Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարություն ենք պահանջում». Վաշինգտոնում մի քանի ժամով փակել են Ադրբեջանի դեսպանատնից Սպիտակ տուն տանող ճանապարհները

Ապրիլ 25,2023 18:21

«Ամերիկայի ձայն». Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցը Վաշինգտոնում նախ հիշատակվեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությամբ՝ «Այսօր մենք կանգ ենք առնում հիշելու Մեծ եղեռնի` Հայոց Ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը և վերհիշում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը»,- ասել է նա և կոչ արել՝ «Եկեք կրկին պարտավորվենք բարձրաձայնել ատելության դեմ, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները»:

ԱՄՆ կողմից տրամադրված աջակցության, ցեղասպանության հանցագործության կանխարգելման և հնարավոր ցեղասպանությունների վտանգների շուրջ ելույթներ հնչեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հրավիրած միջոցառմանը։

ԱՄՆ պետքարտուղարության համաշխարհային քրեական արդարադատության հարցերով փոխդեսպան Դեյվիդ Մանդել-Էնթոնին կարևորեց Բայդենի կողմից Ցեղասպանության պաշտոնապես ճանաչումը՝ համարելով այն պատմության ճանաչման, և տուժածների և վերապրածների կողքին կանգնելու ԱՄՆ-ի հանձնառության հաստատումը։

«Այսօր մեր աջակցությունն ու հարգանքն ենք ցույց տալիս աշխարհի հայությանը այդպիսի մեծ ողբերգության հարցում։ Եվ մենք ստանձնում ենք դժվար, բայց անհրաժեշտ աշխատանք՝ կանխարգելել նման հանցագործությունն ապագայում»,-ասել է նա։
Միացյալ Նահանգներն անում է ամենը՝ վստահ լինելու, որ Հայոց Ցեղասպանության նման ողբերգություն երբեք չկրկնվի, նշել է ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատորի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին. «Միացյալ Նահանգների կառավարությունն անսասան է աշխարհում մարդու իրավունքները հարգելու և զանգվածային կոտորածները՝ ներառյալ ցեղասպանություն կանխարգելելու իր ստանձնած պարտավորության հարցնում»։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակուցը ևս կարևորեց Միացյալ Նահանգների կողմից ճանաչումը, ինչը քայլ է՝ կանխելու հետագա ցեղասպանությունները։

«Մենք պահանջում ենք արդարություն»,- 108-րդ տարելիցին Վաշինգտոնում մի քանի ժամով փակվեցին նաև Ադրբեջանի դեսպանատնից մինչև Սպիտակ տուն տանող ճանապարհները։ Հայ Դատի հանձնախմբի առաջնորդությամբ բողոքի ցույց տեղի ունեցավ նախ Ադրբեջանի դեսպանատան դիմաց, ապա մեկնարկեց քայլերթ դեպի Սպիտակ տուն։ Մասնակիցները ճանապարհին հանդիպեցին թուրքական և ադրբեջանական դրոշներով խմբերի Թուրքիայի դեսպանության և դեսպանի տան հատվածներում։
Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարությունը, ըստ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի, տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիայի աճի ֆոնին, սակայն այդ մասին չի խոսվում։

«Նախագահ Բայդենն իր ապրիլքսանչորսյան հայտարարության մեջ պետք է նշեր Արցախի շրջափակման, Ադրբեջանի ագրեսիայի մասին, քանի որ դա 1915-ի պարզ շարունակությունն է։ Փաստը, որ նա չի նշել այդ մասին, անհանգստացնող է մեզ համար»,-ասել է նա։
Օրն ամփոփվեց Սպիտակ տան դիմաց՝ կոչերով, պահանջներով ու իրազեկող վանկարկումներով։ «Ինձ համար մեծ պատիվ է, երբ ես բռնում եմ Հայաստանի և Արցախի դրոշը»,-«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասաց երթի մասնակիցներից Աննա Շահբազյանը։

Արուս ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930