Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ, որ երեխան խաղա, ծիծաղի, ապրի պատմությունը ու նույնիսկ չզգա, որ ընթացքում սովորել է, կրթվել». Արփի Մաղաքյան

Հուլիս 13,2026 14:39 Share

Հայ մեծերին մանուկ է դարձրել հեքիաթագիր Արփի Մաղաքյանը. Aravot.am-ի զրույցը՝ «Հիշելու հեքիաթներ» նոր գրքի մասին

 Արփի, երբ փակեցի «Հիշելու պատմաշունչ հեքիաթները», առաջին զգացողությունս տարօրինակ էր։ Չմտածեցի՝ լավ գիրք եմ կարդացել, այլ մտածեցի՝ ինչքա՜ն բան էի մոռացել։ Կարծես այս գիրքը հիշողության մասին չէ, այլ հիշեցնելու։ Սա՞ էր ձեր նպատակը։

– Մարդիկ կան, որոնց իրավունք չունենք մոռանալու։ Փառք Աստծո, Կոմիտասին ու Թումանյանին չենք մոռացել։ Բայց քանի՞սը կհիշեն Սահականդուխտին ու Խոսրովիդուխտին, Անիի Մայր տաճարի ճարտարապետ Տրդատին, Մոմիկին կամ Գարեգին Սրվանձտյանին, որի շնորհիվ այսօր ունենք մեր էպոսը։

Ասացվածքն ասում է՝ «Մոռանանք՝ ջուխտ աչքով կկուրանանք»։ Այսօր, առավել քան երբևէ, պետք է ամուր պահենք մեր արմատները, բայց միաժամանակ լինենք կրթվող, զարգացող ու նորի հանդեպ բաց ազգ։

– «Հիշելու հեքիաթները» պատմական գիրք է, բայց ոչ մի պահ չի թվում, թե ընթերցողին դաս են տալիս։ Ինչպե՞ս եք հասնում դրան։

– Երեխան շատ արագ զգում է, երբ իրեն սկսում են խրատել։ Այդ պահին նա փակվում է։ Ուզում եմ, որ երեխան խաղա, ծիծաղի, ապրի պատմությունը ու նույնիսկ չզգա, որ ընթացքում սովորել է, կրթվել։

Այդ գաղափարի վրա են կառուցված նաև իմ հեղինակային կրթական ծրագրերը։ Հավանաբար դա նաև մեր ընտանիքից է գալիս. մի քանի սերունդ ոչ միայն հետաքրքիր հեքիաթասացներ, այլ նաև բանիմաց մանկավարժներ ենք ունեցել տոհմում։

– Ձեր գրքում Թումանյանը, Մոմիկը և մյուսները դասագրքից ծանոթ հերոսներ չեն թվում։ Նրանք հուզվում են, երազում, սխալվում, տխրում, երբեմն էլ՝ չարաճճիություն անում։ Դա միտումնավո՞ր է։

– Այո՛։ Ես հատուկ եմ նրանց իջեցրել պատվանդանից։ Երեխան չի կարող ընկերանալ արձանի հետ, բայց կարող է ընկերանալ իր նմանի հետ։ Ես ուզում էի, որ երեխան տեսնի իր տարիքում մեր մեծերին։ Ծանոթանա նրանց վախերի հետ, նրանց փորձությունների, դժվարությունների մասին իմանա։ Օրինակ` Ղազարոս Աղայանը փոքր հասակում ահավոր ուժեղ սիրահարվել է. սիրուց տառապելով հաց չի կերել, հյուծվել ու նիհարել է։ Լուսիկ Ագուլեցին երազում նույն եղնիկին է տեսել օրեր շարունակ՝ մինչև կատարել է եղնիկի առաջադրանքը, Հովհաննես Թումանյանը գունավոր մատիտներ է երազում ունենալ և այլն։

– Գրքում մանուշակները հիշում են, եղնիկը խոսում է… Պատմության ու հեքիաթի սահմանը ո՞րն է։

– Չգիտեմ։ Ինձ մոտ դրանք միշտ միաձուլվում են։ (ծիծաղում է) Իրական կյանքն էլ հրաշքներով լի է։ Ես պարզապես տեսնում եմ այդ հրաշքն ու փոխանցում ընթերցողին։ Համենայն դեպս վստահ կարող եմ ասել, որ պատումներիս ամենահիմքում իրական պատմություն է։ Պրուստն ասել է, որ իր վեպերը պատմության մեխով են գամված, իմ հեքիաթներն էլ են այդպես։

– Այսօր երեխաները մեծանում են Սփայդերմենի, Էլզայի, Marvel-ի հերոսների հետ։ Դուք, այնուամենայնիվ, նրանց ընկերներ եք դարձնում Կոմիտասին, Սահականդուխտին, Մոմիկին։ Երբևէ չե՞ք կասկածել, որ նրանք չեն ընդունի այդ հերոսներին։

– Անկեղծ ասած՝ ոչ։ Ես միշտ վստահ եմ եղել, որ հայ երեխան մեր իրական հերոսների մասին հետաքրքիր պատմությունների կարիք ունի։ Դասագրքերում գրված «կենսագրականները» երբեք հաճույքով չեն ընթերցվում։ Իսկ ի՞նչ կլինի, եթե այդ տխուր տեքստերը փոխարինենք հետաքրքրաշարժ պատմաշունչ պատումներով։

 

– Յուրաքանչյուր հեքիաթի հետևում մեծ ուսումնասիրություն է զգացվում։ Որքա՞ն ժամանակ եք աշխատել այս գրքի վրա։

– Երկար։ Յուրաքանչյուր հեքիաթից առաջ կարդացել եմ կենսագրություններ, հուշեր, նամակներ, պատմական ուսումնասիրություններ, գիտական հոդվածներ։ Եթե հնարավոր է եղել՝ գնացել եմ այն վայրերը, որոնց մասին գրում եմ։

– Գրքում ոչ մի առարկա պարզապես առարկա չէ։ Սա ձեր աշխարհընկալո՞ւմն է։

– Իմ խմբագիր Լևոն Գալստյանն ասում է. «Արփին ինչպես ապրում է, այդպես էլ գրում է»։ Կարծում եմ՝ ճիշտ է ասում։ Ես երևի իրոք մի քիչ տարօրինակ եմ։ Մեր շքամուտքում հարևաններս, եթե ուշադիր լինեն, կարող են լսել՝ ինչպես եմ զրուցում բույն հյուսած ծիծեռնակների կամ մեծ բզեզների հետ։ Գուցե դրա համար էլ իմ գրքերում ամեն ինչ կենդանանում է։

– Ձեր գրքերում հայրենասիրությունը երբեք կարգախոս չէ։ Դա գիտակցվա՞ծ ընտրություն է։

– Այո՛։ Ես չեմ սիրում ճակատային նախադասություններ։ Երեխայի հետ աշխատելիս երբեք չեմ ասում՝ «սա՛ է ճիշտը»։ Ես ուզում եմ, որ ինքը գտնի պատասխանը։ Երբ երեխան ինքն է հասնում ճշմարտությանը, այն ամբողջ կյանքում մնում է իր հետ։

– Ո՞ր հերոսն է Ձեզ ամենաշատը փոխել այս գրքի վրա աշխատելիս։

– Դժվար է մեկին առանձնացնել։Կոմիտասի մասին այնքան պատմություններ էի հավաքել, որ դրանցից կարելի էր մի ամբողջ գիրք գրել։ Բայց վերջում ընտրեցի Կոստան Զարյանի «Կոմիտաս Վարդապետին» հանճարեղ բանաստեղծության մոտիվը. Զարյանը Վարդապետին բարի ճանապարհ է մաղթում, ես՝ բարի գալուստ։ Ղազարոս Աղայանի բնավորության համառությունն ինձ շատ բան սովորեցրեց։ Իսկ Աքրամ Այրիսլիի՝ հայկական մշակույթի հանդեպ ունեցած սերն ինձ խորապես հուզեց։

Յուրաքանչյուր հեքիաթ գրելու ընթացքում ես զգում էի, թե որքան եմ սովորում նրանցից, որքան եմ կապվում ու զրուցում այդ հսկաների հետ։

– Եթե «Հիշելու հեքիաթներից» մեկ հեքիաթ տայիք մի երեխայի, որը չի սիրում կարդալ, ո՞րն էր լինելու։

– Կընտրեի Գարեգին Սրվանձտյանի մասին հեքիաթը։ Երեխաները սիրում են չարաճճիներին։ (Ծիծաղում է։) Իմ Սրվանձտյանը սկզբում ծնողներին խելագարության հասցնող աշխույժ տղա է, որը հազար հարց ունի, չի կարողանում տեղում նստել. անընդհատ փորձանքի մեջ է ընկնում։ Ես ուզում եմ, որ երեխան ասի. «Վա՜յ, ոնց որ ես լինեմ»։ Հետո նա տեսնում է, որ նույն այդ չարաճճի տղան մեծանում է ու դառնում այն կարևոր մարդը, որի շնորհիվ այսօր մեր էպոսը ունենք և ոչ միայն… Միգուցե հենց հիմա ինչ-որ մեկի տանը չարաճճիություն անող մի նոր Սրվանձտյա՞ն է մեծանում։

– Այս գիրքը միայն երեխաների՞ համար է։

– Ես գրում եմ երեխայի համար։ Բայց ինձ համար երեխա է նաև հարյուր տարեկան պապիկը, հիսունամյա գործարարը, քառասունամյա տնային տնտեսուհին։ Մենք բոլորս մեր սրտի մի տաքուկ անկյունում երեխա ենք։ Եթե մեծահասակը կարդալով այս գիրքը հիշի, թե ինչ երազանքներ ուներ փոքր ժամանակ, խորհի՝ ով էր ու ով է դարձել հիմա… ես երջանիկ կլինեմ։

– Եթե վաղը ձեզ ասեն, որ «Հիշելու հեքիաթների» ութ պատումներից միայն մեկը պիտի ապրի հարյուր տարի հետո, ո՞րը կընտրեք։

– Չեմ կարող։ Այս հեքիաթները ես չեմ։ Այս պատումներում սուրբ Կոմիտասն է, Հովհաննես Թումանյանն է… Ես ո՞վ եմ, որ նրանցից մեկին ընտրեմ։ Հասկանում եմ, որ ի նկատի ունեք պատումը, բայց միևնույնն է՝ չեմ կարող ընտրել… թվում է կդավաճանեմ մյուսի հերոսին։

-Ձեր գիրքը շատ սիրուն նկարազարդում ունի։ Չե՞ք ուզի, որ մուլտֆիլմ դառնա։

 –Շատ եմ կարևորում գրքերիս նկարազարդումը։ Նկարիչների հետ մանրակրկիտ աշխատանք եմ տանում։ Ամեն փոքրիկ դետալն ինձ համար կարևոր է։ Օրինակ Կոմիտասի հեքիաթի նկարազարդման մեջ օգտագործել ենք Կոմիտասի թանգարանի նմուշներից նրա գորգը և Կուտինայի նրա սափորը։ Խրիմյան Հայրիկի նկարի մեջ օգտագործել ենք Վարդգես Սուրենյանցի հայտնի կտավում Հայրիկի ոտքերի տակի գորգը և այլն։ Ինչ վերաբերում է մուլտֆիլմին, այո, սիրով կհամագործակցեմ, եթե նման առաջարկ ստանամ և կբացեմ պատումներս՝ մուլտֆիլմերի սցենար դարձնելով։

– Ձեր գրքերն այսօր արդեն բեմադրվում են, դպրոցներում կարդացվում են, երեխաները խաղում են դրանց հերոսներին։ Երբևէ մտածե՞լ եք, որ մի օր ձեր հեքիաթներն էլ կդառնան պատմության մաս։

– Մի անգամ ինձ ասացին. «Դու այսօր մեր մեծերի համար վանքեր ես կառուցում, ինչպես Մոմիկն ու Տրդատը»։ Այդ խոսքերն ինձ շատ հուզեցին։ Իրոք իմ հեքիաթագրքերը ձոն են մեր ազգայինին, մեր մշակույթին, մեր մեծերին։ Թող դրանք դառնան պատմություն։

– Եվ վերջին հարցը։ Եթե մի երեխա փակի «Հիշելու հեքիաթները» և ասի՝ «Ես հասկացա, որ…», ինչպե՞ս կուզենայիք ավարտեր այդ նախադասությունը։

– «Ես հասկացա, որ ես էլ կարող եմ դառնալ Մեծ հայ և կարևոր գործեր անել իմ ազգի համար»։

 

Զրույցը՝ Սամվել Դանիելյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել