Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի հետ այցելել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայր, որտեղ հանդիպում են ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և նրա տիկին Էլկե Բյուդենբենդերին: Դիմավորման արարողությունից հետո վարչապետ Փաշինյանը և տիկին Հակոբյանը գրառում են կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել ԳԴՀ նախագահի, իսկ տիկին Հակոբյանը` Էլկե Բյուդենբենդերի հետ:

Նիկոլ Փաշինյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննարկել են հայ-գերմանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել քաղաքական և տնտեսական բնագավառներում փոխգործակցության զարգացմանը: Այդ համատեքստում, կարևորվել է երկու երկրների կառավարությունների ակտիվ փոխգործակցությունը:

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է փոխանցել ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացի վերաբերյալ և նշել, որ ժողովրդավարությունը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն:

Տիկին Աննա Հակոբյանը և Էլկե Բյուդենբենդերը կարևորել են պետությունների ղեկավարների տիկնանց ակտիվ գործունեությունը տարբեր ուղղություններով:
Կարդացեք նաև
ԳԴՀ նախագահի տիկինը կարևորել է դուալ կրթության ոլորտի զարգացումն ու այդ ուղղությամբ կյանքի կոչվող ծրագրերը` մանրամասներ ներկայացնելով Գերմանիայում իրականացվող քայլերի վերաբերյալ:

Ընդգծվել է կանանց կարևոր դերը խաղաղության հաստատման և ամրապնդման գործում: Այս համատեքստում, տիկին Հակոբյանն Էլկե Բյուդենբենդերին հրավիրել է այս տարի Երևանում կայանալիք «Կանանց դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» թեմայով միջազգային գագաթնաժողովին:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ





















































