Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան․ «Նիկոլ Փաշինյանը իմ ղեկավարն է, իմ ընկերն է, իմ գործընկերն է»

Ապրիլ 04,2023 19:33

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Կասկադում» իր անձի հետ կապված սկանդալից հետո հայտարարել էր,  թե հարձակման է ենթարկվել Նիկոլ Փաշինյանի որդին, Աշոտը, ինչը հերքել էին ինչպես իրավապահ մարմինները, այնպես էլ անձամբ Աշոտ Փաշինյանը եւ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր Ազգային ժողովի բակում լրագրողների հարցին, թե հերքելով նրա տարածած լուրը, որով Աննա Հակոբյանն էլ կիսվել է, հետեւաբար, փաշինյանների ընտանիքը ցանկանում է իրենից ազատվե՞լ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Չէ։ Ես որեւէ որակում չեմ տալու։ Իմ քաղաքական գնահատականը նույնն է մնում, որովհետեւ ես չեմ ուզում, որ ինձ մոտ լինի բան, որը որ իրականության հետ խնդիր ունի»։

Ճշտող հարցին, որ իր արածը չճշտված տեղեկության տարածում է, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Չճշտված  չէ, դա գնահատական է, որը, կարծում եմ, տարբեր է։ Ես չեմ ուզում հիմա որեւիցե ձեւով հակադրվեմ կամ մեկնաբանեմ։ Ես որեւիցե ձեւով դա չեմ մեկնաբանում։ Ուրախ եմ, որ ամեն ինչ լավ է, բայց քաղաքական սադրանքները կան, քաղաքական սադրանքների շարքը կա եւ քաղաքական սադրանքները, կարծում եմ, ցավոք սրտի, փորձելու են շարունակել»։

Լրագրողները նաեւ հարցրին, թե սփյուռքահայի երեսին թքե՞լն է ժողովրդավարական Հայաստանը, կամ սփյուռքի ներկայացուցիչն իրեն դավաճան ասելու իրավունք չունի՞, պաշտոնյան հակադարձեց․ «Նախ, որեւիցե մեկը ինձ դավաճան ասելու իրավունք չունի։ Երկրորդը․ սփյուռքին մի խառնեք այդ դաշնակցական անձնավորության հետ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունի եւ Հայաստանի Հանրապետությունում ազատ զբաղվում է իր բիզնեսով»։

Ալեն Սիմոնյանն ասաց նաեւ, որ համաձայն չէ, թե սփյուռքում մեծամասնությունը դաշնակցական է։ Նրա խոսքով, այդպիսի տպավորություն կա եւ ոչ բոլոր դաշնակցականներն են համակարծիք դրա հետ։ «Ինչ վերաբերում է միջադեպին, միջադեպի հետ կապված արդեն ամեն ինչ ասվել է։ Առաջին անգամ չէ, որ ես արձագանքում եմ նման արարքներին եւ հետագայում էլ եմ արձագանքելու։ Որեւիցե մեկը որեւիցե մեկին իրավունք չունի վիրավորել։ Առավել եւս, ընտրված իշխանություններին։ Տեսեք, կա օրենսդրական մեկնաբանություն։ Օրենսդրական առումով որեւիցե մեկը մարդ չի ծեծել, զուգարանակոնքին գլուխը չի խփել, ջարդել ինչ որ բանի համար, որեւիցե հետապնդում չկա իր խոսքի ազատությանը։ Ես իմ կարծիքն եմ ասել։ Կարող է, խոսելու ընթացքում նա այդպես է ընկալել, կամ այդպես թվացել է, որ նման բան է տեղի ունեցել։ Ես ցավում եմ, որ ինքը արդեն որերորդ անգամ դա անելով փորձել է հայտնի դառնալ եւ դարձել է։ Ես ուրախ եմ, որ իրենից հարցազրույց են վերցնում։ Բայց նման բաները չեն հան-դուրժ-վե-լու առնվազն իմ կողմից։

Ուշադիր լսեք։ Իմ ու վարչապետի միջեւ որեւէ հակասություն չկա եւ երբեւիցե չի կարող լինել։ Գուցե, բարձր է հնչում, բայց ես հասկանալով եմ ասում։ Ինքը ու ես մի թիմ ենք։ Ես թիմի ներկայացուցիչ եմ, ինքը իմ ղեկավարն է, իմ ընկերն է, իմ գործընկերն է։ Եվ եկեք փակենք այդ թեման»։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930