Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Բանաստեղծի սերը…

Փետրվար 06,2023 13:30

Սերիկ Դավթյան եւ Հակոբ Այվազյան

Խորհրդավոր գեղեցիկ է այս պատմությունը. այն չի ունեցել ո՛չ սկիզբ, ո՛չ ավարտ, բայց եղել ու պահպանվել է որպես սիրո մի գեղեցիկ հիշողություն, անմահացել արվեստագետ Սերիկ Դավթյանին ձոնված քնարական բանաստեղծություններում:

Ձեռքիս Սերիկի անտիպ հուշերն են: 1910-ական թթ. թիֆլիսյան ուսումնառության տարիները հիշելիս գրում է. «Ակնապիշ հայացքով, Վելյամինովսկայա փողոցով անցնելիս, ինձ էր նայում բանաստեղծ Հակոբ Այվազյանը, որի հետ ծանոթ չէի»:

Ծանոթանում են 1920թ., Դիլիջանում: Հակոբը ծառայում էր բանակում, հաճախ էր գալիս Սերիկի մոտ Լուսժողկոմ, նստում, լուռ նայում նրան եւ հեռանում: «40 տարի հետո իմացա, որ սիրահարված է եղել եւ մի շարք բանաստեղծություններ է նվիրել ինձ (գիրքը տպագրվելուց հետո նրա բարեկամը ինձ նվիրեց)»,- հիշում է Սերիկը:
Դժվարանում եմ հավատալ, որ խորաթափանց, խելացի, խորը ներաշխարհով Սերիկը չզգար Հակոբ Այվազյանի նման ազնիվ երիտասարդի լուռ զգացմունքի մասին, չկռահեր աչքերի հայացքից, արարքից, որոնք բանաստեղծին պետք է որ մատնեին: Բայց այդպես է եղել. այդ սերը մնացել է գաղտնի, հավերժացել բանաստեղծություններում ու թղթերի վրա, բացահայտվելով մոտ կես դար անց՝ 1958թ.: 1959թ. Երեւանում լույս է տեսնում Հակոբ Այվազյանի բանաստեղծությունների ժողովածուն: Ստեղծագործությունների մի ստվար հատված նվիրված է Սերիկին:
Բանաստեղծական տողերի խորքերը շատ բան են պատմում:

Հետո Սերիկի անձնական թղթերի մեջ գտա Թբիլիսիից Սերիկին հասցեագրված մի նամակ, որը հետաքրքիր մանրամասներ է պարզում: Հեղինակը ոմն Միքայելն է, որը Հակոբ Այվազյանին լավ է ճանաչել: Նամակը քանդում է տարիների հանգույցը:

Տպագրվում է առաջին անգամ:

Ամենահարգելի Սերիկ՝

Դեկտեմբերի 28-ին ստացել եմ Ձեր նամակը, սակայն երկար ժամանակ մտածում էի եւ չէի ուզում անհանգստություն պատճառել Ձեզ, դրա համար էլ չէի գրում: Իմ կարծիքով Հակոբի զգացմունքները ռոմանտիկայի արդյունք չեն եղել, այլ հաստատ ու անխախտ… Այդ են վկայում զանազան ոտանավորների թերթիկների վրա իր զգացմունքների մասին իրեն հարցեր տալը եւ դրանից հետո նույն ոգով շարունակելը, ապա Դիլիջանում գրած նրա «Անհաս լեռների ձյունոտ լանջերին» բանաստեղծությունը, գալիս են ասելու, որ դրանք երիտասարդական ցնորամիտ ու ռոմանտիկայի արդյունք, րոպեական զգացմունքներ չեն եղել: Ինչեւիցե, անցյալն էլ ետ չի դառնա…

Օգտվում եմ առիթից եւ ուղարկում Ձեզ նվիրած «Աչերուդ» բանաստեղծությունը, որը ժամանակին տպագրվել է «Պատանի» ալմանախում եւ շահել է մրցանակ: Անցյալ անգամ այդ բանաստեղծությունը չուղարկեցի Ձեզ, կարծելով, որ Դուք այն անպայման կարդացած կլինեք, նամանավանդ, երբ նվիրված է Ձեզ: Սակայն կարդալով Ձեր նամակը ես եկա այն հաստատ համոզման, որ Դուք կարող է եւ նույնիսկ դրա մասին չիմանայիք. պատճառը Հակոբի ամաչկոտությունն է:

Անչափ պարտավորեցրած կլինեք, եթե հնարավոր գտնեք ուղարկելու ինձ Ձեր լուսանկարներից մեկը, նամանավանդ երիտասարդական շրջանի լուսանկարներից, շատ կցանկանայի այն պահել Հակոբի լուսանկարների կողքին: Իմիջիայլոց, Հակոբի բոլոր լուսանկարները գտնվում են Հայաստանի Գրականության եւ Արվեստի թանգարանում, եթե ցանկանաք տեսնել, դիմեք Գոհար Ազնավուրյանին, հաճույքով Ձեզ ցույց կտա:

Գրում եմ Հակոբի կենսագրությունը: Գարեգին Մովսեսյանին խնդրել էի, որ գրեր այն տարիների իր հիշողությունները, երբ Թիֆլիսում ապրելիս են եղել մի սենյակում միասին. կարծում եմ, որ կգրի:

Ձեզ հետաքրքրում է իմ անունս. անունս Միքայել է, հայրանունս՝ Սողոմոնի:

Ջերմագին եւ անկեղծ բարեւներով

25 մարտի, 1958թ. Թբիլիսի

Բնավ պատահական չէ, որ Հովհաննես Թումանյանն ու Ալեքսանդր Ծատուրյանը Հակոբ Այվազյանի նկատմամբ ջերմ համակրանք են ունեցել՝ նրան խրախուսելով ստեղծագործել: Հակոբ Այվազյանը մտերիմ է եղել Թումանյանին: Պահպանվել է մի խմբանկար, որում Բանաստեղծն է դստեր՝ Աշխեն Թումանյանի, Լեւոն Շանթի, Դերենիկ Դեմիրճյանի, Վահան Տերյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Այվազյանի եւ այլոց հետ:

Անկեղծ ու մաքուր սիրուց ծնված, սիրով ապրող եւ տառապող, երազային ու բարի են գեղեցիկ եւ հմայիչ Սերիկին ձոնված նրա ստեղծագործությունները, որոնց մեջ թեեւ ակնառու են վշտի եւ հուսալքման տրամադրությունները, սակայն դրանք չեն հասնում կյանքի ժխտման հոռետեսության: Նա ապրում է, սիրում, վայելում այդ սերը, ու թեեւ տարիներով լուռ մնաց, բայց նրա սերը ծնվեց, ապրեց, բայց չմեռավ վաղամեռիկ բանաստեղծի հետ ու տասնյակ տարիներ անց ճառագելով, իմաց տվեց Սերիկին, որ եղել է մի երիտասարդ, այն տղան Վելյամինովսկայա փողոցում հանդիպած, որ նայում էր նրան սիրով խենթացած զուսպ հայացքով ու որը երբեք համարձակություն չունեցավ մոտենալու, խոստովանելու այդ նվիրական զգացմունքը:

Ո՞վ գիտե, ինչպե՞ս կդասավորվեր Սերիկի ապագան, կյանքը, եթե Հակոբ Այվազյանն ունենար այդ քաջությունը՝ մոտենալ եւ խոստովանել: Ավա՜ղ, ենթադրում եմ նաեւ, որ նա գիտեցել է, որ սերն այդ անպատասխան պետք է մնար: Սերիկի սիրտը անդարձ կապված էր մի հրաշալի երիտասարդի, որը նույնպես ստեղծագործում էր՝ Գարեգին Անանյանին: Սակայն կյանքն ապագայում նրան կապեց մի հրաշալի ու լուսավոր մարդու՝ պետական հասարակական գործիչ Ներսիկ Ստեփանյանին:

Հակոբ Այվազյանի սիրո արտացոլանքի անդրադարձը հավերժացավ պոեզիայի մեջ: Շատ է սիրել Վահան Տերյանի ու Դանիել Վարուժանի ստեղծագործությունները:

Հետաքրքիր բնավորությամբ ու խառնվածքով այս բանաստեղծը, որը քչերին է հայտնի, Լոռվա զովաշունչ Շահնազար գյուղի 1890թ. ծնունդ է: Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, սովորել տեղի ծխական դպրոցում: Մինչեւ 14 տարեկան կրել է ամեն տեսակ զրկանքներ, ունենալով տխուր մանկություն:

1904թ. ուշիմ եւ ընդունակ Հակոբին, հոգեւոր կոչում ստանալու նպատակով, ուղարկում են Վենետիկ՝ Մխիթարյան միաբանությունում ուսումը շարունակելու համար: Չորս տարի ուսանելուց հետո, Հակոբը զգում է, որ հոգեւոր կոչումն իր համար խորթ է: 1908թ., երբ պետք է հոգեւոր երդում տար եւ ձեռնադրվեր, հրաժարվում է առանց վախենալու. հայտնում իր որոշման մասին: Խնդրում է միայն օգնեն ու միջոցներ տրամադրեն՝ Կովկաս վերադառնալու համար: Միաբանությունը գիտենալով նրա ընդունակությունը, հակառակվում է երիտասարդի որոշմանը, որին ի պատասխան Հակոբը կտրուկ հայտարարում է, որ ավելի շուտ սատանա կդառնա, քան հոգեւորական: Մեծ դժվարություններով վերադառնում է Կովկաս, բայց չի հրաժարվում ուսումը շարունակելու մտքից: Կարճ ժամանակ ապրում է Էջմիածնում, ցանկություն ունենալով ուսումը շարունակել Գեւորգյան ճեմարանում: Կաթողիկոսից մերժում է ստանում: Վերադառնում է Թիֆլիս: Մեծ դժվարություններ հաղթահարելով, նույն տարում ընդունվում է Ներսիսյան դպրոց, որն ավարտում է 1912թ.:

Միջնակարգ կրթություն ստանալուց հետո, 1914թ. մեկնում է Մոսկվա, ընդունվում Շանյավսկու համալսարան: Սկսված Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով ուսումը կիսատ է թողնում: Համալսարանը չավարտած՝ զորակոչվում է Ալեքսանդրյան զինվորական դպրոց, որն ավարտելուց հետո ուղարկվում է Կովկասյան ռազմաճակատ:

1920թ. ծառայության է անցնում Բաքվում, Կարմիր Բանակի շարքերում, մասնակցում Բաքվի կոմունայի պաշտպանությանը: 1921թ. սկզբին գործուղվում է Խորհրդային Հայաստան, որպես 11-րդ Կարմիր բանակի գլխավոր շտաբի հատուկ լիազոր: Զինվորական նույն պաշտոնով հետագայում աշխատում է Թիֆլիսում եւ Բաթումիում:

Անդրկովկասի խորհրդայնացումից հետո Հ. Այվազյանը թողնում է զինվորական ծառայությունը, վերադառնում է Թիֆլիս: Աշխատում է «Կարմիր աստղ», վերջինիս հաջորդած «Մարտակոչ» թերթի խմբագրությունում: Ավելի վաղ նրա բանաստեղծությունները տպագրվել են «Գեղարվեստ», «Պատանի» պարբերականներում: «Մարտակոչ»-ում աշխատում է մինչեւ 1923թ. մարտի 19-ը:

Դեռեւս Ներսիսյան դպրոցում սովորելու տարիներին նրա մեջ արթնանում է բանաստեղծի կայծը, սկսում է ստեղծագործել: Զինվորական ծառայությունից հետո՝ հիմնավորապես նվիրվում է գրական աշխատանքին: Հակոբ Այվազյանն է, որ դարձավ Վրաստանի գրողների միության հայկական սեկցիայի կազմակերպիչներից մեկը: Եթե թերթենք այդ ժամանակաշրջանի մամուլը, կտեսնենք նրա սրտառուչ եւ հուզիչ բանաստեղծությունները:

Հ. Այվազյանը նաեւ հրաշալի ֆելիետոնիստ է եղել, տպագրվելով «Ընկերյան», «Ա. Հ.», «Այվազ», «Հ.Ա.» գրական կեղծանուններով:

1923թ. անսպասելիորեն հիվանդանում է բարակացավով: Բժիշկների խորհրդով նույն տարվա հունիսի 1-ին տեղափոխվում է հայրենի գյուղ, որտեղ եւ վախճանվում է 1924թ. ապրիլի 19-ին: Այդպես էլ չի ամուսնանում, մնալով անժառանգ: Մարմինն ամփոփվում է հայրենի գյուղում: Հոգեհանգստի եւ թաղման արարողության պատասխանատվությունն իր վրա է վերցնում հորեղբոր որդին՝ Միքայել Այվազյանը… Նույն այն Միքայելը, որը Սերիկին ուղարկված նամակի հեղինակն է:

***

Անհամբերությամբ ու հուզմունքով եմ ընթերցում Հակոբ Այվազյանի բանաստեղծությունները: Անցյալի ու ժամանակի փոշոտ վարագույրի հետնախորշից բացվում է մի մեծ, լուսավոր սիրո եւ կյանքի դրվագ: Նրա տողերի, բառերի վրա ծփում է սիրո ոգին, ստեղծելով սերիկյան գեղեցիկ դիմապատկերը. իմ առջեւ հառնում է բանաստեղծն ու իր մուսան՝ Սերիկը, որի մասին 1913թ. Թիֆլիսում գրում է.

Քու աչերուդ այդ խորութիւնն անսահման

Եթերային հմայք մ՛ունին աննըման.

Ո՜հ, կը մոռնամ ես անոնց մեջ վի՜շտ, թախիծ

Կը լեցվի հոգիս հրապույրով մը անբիծ:

Անոնք ունին երկնային վիշտ մը անուշ

Զերթ իրիկւայ լո՜ւռ, երազող վերջալոյս.

Ու անյողդյողդ կարտացոլվի անոնց մեջ

Հավատք մ՛անհուն, անխաբ մէկ յոյս, սէր մ՛անշեջ:

Խո՜նջ, դալկացած ճամփորդ մը որ անապակ

Աղբիւր տեսնէ նոճիներու շուքին տակ,

Թախծոտ հոգիս միշտ քու սիրուն ծարաւի

Հուր աչերդ կըմպէ թովչանք մ՛անյատակ:

Գեղեցի՜կ են աստեղազարդ երկնքէն,

Քո կուսական թովիչ աչերդ հրեղէն.

Գիշերին պէս խորհրդավոր, դիւթական,

Ցերեկին պէս պայծա՜ռ, աղւո՜ր, անսահմա՜ն:

Խորն են անոնք ովկիանոսէն ալ անհուն,

Երբ սեւեռած կը նային իմ աչքերուն՝

Արբեցումի հուր անուրջնե՜ր, սէ՜ր ավիւն,

Յաւերժորեն կը փոթորկին հոգուս մէջ:

Ես գերին եմ քու աչերուդ հմայքին,

Արեւնե՜ր են անոնք սիրոյ երկնքին…

Սերիկին ձոնված բանաստեղծությունների ժամանակագրությունն ընդգրկում է 1910-21թթ.: Հենց 1921թ. հունվարին դիլիջանյան հանդիպումից հետո, Հակոբ Այվազյանը գրում է.

Անհաս լեռներու ձյունոտ լանջերին,

Նորից քեզ տեսա չքնաղ ու սիրուն.

Հոգիս վերապրեց անցյալն անմոռաց,

Հուշերն, որ, ավա՜ղ, երազ են դարձած:

Նա սիրեց, տառապեց ու լռեց մահու չափ, բայց չհուսահատվեց: Մարդկային էության ծալքերից է գալիս այդ սերը: Համեստագույն տաղանդ եւ տառապանք. այս երկու ակունքներից է ծնվել նրա բանաստեղծությունները, որոնցում սրբագործող մի թախիծ կա, մարդկային խղճի հետ խոսող լույս: Սերն այդ տառապանք էր Հակոբի համար, բայց ոչ կործանարար, այլ ապրեցնող, ստեղծագործության մղող, ուժ ծնող: Դրանք սիրո ինքնատիպ խոստովանանք են: Խորն է եղել երիտասարդ բանաստեղծի հոգին, սակայն մեծ սիրուց ու հարգանքից ծնված մի երկյուղածություն կաշկանդել է նրան:

Այս լուռ զգացմունքը հաղթահարեց ժամանակի տարածությունը, ապրեց լուսավոր, անմար մի թրթիռով, այն մաքուր ու բարձր է եւ ամբողջացնում է Սերիկի ու Հակոբի կերպարը, ամբողջացնում է գեղեցիկը զգացող ու դրանով ապրող մարդուն:

Բանաստեղծի առաջին ու վերջին, անմար սերը մնաց Սերիկը, որը Հակոբի մտապատկերում միշտ ապրեց. «…չքնա՛ղ, գեղեցի՛կ, որուն կը պաշտե խենթացած հոգիս…»:

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Սերիկ Դավթյանի կենսագիր

«Առավոտ» օրաթերթ
04.02.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728