Լրահոս
Օրվա լրահոսը

«Պրահայում Փաշինյանը համաձայնել է Ղարաբաղը դիտարկել Ադրբեջանի մաս․ Պրահայում վերացվել է «Լաչինի միջանցք» հասկացությունը»

Փետրվար 03,2023 12:25

«Իշխանությունն ամեն ինչ անում է, որ «Լաչինի միջանցքը փակ է» արտահայտությունը դառնա սովորական լրահոսի մաս։ Հայաստանի քաղաքական օրակարգում պետք է լինի Արցախի ինքնորոշման իրավունքի հետապնդումը, եւ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ ՀՀ-ն ունի հանձնառություն՝ Արցախի անվտանգության եւ այլ հարցերին տեր կանգնելու։ Այս կետերի շուրջ իշխանությունը մեր հետ համաձայն չէ»,-խորհրդարանական ընդդիմության հրավիրած՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

Նրա խոսքով՝ գործող իշխանության հետ իրենց սկզբունքային տարաձայնությունն այն է, որ ՀՀ իշխանությունը ԼՂ-ն դիտարկում է որպես Ադրբեջանի մաս, ընդդիմությունը՝ ոչ․ «Իշխանությունը գտնում է, որ Արցախի ինքնորոշման իրավունքի հարց չպետք է լինի օրակարգում, մենք՝ ոչ։ ՀՀ իշխանությունը հրաժարվում է այն իրական հանձնառությունից, որը մեր օրենսդրության հիմքում է եւ պետության ստեղծման փիլիսոփայության հիմքում է։ Արցախյան շարժման արդյունքում առաջացած պետությունը չի կարող ասել՝ Ղարաբաղը հանձնենք, որ լավ ապրենք»։

Ըստ Անդրանիկ Թեւանյանի՝ Լաչինի միջանցքի փակման եւ Արցախի շուրջ ներկայիս իրավիճակը ստեղծվել է 2018թ․-ի մայիսից․ «Փաշինյանի հայտարարությունը Ստեփանակերտում հիշեք։ Նա ասաց, որ չի բանակցելու Ղարաբաղի հարցով, որովհետեւ չունի մանդատ, թող իրենք բանակցեն Ադրբեջանի հետ։ Հիմա էլ են նույն բանն ասում, թե ի՞նչ կապ ունեն Լաչինի միջանցքի բանակցությունների հետ։ Մայիսից այդ գործընթացը հանգեցրեց խնդիրների, բերեց պատերազմ, իսկ հիմա մի վիճակի, երբ ՀՀ-ն ոչ թե ձեռքերը լվանում է Ղարաբաղից, այլ նպաստում է, որ Լաչինի միջանցքը փակ մնա, որովհետեւ 2022թ․ հոկտեմբերին Պրահայում Փաշինյանը համաձայնել է Ղարաբաղը դիտարկել Ադրբեջանի մաս՝ հիմնարար փոփոխություն մտցնելով բանակցային տրամաբանության մեջ, որովհետեւ Պրահայում վերացվել է «Լաչինի միջանցք» հասկացությունը։ Եթե Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, էլ ի՞նչ Լաչինի միջանցք։ ՀՀ իշխանությունը չի էլ հերքում, որ Ղարաբաղն ընդունում է որպես Ադրբեջանի մաս։ Իրենք դա նաեւ քարոզում են, խոստովանում են, որ չեն կարող ստորագրել մի հայտարարության տակ, ըստ որի՝ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Ռուսաստանը եւս ասել է, որ ՀՀ-ն Պրահայում համաձայնել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս լինելուն, եւ հերքում չկա»։

Թեւանյանի բնորոշմամբ՝ իշխանությունը շրջանառում է «Ղարաբաղը հանձնենք, որ ՀՀ-ն փրկենք», «Լաչինի հարցում չենք միջամտում, որ հերոսաբար պահենք Սյունիքի միջանցքը», «Լաչինը փակել են Ռուսաստանն ու Ադրբեջանը», «ռուսական ռազմաբազան սպառնում է մեր անվտանգությանը» թեզերը։ Նման թեզերից եւ հայտարարություններից օգտվելով է, ըստ պատգամավորի, Իլհամ Ալիեւը թեժացնում իր հանցավոր քայլերը՝ խախտելով նոյեմբերի իննի եռակողմ հայտարարության կետերը։ «Լաչինի միջանցքը փակ է մնալու այնքան, քանի դեռ ՀՀ-ում քաղաքական փոփոխություն չի եղել՝ իշխանափոխություն»,-համոզմունք հայտնեց Անդրանիկ Թեւանյանը։

https://www.youtube.com/watch?v=7bDJ9qGBAlU&ab_channel=AravotDaily

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728