Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան․ «Այս խորհրդանշական օրը ուզում եմ, որ հայ կանայք լիարժեքորեն իրացնեն իրենց իրավունքը, հավատան, որ իրենց երազանքը իրականանալի է, եւ որ արժի դրա հետեւից գնալ»

Մարտ 08,2023 20:20

Կանանց տոնի առիթով Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում «Կնոջ հայացքը» խորագրով կին լուսանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացման ժամանակ մտահղացման նախաձեռնող «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն ասաց․ «Չեմ կարող հիացմունքս չհայտնել այն հրաշալի կանանց միջավայրում գտնվելու առիթով, որոնք տարբեր իրավիճակներում, տարբեր հանգամանքներում այնպիսի դրսեւորումներ են ունեցել, որ կարելի է միայն ու միայն հպարտանալ։ Իմ համար մեծ պատիվ է այս խորհրդանշական օրը ձեզ ողջունել եւ շնորհավորել Մարտի 8-ը։

Ակնհայտ է, որ օրը խորհրդանշում է պայքար, իրավունքների եւ անելիքի համար պայքար։ Եվ բազմաթիվ հնարավորությունների համար, որ մենք այսօր ունենք, պարտական ենք տարբեր դարաշրջաններում տարբեր կանանց մղած պայքարին։ Տարբեր կանայք, որոնք համարձակություն են ունեցել երազել եւ գնալ իրենց երազանքի հետեւից։ Այո, այսօր շատ հաճախ տարօրինակ է թվում, որ այն ազատությունները, որով օժտված է յուրաքանչյուր մարդ, այդ թվում կինը, տրված է բնատուր։ Եվ մենք պիտի այս օրը չմոռանանք, որ այդ ազատությունների համար տարբեր կանայք պայքարել են։ Սակայն ցավալիորեն նաեւ արձանագրում ենք, որ այսօր դեռ կարիք կա որոշ պայքար մղելու կանանց լիարժեք հնարավորությունների համար։

Բնավ հակված չեմ ասելու, որ պիտի տարբեր արտոնություններ լինեն, որ կանայք կարողանան արտոնյալ պայմաններում իրացնել իրենց իրավունքը։ Բայց ես շատ ուզում եմ, որ յուրաքանչյուր կնոջ որոշումը լինի, թե ինչով է ինքը զբաղվում, ինչից է ինքը երջանիկ, ինչպես է ուզում ապրել իր իսկ կյանքը։ Սա նշանակում է կրթվել, աշխատել, ստեղծագործել, արարել, երեխա դաստիարակել։ Եվ այսօր ուզում եմ շատ ցանկանալ, որ յուրաքանչյուր ընտրություն, որ անում է կինը, լինի բնական ընտրության արդյունք։

Այսօրվա ցուցահանդեսը մենք իրականում կազմակերպել ենք նաեւ այն պատճառով, որպեսզի ցույց տանք, թե ինչպես են կանայք տեսնում աշխարհը լուսանկարչական ապարատից անդին։ Եվ դուք տեսնում եք, թե ինչքան տաղանդաշատ են իրենց աշխատանքները։ Կանայք, ովքեր աշխարհն իրենց հայացքով ներկայացրել են մեզ, հնարավորություն են ընձեռում՝ ցույց տալու, թե ինչպես են տեսնում կանայք, ինչին են նայում եւ ինչպես են այն արտահայտում։ Թերեւս, ցուցահանդեսի իմաստը նաեւ ցույց տալն է աշխարհին թաքնվածը։

Սահմանամերձ բնակավայրերում ապրող կանայք եւ իրենց կյանքը, այն, ինչ իրենք ունեն եւ ինչեր առավել եւս չունեն։ Եվ դա մեզ հիշեցնեն ամեն օր։

Նկարներ, որ պատմում են պատերազմող կանանց մասին, որոնց մասին գրեթե չի խոսվում։ Ու մենք մոռանում ենք, թե ինչ հերոս կին  զինվորներ ունենք, թե ինչով ենք պարտական նրանց, որ հրաժարվել եւ զոհաբերել են կյանքի բազմաթիվ առավելություններ, հաճույքներ՝ իրենց նվիրելով հայրենիքի պաշտպանությանը։

Նրանք նկարում են սերունդների տարբերությունը, նկարում են բռնցքամարտիկ աղջկան, որն իր հեզությամբ եւ, թերեւս, կամքի ուժով ապացուցում է, որ նաեւ կինը կարող է բռնցքամարտիկ լինել՝ ազատելով մեզ ամեն օր ապացուցելու անհրաժեշտությունից, որ կանայք կարող են լինել ամենը, ինչ ցանկանում են։

Մեզ միայն մի բան է անհրաժեշտ։ Որ այդ ճանապարհին մեզ քիչ խանգարեն։ Հետեւաբար, ուզում եմ՝ ամեն տարի այս օրը օգնենք իրար, որ մեզ չխանգարեն։ Դա անում են երբեմն՝ միտումնաբար, երբեմն, արդարացիորեն ասենք՝ ոչ այնքան միտումնաբար։ Բայց մենք հո գիտենք, թե որտեղ են այն խոչընդոտները, որոնք դժվարացնում են կանանց՝ կյանքի կոչել տարրական իրավունքները․ կրթվելու, աշխատելու, ընտրելու, ընտրվելու, առաջնորդելու, ղեկավարելու։ Հետեւաբար, ուզում եմ, որ ամեն անգամ  այսօրվա այս խորհրդանշական օրը հետ նայենք մի տարի, տեսնենք, թե ամենքս մեր կյանքով ինչ ենք արել, որ հեշտացնենք, օգնենք հայ կանանց լիարժեքորեն իրացնեն իրենց ընտրելու եւ որոշելու իրավունքը, հավատալու, որ իրենց երազանքը իրականանալի է, որ արժի դրա հետեւից գնալ։

Շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում գեղեցիկ օր եւ հետայսու ամբողջ տարին»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031