2023 16:24

Նրան շատերը կտեսնեն քաղաքում` քայլելիս կամ գրախանութներում` գրքերի շապիկներին։ Նրա խորաթափանց հայացքն ու չերկմտող ժպիտը բոլորը կտեսնեն, հատկապես նրանք, ովքեր մի օր գալիս են ՀԳՄ` «Գրեթերթի» խմբագրություն։

Նրա աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն են ունեցել Ֆեոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրները», Ֆրանց Կաֆկայի «Դատավարությունը», իսկ պատանեկան տարիքում` Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներն» ու այդ շարքի մյուս գրքերը:

Նրա ստեղծած գրականությունը կլանող է, ենթատեքստերով հարուստ, հոգեբանական խորությամբ ինքնատիպ։ Ինքնատիպ է նաև նա։

Լուսանկարը` Ռոբ Ֆրանգյանի

Գուրգեն Խանջյան. արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ։ «…ես Գուրգեն Խանջյանն եմ, ինչ-որ բանի համար իջեցված եմ այստեղ, և այդ ինչ-որ բանը պիտի անեմ իսպառ, ուզեք թե չուզեք: Կամ էլ խռովություն կբարձրացնեմ ու էլ չեմ անի:

Սակայն, կարծում եմ, դա միամիտ ինքնախաբեություն կլինի, որովհետև եթե չանեմ` երևի հենց դա էի անելու… Այլ կերպ ո՞նց… Մեծ Ծածկույթից դուրս մնալ անհնարին է, պահմտոցի չենք խաղում, փախուստի տեղ տիեզերքում չկա, և դա լավ է, որովհետև եթե լինի` պատկերացնո՞ւմ եք այդ սոսկալի լքվածությունը…». սա հատված է Գուրգեն Խանջյանի հարցազրույցից։ Նոր հարցազրույց չէ, բայց չի էլ կարող հին լինել, որովհետև նա Գուրգեն Խանջյանն է…

Այսօր 73-ամյա Գուրգեն Խանջյանը դարձյալ երիտասարդների կողքին է` խորհուրդներով և դիտարկումներով, այսօրվա և վաղվա մասին զրույցներով։ Իսկական մտավորականի խոսքը միշտ էլ արժեք ունի, անքննարկելի արժեք։

Գուրգեն Խանջյանը դստեր` Մանեի հետ

Լուսանկարները` Աշոտ Ստեփանյանի

Ընկերս` արձակագիր, լուսանկարիչ Աշոտ Ստեփանյանն ասում է. «Շատ բարդ է գրականությամբ չհետաքրքրված մարդկանց պատկերացնել, թե մեր սիրելի գրողն ինչ մեծ ժառանգություն է թողել ու թողնելու մեզ։ Այդ մարդկանց մտքով չի էլ անցնում, որ 21-րդ դարում, Հայաստանում մենք ունենք էս մեծության գրող, ով մեզ հետ պտտվում է փողոցներում»։ Այստեղ շատ մտածելու բան կա` գրականությունն ինչքանով է կարևոր ժամանակակից մարդու կյանքում, ինչ տեղ ու դեր ունի մեր առօրյայում ընդհանրապես։ Գրականությունը, մեծ հաշվով, կյանքի խնդիրն է։

Իրականությունն ու Խանջյանի միտքը, խոսքը, սպասումը, կարոտը, աշխարհը տեսնելն ու աշխարհին պատմելն այնքան ներդաշնակորեն են միահյուսված։ Նրա ողջույնն ամեն քարին, շենքին, ծառին այնքան բնական է ու խորհրդավոր, նոր բովանդակություն հաղորդող։ Սա վկայում է մարդ-երևույթի ինքնատիպ խառնվածքի մասին։

Այսօր Գուրգեն Խանջյանի ծննդյան օրն է։ Նրան մաղթենք ամրություն` կնքելով մի «պարտավորագիր», որ նա միշտ մեր կողքին, մեզ հետ լինի։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Հ.Գ. «Գրեթերթը»` Գուրգեն Խանջյանի գլխավորությամբ, տարիներ շարունակ, ավանդույթ ստեղծած, հրաշալի հարթակ է` տեսնելու ժամանակակից գրականության երիտասարդական թևի ստեղծումը, զարգացումը, առաջընթացը։ Եվ թող կանաչ լինի թերթի հետագա ճանապարհը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031