1921 թվական: Ծանր, հետեղեռնյան տարիներ էին: Սերիկ Դավթյանը նոր էր գործուղվել Էջմիածին, որպես գավառի Լուսբաժնի վարիչ։ Օր ու գիշեր զբաղված էր անապաստաններին տեղավորելու, երեխաների ուսման գործը կազմակերպելու աշխատանքով: Անելիքները շատ էին, աշխատում էր ուժերի գերլարումով: Դժվար էր, հատկապես՝ Դիլիջանի նման քաղաքից այնտեղ տեղափոխվելուց հետո: Միայնակ, երիտասարդ կին, մասամբ անծանոթ վայր: Ծանր ու տարբեր էին նաեւ բնակլիմայական եւ նյութական պայմանները: Եթե Դիլիջանի գավառը հարուստ էր անտառներով, քարով, կրով, ավազով, եւ այդ բոլորը նպաստում էին մասնավորապես դպրոցների արագ վերականգնմանն ու զարգացմանը, ապա Էջմիածնի գավառը զուրկ էր այդ ամենից, ավելին՝ Վաղարշապատի փողոցներում դեռ բացօթյա շարունակում էին ապրել արեւմտահայ գաղթականների մեծ մասը, ժողովուրդը տառապում էր համաճարակային հիվանդություններից: Բազմաթիվ որբեր փողոցում դեռ թափառական ու անտուն էին:
Կամքի, նպատակասլացության և համառության շնորհիվ՝ Սերիկ Դավթյանը քայլ առ քայլ հաղթահարում է անցնելիք ճանապարհի քարքարոտ ուղին: Նա հոգնություն չունեցող երիտասարդ կին էր, օժտված աշխատասիրությամբ ու նվիրումով: Էջմիածնում աշխատելու այս տարիներին ծանոթանում է հայ անվանի մտավորական-գիտնականներ՝ հայագետ, արեւելագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանի, Սենեքերիմ Տեր-Հակոբյանի (Մատենադարանի այն ժամանակվա դիրեկտորը), ճարտարապետ Թորոս Թորամանյանի, երաժշտագետներ Սպիրիդոն և Ռոմանոս Մելիքյանների, Նիկողայոս Թեյմուրազյանի, անվանի հայագետներ՝ Երվանդ Տեր-Մինասյանի և Գարեգին Հովսեփյանի, Մեսրոպ Մագիստրոսի, Գյուտ եպիսկոպոսի, Խաչիկ և Զավեն եպիսկոպոսների, նկարիչ Տարագրոսի հետ, ինչպես նաև իր ապագա ամուսնու՝ Էջմիածնի գավառի Լուսժողկոմ Ներսիկ Ստեփանյանին: Գիտնականների այս մթնոլորտում նրա առջեւ բացվում է Էջմիածնի Մատենադարանի՝ արվեստի գանձերի այդ զարմանահրաշ աշխարհը: Այդ տարիների իր հիշողության այս սիրելի դեմքերը միշտ կրեց փայփայանքով ու սրտի ջերմությամբ, գիտեր, որ գեղեցիկ հիշատակներ պահելը ազնիվ զգացում է: Եվ մի պատահականություն, բախտորոշ մի հանդիպում՝ դառնում է ճակատագիր, որը նրան օգնելու էր տարիներ անց գտնել այն ճանապարհը, որը Սերիկին առհավետ կապելու էր հայկական ասեղնագործությանը, դրա նմուշների հավաքմանն ու գիտական ուսումնասիրությանը: Ասեղնագործելու շնորհքն է Սերիկին, բռնադատվածության տարիներին օգնում, որ հեռավոր Մագադան աքսորավայրում, իր ասեղնագործ ժանյակե ժապավենի շնորհիվ փրկվի մեռնելուց:
Սկսվում է աշխատանքային փորձություններով լի մի ծանր կյանք: Նա ամեն օր ականատես էր նույն տեսարանին՝ տաճարի բակում հոգեւորականներ, ծառերի տակ, հողերի մեջ որբ-գաղթականներ, կենցաղային հարմարությունների լրիվ բացակայություն և ոչ մի ծանոթ: Գնում է Հեղկոմ՝ Ներսիկ Ստեփանյանի մոտ, որը մերժում է օգնել նրան (հանդիպումից կարճ ժամանակ անց ամուսնանում են): Դիմում է այլ պատասխանատուների, սկսում է աշխատել եւ իր աշխատանքով համոզել, որ կարող է կանոնավորված առաջ գնալ եւ խնդիրներին լուծում գտնել: Սովոր էր կանգ չառնել դժվարության առաջ:
Լարված եւ հոգնած առօրյայից հետո ժամանակ էր գտնում կարդալու: Ընթերցանությունը միակ զբաղմունքն էր, որ փոքրուց սիրում էր, միշտ անբաժան լինելով գրքերից: Սակայն տուն չուներ, որի համար, Խորհրդային Հայաստանի Լուսավորության ժողովրդական կոմիսար Աշոտ Հովհաննիսյանը (հայագետ, պատմաբան) խնդրում է Կարապետ Մելիք-Օհանջանյանին, որն այն ժամանակ Էջմիածնի գիտական ինստիտուտի (Մատենադարանի) նախագահն էր, զբաղվել այդ հարցով: Որոշում են, որ մինչ հարցին լուծում տալը, ժամանակավոր պետք է բնակվի Մատենադարանի շենքում (հարմարեցնում են պատշգամբը):
Կարդացեք նաև
Եվ մի օր, երբ ուշ գիշերով լիալուսնի ներքո՝ պատշգամբում նստած, մոմի աղոտ լույսի տակ բառարանի օգնությամբ, ջանում է գերմաներենով կարդալ «Գիլգամեշ»-ը, կողքից մի բամբ ձայն է լսում.
– Ի՞նչ եք կարդում:
Ընթերցանությամբ տարված Սերիկը չի նկատում, որ իրեն է մոտեցել մի մորուքավոր մարդ: Էջմիածնի տարեց միաբան եպիսկոպոսներից էր, որն առանց պատասխանի սպասելու, նրա ձեռքից վերցնում է գիրքն ու կրկին հարցնում.
– «Գիլգամե՞շ»: Հետաքրքրվո՞ւմ եք բանահյուսությամբ:
Այդ մարդը Էջմիածնի միաբան, անվանի հայագետ, արվեստաբան, Գևորգյան ճեմարանի տեսուչ Գարեգին Հովսեփյանն էր (ծն․1867- մահ․1952թթ., 1943-52թթ․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս)։ Միաբանն առանց պատասխան սպասելու՝ սկսում է գերմաներեն բարձրաձայն կարդալ գիրքը և թարգմանել հայերեն: Երբ ավարտում է, ուզում է իմանալ, թե ինչ մասնագիտություն ունի երիտասարդ աղջիկը. վերջինս անմիջապես չի պատասխանում: Կրթությամբ պատմաբան էր, բայց միշտ ցանկացել էր բանասեր լինել, նվիրվել գրականությանը, արվեստին: Դեռ Թիֆլիսում, Երրորդ օրիորդաց ռուսական գիմնազիայում ուսանելու տարիներին՝ կարդում էր հայ գրողների գործերը, փորձում գրել պատմվածքներ։ Արժանացել էր Հովհաննես Թումանյանի քաջալերանքին, ում հետ, անկախ տարիքային տարբերությանը՝ լավ բարեկամներ էին (գրողը Սերիկի հոր՝ ուսուցիչ Ստեփան Դավթյանի ընկերն էր):
Ամոթխած, մի փոքր էլ քաշվելով՝ Սերիկը խոնարհաբար պատասխանում է, որ Էջմիածնի կրթության բաժնի վարիչն է: Տարիներ անց, շատ է հիշում այդ օրը, հայագետի տպավորիչ դեմքը՝ խորը կնճիռներով, ալեհեր գլխով, աչքերի մեջ ցավ, բայց կեցվածքում աներեր կամք ու հպարտություն: Սերիկի վրա հոգևորականը մեծ ազդեցություն է թողնում, հետո իմանում է, որ. «Նա՝ մեծ հայրենասերը՝ Սարդարապատի ճակատամարտում սկզբից մինչև վերջ անցնում էր զորագնդերի միջով եւ ոգևորող իր խոսքերով, օրհնությամբ ու հաղթանակի մաղթանքներով ուժ հաղորդում հայրենի հողի պաշտպաններին: Մեծ բանասեր, հայագետ, արվեստաբան: Մեծ հայրենասեր»:
Գարեգին Հովսեփյանը նկատել էր Սերիկի ձեռագործության շնորհքը և հաճախ էր անցնելիս տեսնում, որ ասեղնագործությամբ է զբաղված: Գովելի է դիտում այդ բնատուր շնորհը, որին Սերիկը բավականին լավ էր տիրապետում: Մի օր հարցնում է.
– Տաճարում եղե՞լ եք…
– Ո՛չ, իսկ ինչո՞ւ եք հարցնում, դե ես հավատացյալ չեմ…
– Գնանք, ես Ձեզ հրաշալիքներ ցույց կտամ,- ասում է հոգևորականը:
Կանչում է Վարդան վարդապետին, որի մոտ էին տաճարի բանալիները: Փակ սրահներից մեկում պահվում էին բազմաթիվ ասեղնագործություններ, վարագույրներ, հանդերձներ, զարդեր, արծաթաթել ու ոսկեթել, պատվական ակներով ու մարգարիտներով զարդարված գործվածքներ, որոնք Սերիկի առջեւ բացում են ձեռագործության հեքիաթային աշխարհի դռները: Նա դիտում է լուռ, հիացած, շոշափում եւ զննում: Հետո սովորություն է դարձնում՝ ամեն շաբաթ մեկ օր, ազատ ժամանակ տրամադրել վանքի թանգարանում եղած եւ տարբեր տեղերից բերված ժողովրդական ստեղծագործության նմուշներն ուսումնասիրելուն: Վերստին արթնանում է արվեստագիտության, ազգային նշխարների՝ հեքիաթային մանրանկարների, ասեղնագործության նկատմամբ վաղեմի սերը: Ուսումնասիրելու ցանկությունը մեծ էր, ժամանակը՝ սուղ, գործը՝ շատ…
Հետագայում, Գարեգին Հովսեփյանն առիթը բաց չթողնելով, ամեն անգամ Սերիկին տեսնելիս, նրբանկատորեն հիշեցնում է. «Սերի՛կ, զբաղվի՛ր դրանցով, այդ բոլորը մեր ժողովրդի ստեղծած գոհարներն են, ափսոս են, թող չկորչեն: Լսո՞ւմ ես, զբաղվիր հայկական ասեղնագործությամբ, դու կարող ես, ունես այդ շնորհքը: Շատ հետաքրքիր բնագավառ է՝ չուսումնասիրված: Եկեք սկսեք, ես Ձեզ կօգնեմ»: Սերիկ Դավթյանը մի առիթով խոստովանել է. «Ես մտածում էի, որ նախ պիտի փրկել որբերին, մարդկանց…»:
Երբ Սերիկը գնում է գյուղեր, նրա հայացքից չեն վրիպում գյուղական տներում պահվող կիրառական արվեստի նմուշները, կարպետները, գորգերը, ասեղնագործ ժանյակները, նախշազարդ գուլպաները, քսակներն ու սրբիչները: Ներքուստ ապրում էր ի ծնե նրա մեջ եղած հայ ձեռագործ արվեստի հանդեպ սերը, որ գալիս էր Դիլիջանից, ուր ամեն կին, հարս ու աղջիկ դեռ շատ փոքրուց տիրապետում էին դրա հմտություններին, կարպետ ու գորգ գործելուն: Գիտեր ու վաղուց համոզված էր Գարեգին Հովսեփյանի խոսքերի ճշմարտացիության մեջ. «Նոքա մեր անցյալի ամենալավ աղբյուրներն են…»:
Այդ օրերին Սերիկի համար հուզիչ ու հիշարժան է եղել հանդիպումը Սենեքերիմ Տեր-Հակոբյանի հետ: Նա Սերիկին ցույց է տալիս հնագույն ձեռագրերի նրբահյուս ու գեղանախշ մանրանկարները, ասեղնագործությունները: Ձեռագրատան նույն շենքում էր նրա տնօրինության տակ գտնվող ազգագրական ողջ նյութը: Սերիկը սիրում էր դրանք անվերջ դիտել. իրերն այն վայրերից էին, ուր ցեղասպանությունը հնձել էր հայերին, ոչնչացրել հազարավոր տաղանդավոր ստեղծագործողների, ավերել եկեղեցիները, բնակավայրերը, թալանել ու ոչնչացրել գազանային վայրագությամբ: Սերիկը հիշում է խոր ցավով. «Այդ ամենը խոր վշտի հետ իմ մեջ ծնեցնում էր մի հպարտ գիտակցություն, որ հայ կինը, հայ տղամարդը օժտված են եղել գեղեցիկը զգալու, գեղեցիկն արտահայտելու ու ստեղծելու աննման տաղանդով, վարպետ ունակություններով: Այդ վարպետներից շատերը հիմա տանջվում էին հողի վրա, բաց երկնքի տակ, «գաղթական որբ» պիտակը վրան: Առիթներ կար հուզվելու և իմ հուզմունքը հասնում էր ծայր աստիճանի: Իմ ողջ ուժերը ես դնում էի այն գործին, որպեսզի որևէ կերպ օգնեմ այդ դժբախտներին…»:
Անցնում են տարիները, որոնք շատ տառապանք բերեցին… Սերիկն անցավ 1937թ. բանտ ու աքսորի, տանջանքի միջով, հայտնվեց Երևանի, Վլադիմիրի, Սուզդալի, Կազանի ու Վլադիվոստոկի բանտերում, հասավ Մագադան, ուր անցավ նրա կյանքի մոտ մեկ տասնյակ տարին։ Եվ այս հեռուներում նա միշտ հիշում էր Գարեգին Հովսեփյանի խորհուրդը։ Հենց այս ժամանակ է հասկանում, որ իմաստուն վեհը նրա մեջ նկատել էր այն բնատուր շնորհն ու ճաշակը, որ հաճախ ինքն էլ մոռանում էր աշխատանքային օրվա թոհուբոհի մեջ։ Թաքուն երազում է այն օրվա մասին, երբ ամբողջությամբ նվիրվելու է հայ կիրառական արվեստի ուսումնասիրությանը: Իհարկե, եթե կենդանի մնար․․․ Տարիներ անց, աքսորից հետո, երբ վերադարձավ Հայրենիք ու արդարացվեց, ուներ ցանկություն՝ կրկին աշխատել կրթության բնագավառում։ Չստացվեց․․․ Սերիկ Դավթյանին իշխանությունները նրբորեն հասկացրին, որ չի կարող աշխատել այդ ոլորտում։ Գուցե սա բախտորոշ էր, քանզի կրկին հիշեց Գարեգին Հովսեփյանին՝ «Զբաղվիր, ուսումնասիրիր, դու կարող ես․․․»։
Ո՞վ գիտե, եթե չլիներ կրթության ոլորտում աշխատելու այդ մերժումը եւ Գարեգին Հովսեփյանի անցյալում տված խորհուրդը՝ գուցե մենք չունենայինք արվեստաբան, ազգագրագետ, հայ դեկորատիվ-կիրառական արվեստի հմուտ գիտակ, ինքնուս ասեղնագործուհի եւ ուսումնասիրող Սերիկ Դավթյանին, որպիսին նա դարձավ իր կյանքի երրորդ փուլում․․․ Ապրեց եւ ստեղծագործեց Գարեգին Հովսեփյանի պատգամին անսալով՝ «Ազգային մտավոր կյանքի և ինքնուրույնության հոգին ստեղծվում է դարերի պատմության մեջ. ով անտես է անում այս օրենքը, խզում է կապը անցյալի հետ, նա էլ զրկվում է նախնյաց թողած բարիքն ու ժառանգությունը վայելելու իրավունքից ու կարողությունից»։
․․․Նրանք հետագայում չեն հանդիպում, բայց երբ 1972թ․ լույս տեսավ Սերիկի «Հայկական ասեղնագործություն» մենագրությունը, որը նրա սրբազան տքնությունն էր, այն նվիրեց Վեհափառ Վազգեն Ա-ին, փոխարենը Հայոց Հայրապետի ընծայականով նվեր է ստանում նրա մակագրված գիրքը՝ «Շատ հարգելի, բազմավաստակ Տիկին Սերիկ Դաւթյանին գնահատանքով և օրհնութեամբ։ Վազգեն I, 1 մարտի, 1972թ․»։
Մերի ՔԵՇԻՇՅԱՆ
Սերիկ Դավթյանի կենսագիր
«Առավոտ» օրաթերթ
16.05.2026



















































