Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է պատմել Արարատ Միրզոյանը եվրոպացի պատգամավորներին Ռուսաստանի մասին

Փետրվար 02,2023 12:22 Share

«Հունվարի 23-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում։ Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում հանդես կգա ելույթով, որտեղ անդրադարձ կկատարի Հարավային Կովկասում կայունության և անվտանգության խնդիրներին, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին, ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը։ ԱԳ նախարարը նաև կպատասխանի Եվրոպական խորհրդարանի անդամների հարցերին». մեջբերումը ՀՀ ԱԳՆ խոսնակի՝ մոտ երկու շաբաթ առաջ կատարած ֆեյսբուքյան գրառումից է, որը իրազեկում էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բրյուսելյան այցի, նախատեսվող հանդիպումների եւ քննարկման օրակարգերի մասին։

Առաջին հայացքից տարօրինակ ոչինչ չկա, բայց հետագա զարգացումները, համենայնդեպս, հարցեր են առաջացնում: Օրինակ, ավելի ուշ պարզ դարձավ, որ ԵԽ արտաքին հարցերով կոմիտեում Արարատ Միրզոյանի հանդիպումը, նախատեսվող հարցուպատասխանը կլինի փակ ձեւաչափով: Հանդիպման ձեւաչափի մասին տեղեկությունը տեղադրվեց ԵԽ արտաքին հարցերով կոմիտեի կայքում: Հանդիպումից հետո ԱԳՆ կայքում տեղադրվեց Արարատ Միրզոյանի ելույթը կամ ելույթի մի մասը՝ գրավոր տարբերակով : ՀՀ ԱԳ նախարարի եւ եվրոպացի պատգամավորների հարցուպատասխանի մասին անգամ պաշտոնական, սուղ կամ կցկտուր տեղեկություններ չեղան: Ի դեպ, նույն նիստում, ելույթ եւ կոմիտեի անդամների հետ հարցուպատասխան է ունեցել նաեւ Շվեդիայի ԱԳ նախարարը, որը բաց է եղել:

Թե ինչո՞ւ է ՀՀ արտաքին գործերի նախարարի ելույթը եւ հարցուպատասխանը եղել ոչ հրապարակային, Aravot.am-ը փորձեց ճշտել ՀՀ ԱԳ նախարարությունից:

Արդյոք հայկական կողմն է պնդել, որ հանդիպումը եւ հարցուպատասխանը լինեն փակ ձեւաչափով, ի՞նչ պատճառով է նման պնդում արվել, եթե եվրոպական կողմն է պնդել հանդիպման փակ ձեւաչափը՝ ի՞նչ պատճառով է նման պնդում արել եւ ինչո՞ւ է հայկական կողմը համաձայնել փակ ձեւաչափով հանդիպման. Aravot.am-ի գրավոր հարցերին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության պետից ստացել ենք այսպիսի պատասխան. «Ի պատասխան ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած հանդիպման ընթացակարգը որոշվել է կողմերի փոխհամաձայնությամբ»:

ԱԳՆ-ում գերադասել են դիվանագիտորեն շրջանցել ձեւաչափի ընտրության պատճառների մասին մեր հարցադրումները:

Ի դեպ, այս պատասխանը ոչ թե ցրում, այլ խտացնում է հանդիպման նման ձեւաչափի ընտրության վերաբերյալ կասկածները, մանավանդ, որ ըստ «օդում կախված լուրերի», Արարատ Միրզոյանի եւ եվրոպացի պատգամավորների խոսակցությունն առնչվել է Հայաստանի ռազմավարական գործընկեր հռչակված ՌԴ-ի գործողություններին եւ այս ընթացքում, հատկապես Բերձորի միջանցքի փակման առիթով դրսեւորած վարքին: Թե ի՞նչ է պատմել Արարատ Միրզոյանը եվրոպացի պատգամավորներին եւ ի՞նչ արձագանքներ է ստացել, ցավոք, հայ հանրությունն այդպես էլ չի իմանա, ինչպես ԱԳՆ-ում են պարզաբանել՝ «կողմերի փոխհամաձայնությամբ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728