Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ գյուղի զորամասում զոհվածների ծնողները ցույց են անում կառավարության մոտ, նրանք փակել էին Տիգրան Մեծ պողոտան

Ապրիլ 21,2023 10:57

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետեւանքով զոհված զինծառայողների ծնողներն այսօր ցույց էին անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Նույն պահանջով ծնողներն ապրիլի 18-ին փակել էին Երեւան-Սեւան մայրուղին։ Նրանց մոտեցել էր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը եւ խոստացել պահանջը փոխանցել վարչապետին եւ նախարարին։ Հաջորդ օրը ծնողներին հայտնել էին, որ մինչեւ նախաքննության ավարտը Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը նպատակահարմար չեն գտնում հանդիպելը։

Զոհվածների ծնողները ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի  եւ Սուրեն Պապիկյանի հետ, քանի որ համաձայն չեն պաշտոնական վարկածին, ըստ որի՝ 15 զինվորի կյանք խլած հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառած կապիտանի անզգուշության հետեւանքով։ Նրանք կարծում են, որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Զոհվածների բազմաթիվ դիմումներին ՊՆ-ից այդպես էլ չեն արձագանքել:

Զոհվածների ծնողներն այսօր վաղ առավոտից փակ էին պահում մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտան: «Ներողություն ենք խնդրում մեր քաղաքացիներին անհարմարություն պատճառելու համար, բայց պայքարի այլ ձեւ չի մնացել»,- ասաց զոհված Գագիկ Բարսեղյանի հայրը՝ Արամ Բարսեղյանը, հավելելով. «5000-ի գլուխն էլ դուք կերաք, մեր երեխեքին էլ դիտավորյալ սպանեցիք։ 18 տարի երեխա ենք պահել, որ սպանե՞ք»։

Քիչ առաջ ծնողները հայտարարեցին, որ ժամանակավորապես բացում են ճանապարհը։ Ցույցը հսկող ոստիկանները տեղեկացրին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպելու պահանջը փոխանցվել է կառավարությանը։ Կառավարության նիստի ավարտից հետո ծնողները հանդիպման մասին պատասխան կստանան։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930