Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան․ «Այս իշխանությունն այնքան կորուստներ է պատճառել, որ այսօր սպանված քաղաքացու օր է»

Ապրիլ 29,2023 20:48

Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո ամեն տարվա ապրիլի վերջին շաբաթ օրը նշվում է որպես Քաղաքացու օր։

Այսօր ընդդիմադիր դաշտի քաղաքական, հասարակական գործիչները, զոհված զինվորների ծնողները, ազատամարտիկները, սովորական քաղաքացիները 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մոր՝ Նաիրա Մելիքյանի հրավերով հավաքվել էին ԱԺ դարպասների առջեւ՝ ասելու, որ սա ոչ թե հպարտ քաղաքացու, այլ սպանված քաղաքացու օր է։ Նրանք նկատի ունեն 44-օրյա պատերազմում՝ հազարավոր եւ սեպտեմբերյան պատերազմում զոհված հարյուրավոր լուսավոր տղաներին, իշխանության վարած քաղաքականության արդյունքում Արցախի կորսված 75 տոկոսը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած ինքնիշխան Հայաստանի տարածքները, Ազատ գյուղում ողջակիզված 15 զինծառայողներին, ինչպես նաեւ տունուտեղից զրկված հազարավոր քաղաքացիներին։

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրատվամիջոցներին ասաց․ «Ի՞նչ ունենք այսօր հպարտ քաղաքացու օրը։ Ունենք 138 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ, ունենք այլեւս Լաչինում տեղադրված ադրբեջանական մաքսակետ։ Հենց այս պահին ինձ տեղեկացրին, որ տեղադրում են նաեւ ռենտգեն սարքեր, ինչը կոպտագույն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի  եռակողմ խայտառակ կապիտուլյացիոն հայտարարության, որի տակ կա նաեւ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը եւ որտեղ որեւէ բառ չկա Բերձորում մաքսակետ տեղադրելու մասին։ Այսուհետեւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի Արցախ գնալիս միայն ադրբեջանական մոնիթորինգի տակով կարող է անցնել։

Այսօր նշում են հպարտ քաղաքացու օրը։ 2021-2023 թվականների պատերազմներում՝ 44-օրյան չհաշված, սեպտեմբերյան, հետո նաեւ Ջերմուկ, մենք ունենք 300-ից ավելի զոհ, Ազատ գյուղում անհայտ պայմաններում այրված 15 զինվոր եւ նրանց ծնողներին, որոնք կառավարության դռներն էին թակում եւ ուզում արժանանալ հպարտ քաղաքացիների հպարտ ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, իսկ նույն պահին նա ցինիկաբար հումորներ էր անում եւ խոսում էր Աջափնյակի կայարանի մասին՝ իմանալով, որ այդ ծնողները այն դռան մոտ են, որ ասում էր՝ քաղաքացիների դուռն է։ Իսկ հիմա այս դարպասները մի քանի շերտով  զմռսված են։

Ունենք 100-ից ավելի ռազմագերիներ։ Նոյեմբերի 9-ի պայմանագրով հստակ նշված է, որ կրակի դադարեցումից հետո բոլոր պահված անձինք, գերիները, դիակները առանց որեւէ նախապայմանի պիտի վերադարձվեն, ունենք Նիկոլի կորտեժի տակ դաժանաբար սպանված Սոնա անունով աղջիկ իր դեռեւս չծնված երեխայի հետ, ունենք Հայաստանի ինքնիշխան տարածքից  160 քկմ կորուստ; Այս ցուցակը կարելի է շարունակել։ Եվ սրանից հետո խոսել քաղաքացու  տոնի մասին, այն քաղաքացու, որի երեսին թքում է այս շենքի ղեկավարը, ունենք այնքան ցինիզմ, անմարդկայնություն եւ ապրումակցման բացակայություն, որ խոսում են հպարտ քաղաքացու մասին ու ասում, որ այսօր հպարտ քաղաքացու տոնն է։ Ես ասել եւ ասում եմ․  դա կարող էր անել  եւ անում է միայն ադրբեջանական վեցերորդ շարասյունը՝ ի դեմս Հայաստանի իշխանության»,-ասաց տիկին Զոհրաբյանը։

Ակցիայի մասնակիցները քայլերթով գնացին Հյուսիսային պողոտա, որի սկզբնամասում գտնվող «Քայլող մարդը» արձանի պատվանդանը պատեցին արյունը խորհրդանշող կարմիր պաստառով, որի վրա ի տես անցորդների փակցրեցին երկրի իշխանավորների եւ  նրանց մերձավորների նկարները, որոնց վրա տոմատի մածուկ շաղ տվեցին, ինչի հետեւանքով թեթեւ քաշքշուք առաջացավ ակցիայի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930