Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ, որ Վազգենի ծնունդին հավատալով գրենք, որ 21-րդ դարը մերն է լինելու»․ Արամ Սարգսյան

Մարտ 05,2023 21:34

«Վազգենը ոչ թե կորստի, վշտի, կորցրածի խորհրդանիշ է, այլ նա  հաղթանակների, ձեռքբերումների, համախմբման, ուժի, հույսի խորհրդանիշ է»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը։

Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 64 տարեկան։

Արամ Սարգսյանն ասաց՝ առավոտյան նայում էր համացանցը, բազմաթիվ գրառումներ կարդում, Վազգեն Սարգսյանի խոսքերից մեջբերումներ։ Վազգեն Սարգսյանը նաև շնորհալի գրող էր, ըստ Արամ Սարգսյանի՝ խոսքի, բառի իմաստը հարգող, գնահատող և բազմաթիվ լավ ասած խոսքեր ունի և մարդիկ մեջբերում էին։ Նա այս առիթով ասաց․ «Ամենաուժեղ խոսքը, որը Վազգենն ասել է, դա այն է, որ 21-րդ դարը մերն է լինելու։ Ուզում եմ, որ Վազգենի ծնունդին հավատալով գրենք, որ 21-րդ դարը մերն է լինելու, ոչ թե ասենք՝ ասելու համար, հավատանք, որ մերն է լինելու։ Այնպես, ինչպես այդ խոսքին հավատացին քառօրյա պատերազմի հերոսներ Ռոբերտ Աբաջյանը, Արմենակ Ուրֆանյանը, այնպես, ինչպես այս պատերազմում հավատացին Տարոն Անդրեասյանը, որը մեն- մենակ որոշեց չհանձնվել ու կրակելով գնաց հարյուրապատիկ իրենից ավել թշնամու դեմ, կամ ասենք մեր բոլորի կողմից սիրված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը, որը խնձոր ուտելով գմփացնում էր թշնամու ուղղությամբ»։

Արամ Սարգսյանը փաստեց՝ այս տղերքին ու Վազգենին միավորող մի ընդհանուր բան կա՝ սեփական եսը զրոյացնել ու ամեն ինչ հայրենիք համար անելը։ Ու շարունակեց․ «Ու այնպես, ինչպես հավատացին, որ 21-րդ դարը մերն է լինելու ու դրա համար տվեցին ամենաթանկը, մենք էլ պիտի համախմբվենք ու անենք ամեն ինչ, որ 21-րդ դարը մերը լինի, ոչ թե զոհվենք, այլ 21-րդ դարը մերն անելու համար այնպես աշխատենք, այնքան նվիրվենք մեր երկրին, որ այլևս զոհերի կարիք չլինի։ Ուզում եմ, որ Վազգենին ընկալենք հաղթողի կերպարով, որպես հաղթանակի խորհրդանիշ և այդ խորհրդանիշը և այս Եռաբլուրի զոհված տղերքի հաղթանակի խորհուրդը սրտներին պահելով՝ աշխատենք ու գործենք մեր հայրենիքն այնպիսին դարձնել, ինչի համար այս տղերքն իրենց կյանքը տվեցին։ Թող լույս իջնի բոլոր շիրիմների և հիշատակը վառ մնա սերնդեսերունդ, բայց մենք էլ մեր պարտքն ունենք այնպես անելու, որ այլևս զոհի կարիք չլինի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031