Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի հարյուր միլիոն դրամի գործարքներ են կատարվել Սեյրան Օհանյանի օգնականի՝ Արթուր Առաքելյանի անվամբ․ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վերաբերյալ նիստն էր

Հունվար 26,2023 15:53

Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի ունեցավ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան  Օհանյանից, ըստ դատախազի ապօրինի ծագման գույքի բռնագանձման վերաբերյալ նիստը։

Հայցի պահանջն է՝ Սեյրան Օհանյանից եւ նրա կնոջից՝ Ռուզաննա Խաչատրյանից բռնագանձել «Լեքսուս» ավտոմեքենա, Նալբանդյան 98 հասցեի մի քանի անշարժ գույք, Վահագնի թաղամասում գտնվող անշարժ գույքը, ինչպես նաեւ 477,4 մլն դրամ եւ 600,7 մլն դրամ։

Ըստ հայցի, որը ներկայացրեց դատախազը, 2009 թվականին Սեյրան Օհանյանի ներկայացրած հայտարարագրում հայտարարագրվել է Ռուզաննա Խաչատրյանին նվիրատվություն 3 ,7 մլն դրամ, իսկ վերջինիս կողմից հայտարարագրվել է նշված գումարով «Լեքսուս»-ի ձեռքբերում, ինչը չի համապատասխանում ՃՈ տվյալներին՝ «Լեքսուս»-ը Ռուզաննա Խաչատրյանի անունով հաշվառվել է 2011 թվականի հոկտեմբերի 3-ին: Նույն տարում, ինչպես նշեց դատախազը, այդ ավտոմեքենայի համար Խաչատրյանի վճարումը չի գտնվել բանկային քաղվածքներում։

Դատախազի ներկայացմամբ՝ մի քանի հարյուր միլիոն դրամի գործարքներ են կատարվել Սեյրան Օհանյանի օգնականի՝ Արթուր Առաքելյանի անվամբ, ինչը դատախազի կարծիքով, կապված է Օհանյանի հետ, այսինքն, այդ գործարքների հետեւում կանգնած է հենց Սեյրան Օհանյանը։

Ըստ հայցի, 2009-ի հուլիսին Արթուր Առաքելյանի անվամբ 900 հազար դոլար վարկ է ստացվել Արցախբանկից, եւ փոխարկվել դրամի, նույն օրը 29 մլն եւ 322 մլն դրամի փոխանցումներ են կատարվել Նալբանդյան 98 շենքի հինգ բնակարանի եւ մեկ տարածքի համար։

2009-ին Օհանյանի անվամբ Նալբանդյան 98 շենքում ձեռք է բերվել հինգ անշարժ գույք, ընդհանուր՝ 655 մլն դրամով, եւ ինչպես նշեց դատախազը, սա այն դեպքում, երբ Օհանյանի աշխատավարձը 2005-2009 թվականներին կազմել է ընդամենը 5,4 մլն դրամ։ Ընդ որում, նա 2008-ին 43 մլն դրամով Բագրեւանդում ձեռք է բերել հողամաս։

«Ակնհայտ է, որ Արթուր Առաքելյանը նշված գույքը ձեռք բերելու համար սեփական եկամուտներ չուներ»,-ասաց դատախազը։

Այդ գույքերը ձեռք բերելու նպատակով, ըստ դատախազի, Առաքելյանի կողմից 2009-ի հուլիս եւ հունիս ամիսներին 900 հազար դոլար գումար է կանխիկ մուտքագրվել Արցախբանկի իր հաշվին, ապա նույն ամսին եւս 900 հազար դոլար վարկ է տրամադրվել Առաքելյանին՝ անշարժ գույք ձեռք բերելու համար։ Դատախազի ներկայացմամբ՝ այդ 1,8 մլն դոլարը փոխարկվել է դրամի եւ հուլիս-սեպտեմբեր ամիսներին հինգ փոխանցումներով ուղղվել Նալբանդյան 98 հասցեի հինգ գույքի գնմանը․ «Վարկի ամսական մարմանը գումար կազմել է 10 հազար դոլար, մինչդեռ Առաքելյանի ամսական աշխատավարձը կազմել է 113 հազար դրամ։ Ակնհայտ է, որ Արթուր Առաքելյանի անվամբ գործարքները ձեւական են»։

2011-ի փետրվարի 2-ին Ռուզաննա Խաչատրյանը, ըստ հայցի, Արարատբանկի իր անձնական հաշվից 885 հազար դոլար է փոխանցել քրոջ դստերը՝ Զարուհի Բադալյանին, նույն օրը այդ գումարը Բադալյանի հաշվին փոխարկվել է դրամի եւ փոխանցվել Արթուր Առաքելյանի՝ «Արցախբանկ»-ի հաշվեհամարին՝ որպես փոխառություն վարկի մարման համար, իսկ Առաքելյանի հաշվին նորից փոխարկվել է դոլարի եւ ուղղվել Նալբանդյան 98 շենքի նշված գույքերի վարկի մարմանը։ Առաքելյանը Նալբանդյան փողոցի այդ հինգ գույքը օտարել է Զարուհի Բադալյանին ընդամենը 187 մլն դրամով, այն գույքերը, որոնք ձեռք էին բերել 600-ից ավելի մլն դրամով։ «Գումարի էական տարբերությունը վկայում է գործարքների անարժանահավատության մասին»,-ասաց դատախազը։

Ապա Նալբանդյան 98 հասցեի երկու գույքը Զարուհի Բադալյանը 2019-ին նվիրատվությամբ օտարել է քրոջը՝ Աննա Բադալյանին, իսկ նույն շենքի մյուս երեք գույքը նորից նվիրատվության պայմանագրերով 2020-ի փետրվարին օտարել է մորը՝ Ռուզաննա Խաչատրյանի քրոջը՝ Սոնա Խաչատրյանին։

Դատախազը, ինչպես հայցում է նշված, ապօրինի ծագմամբ Օհանյանի գույքի վերաբերյալ այլ մանրամասներ էլ ներկայացրեց։ Նաեւ նշեց, որ 2014-16 թվականներին Առաքելյանի կողմից մուտքեր են կատարվել Օհանյանի կնոջ Ռուզաննա Խաչատրյանի քարտային հաշիվներին, մասնավորապես՝ 23 հազար եվրո, 10 հազար եվրո, 18 հազար եվրո, 13 հազար դոլար։

Ըստ հայցի, բռնագանձման է ենթակա նաեւ Դրախտիկ համայնքում Օհանյանին պատկանող հողատարածքը, որը Օհանյանն ապօրինի է ձեռք բերել՝ զավթել է։

Սեյրան Օհանյանը առարկեց, ասաց՝ փաստերը չեմ ընդունում, ապօրինի չեմ հարստացել, եւ նշված գույքերն ինձ չեն պատկանում։

Նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստի օր նշանակվեց մարտի 9-ին, ժամը 10:00-ին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031