Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Փաստեր չկան, որ Գարիկ Գալեյանը թույլ է տվել վարչական իրավախախտում»

Փետրվար 15,2023 14:20

ՀՀ վարչական դատարանում այսօր ՆԳՆ ոստիկանության ներկայացրած՝ 44-օրյա պատերազմում անմահացած զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝  Գարիկ Գալեյանին (լուսանկարում) վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցի քննությունն էր։ Միջադեպը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2022թ․ սեպտեմբերի 21-ին, երբ Եռաբլուրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքն ապահովելու համար ոստիկանները բռնի, քարշ տալով եւ մարմնական վնասվածքներ հասցնելով բերման էին ենթարկել մոտ 4 տասնյակ ծնողների։

Ոստիկանությունը հայցադիմում էր ներկայացրել ընդդեմ Գալեյանի՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Այդ հոդվածը վերաբերում է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն եւ ենթադրում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով։

Ոստիկանությունը ծանուցվել էր նիստի օրվա եւ ժամի մասին, սակայն ներկայացուցիչը դատարան չէր եկել։ Դատարանը հայցի՝ datalex.am-ում հրապարակման օր է նշանակել։

Վարչական գործերով ծնողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ներսես Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում համոզմունք հայտնեց, որ ոստիկանության հայցը կմերժվի, որովհետեւ այն հիմնավոր չէ․ «Անգամ չեն փորձել հիմնավորումներ ներկայացնել։ Փաստեր չկան առ այն, որ Գարիկ Գալեյանը թույլ է տվել վարչական իրավախախտում։ Ես հիմնավորել եմ, որ ոստիկանությունն օրինական պահանջ չի ներկայացրել։ Այսինքն, եթե չի եղել պահանջ, նա էլ ի՞նչ պետք է կատարեր»։

Գարիկ Գալեյանն էլ իր հերթին ասաց․ «Կարծում եմ՝ դատարանն իրեն ոստիկանների պես չի պահի, այլ որպես արդար դատարան կդրսեւորվի։ Չեմ կարծում, որ կփորձեն վարչական տուգանքի ներկայացնել»։

Ծնողներին միավորող «Որդիների կանչ» հ/կ ներկայացուցիչ, 44-օրյա պատերազմում անմահացած Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը նշեց․ «Լավատես եմ, որ վարչական տույժ չի լինի։ Իրավական համակարգում երկակի ստանդարտներ են։ Մենք մի կողմից տուժող ենք ճանաչված, մյուս կողմից էլ մեզ ուզում են վարչական տույժի ենթարկել։ Այդ դեպքում ոստիկանությունը ո՞ր բարոյական կամ իրավական նորմով է նման բան անում։ Ինձ համար հասկանալի չէ։ Գազանաբար են վերաբերվել ծնողներիս։ Որպեսզի իրավիճակը մեղմացնեն, այս գործը «կարել» են մեր վրա։ Պետբյուջեն հերոսածին ծնողներին տուգանելու կարի՞ք ունի։ Եթե այո, մենք ծնողներով դրամահավաք կանենք ու կտանք այդ գումարը, բայց ոչ վարչական դատարանով»։

Հիշեցնենք, որ նույն պահանջով հայց ոստիկանությունը ներկայացրել է նաեւ 44-օրյա պատերազմում անմահացած զինծառայող Դավիթ Ուզունյանի հորը՝ Բագրատ Ուզունյանին, եւ ծնողների փաստաբանը նաեւ այդ գործով նույն հիմնավորումներն է ներկայացրել դատարանին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728