Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպում են ՏՏ ոլորտի ակտիվ գործատուները եւ ակտիվ աշխատանք որոնող մասնագետները

Փետրվար 18,2023 13:45

Կարիերայի հանգստյան օրեր նախաձեռնության շրջանակներում Մարիոթ հյուրանոցում կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ: Այսօր մինչեւ ժամը 18:00-ն ՏՏ ոլորտի մասնագետները շփվում են հայաստանյան 25-ից ավելի ՏՏ խոշորագույն ընկերությունների հետ, որոնք առաջարկում են թափուր աշխատատեղեր:

Aravot.am-ը զրուցեց նախաձեռնության կազմակերպիչներից Նարեկ Ասլիկյանի հետ:

-Ի՞նչն է առիթ դարձել, որպեսզի ծնվի այս նախաձեռնությունը:

-Անցած տարվանից սկսած մենք կազմակերպում ենք մեծ աշխատանքի տոնավաճառ: Հիմնական նպատակն է, որ կարողանանք մի տեղ հրավիրել բոլոր ակտիվ գործատուներին եւ ակտիվ աշխատանք որոնող մասնագետներին, այդ թվում նաեւ մարդկանց, որոնք Հայաստան են տեղափոխվել այլ երկրներից եւ այնքան էլ լավ պատկերացում չունեն, թե Հայաստանում աշխատաշուկան իրենից ինչ է ներկայացնում: Այսինքն, այս միջոցառումների շարքով օգնում ենք ոչ միայն տեղացիներին, այլեւ տարբեր երկրներից ինչ-ինչ պատճառներով Հայաստանում բնակություն հաստատած մասնագետներին, որպեսզի նրանք կարողանան արագ գտնել այնպիսի կազմակերպություններ, որոնց հետ կարող են համագործակցել:

-Եթե ավելի հստակ ասենք, հիմնական պատճառը ռուս-ուկրաինական հատուկ գործողությունն է, որի  հետեւանքով Ռուսաստանի, Բելառուսի եւ այլ երկրների հազարավոր մարդիկ հիմնական կամ ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանո՞ւմ:

-Այո, ի սկզբանե առիթը դա էր: Նաեւ այն, որ մենք ՏՏ մասնագետների շատ մեծ պակաս ունենք: Եվ դա նոր մասնագետների հոսք ստանալու շատ մեծ հնարավորություն էր հայկական տեխնոլոգիական աշխարհի համար: Եթե մենք չկարողանայինք ժամանակին այս միջոցառումները կազմակերպել եւ օգնություն ցուցաբերել Հայաստան տեղափոխված բարձր որակի մասնագետներին, ուղղակի մենք իրենց կկորցնեինք եւ նրանք կգնային այլ երկրներ, ինչպես ոմանք արդեն գնացել են: Բայց բարեբախտաբար, շատերը, նույնիսկ մեր սպասածից անհամեմատ ավելին,  մնացել են: Եվ եթե ստացվի նրանց մեծ մասին պահել այստեղ, շատ մեծ արդյունք կլինի:

-Այսինքն, դուք նաեւ փորձում եք պահել ՏՏ ոլորտի հայաստանցի այն մասնագետներին, որոնք պատրաստվում են հեռանա՞լ, եթե չօգտագործենք արտագաղթել տերմինը:

-Ճիշտ եք նկատել: Մենք փաստացի երեք թիրախային խումբ ունենք. լոկալ հայ մասնագետներ, որոնք ուզում են աճել այստեղ, երկրորդ խումբը հայրենադարձներն են՝ հայերը, որոնք Ռուսաստանից, Բելառուսից եւ ուրիշ երկրներից են գալիս Հայաստան եւ ուզում են այստեղ արագ իրենց համար հետաքրքիր զբաղմունք եւ հնարավորություններ գտնել, եւ երրորդը՝ այն մասնագետները, որոնք տեղափոխվել են այլ երկրներից: Ես չեմ կարող ասել, թե մեզ որքանով է հաջողվել նրանց պահել, բայց այդ ուղղությամբ աշխատում ենք:

– Վիճակագրական որեւէ տվյալ կա՞, թե ձեր այս նախաձեռնությունը ինչ արդյունքներ է արձանագրել անցած մեկ տարում:

-Նախնական գնահատականով վեց  հազարից ավելի մարդ մասնակցել է միջոցառումներին եւ հազարից ավելի մարդ Հայաստանում գտել է աշխատանք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728