Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովից հանում են արդարադատության ակադեմիայի ռեկտորին

Փետրվար 02,2023 11:52

Կառավարության հեղինակած՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» մասին նախագծերի փաթեթով առաջարկվում է վերանայել «պետական շահ» հասկացությունը՝ դրանում ներառելով նաեւ «հանրային շահ»-ը։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը (լուսանկարում) ներկայացրեց մանրամասները․ «Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի իրականացման շրջանակում դատախազությանը հնարավորություն կտրվի մասնակցել եւ լուծել համայնքի միջոցների տնօրինման եւ համայնքին պատճառված վնասի դեպքում իրականացվելիք դատավարական եւ իրավական գործընթացները։ Մասնավորապես այնպիսի խնդրահարույց իրավիճակներում, երբ համայնքի ղեկավարը չտեղեկացվածության կամ շահագրգռվածության պատճառով հայց չի ներկայացնում դատարան՝ ինքնակամ շինարարությունը դադարեցնելու, դրա հետեւանքները վերացնելու, համայնքի սեփականության ապօրինի տիրապետումը դադարեցնելու եւ այլ պահանջներով։ Այս ամենը կարող է իրականացվել նաեւ դատախազության կողմից՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում»։

Փաթեթով նախատեսվում է նաեւ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովից հանել արդարադատության ակադեմիայի ռեկտորին, քանի որ կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գլխավոր դատախազին առընթեր այդ հանձնաժողովը դերակատարում ունի դատախազների թեկնածուների ցուցակը կազմելու եւ դատախազների ատեստավորման գործընթացում։ «Մյուս կողմից, արդարադատության ակադեմիան իրականացնում է ցուցակներում ընդգրկված թեկնածուների մասնագիտական պատրաստումը եւ դատախազների վերապատրաստումը։ Կսահմանվի նաեւ հանձնաժողովի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կարգ»,-տեղեկացրեց Լեւոն Բալյանը։

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագծով էլ ամրագրվում են «դատախազների խումբ» ստեղծելու իրավական հիմքերը, խմբերի ղեկավարների եւ անդամների լիազորությունները։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հետաքրքրվեց՝ հանձնաժողովի կազմում արդարադատության ակադեմիայի ռեկտորի ընդգրկումն ինչո՞վ է հիմնավորվել, որ հիմա ուզում են հանել։ Լեւոն Բալյանը, որն արդարադատության նորանշանակ փոխնախարարն է, պատասխանեց․ «Ճիշտն ասած չեմ կարող ասել նախկին հիմնավորումը, տեղյակ չեմ»։

Ապա Վիգեն Խաչատրյանն ասաց, որ իր համար հասկանալի չէ, որ այդ որոշումը պայմանավորված է շահերի բախումով, ի՞նչ շահերի բախման մասին է խոսքը։ Փոխնախարարը պատասխանեց․ «Վերապատրաստումը, որն իրականացվում է ակադեմիայում, իրականացվում է ակադեմիայի ռեկտորի գլխավորությամբ, եւ ընդհանուր պատկերացումն այն է, որ այս երկու գործառույթները կարող են հակասություններ ունենալ»։

Վիգեն Խաչատրյանը պնդեց հարցադրումը՝ ի՞նչ հակասություններ կարող են առաջանալ։ Լեւոն Բալյանը կրկին տվեց ոչ կոնկրետ պատասխան․ «Չգիտեմ, գործնականում շատ այդպիսի հարցեր կարող են առաջանալ»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ իր հերթին նկատեց․ «Վեց տարի կա այս կարգավորումը։ Շահերի բախման դեպքեր նախկինում եղե՞լ են։ Օրինակ կա՞»։ Հարցի պարզաբանումը փոխնախարարը վերապահեց նիստի հրավիրյալ՝ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։ Նրա ելույթի մասին՝ շուտով։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728