Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Անկյունաքարային պահանջը համախմբել է բոլորին. «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժմանը միանում են նախկին եւ ներկա պաշտոնյաները

Ապրիլ 30,2023 18:38

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժումն Արցախի ողջ բնակչության անունից հանրային change.org հարթակում պահանջագիր է հրապարակել՝ պահանջելով վերացնել Արցախում Ադրբեջանի վարած՝ հայերի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը եւ ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումը: Պահանջագրի նախաձեռնողները նաեւ ստորագրահավաք են կազմակերպել Ստեփանակերտում, շրջկենտրոններում՝ Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում, ինչպես նաև Արցախի մյուս բնակավայրերում: Օրեցօր շարժումը նոր թափ է ստանում եւ համախմբում հանրության տարբեր շերտերին՝ հասարակ քաղաքացիներից մինչեւ նախկին եւ ներկա պաշտոնյաներ: Նախաձեռնությանը միանում են թե ստորագրահավաքով, թե՛ առցանց պահանջագրով:

Aravot.am-ի հետ զրույցում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման լրատվական կապերի պատասխանատու Արշակ Աբրահամյանը նշեց. «Արցախում ավելի քան 100 երիտասարդական կառույցներով համախմբել ենք՝ տեսնելով, որ պետության առջեւ ծառացած խնդիրները ավելանում են, շուրջ հինգ ամիս է գտնվում ենք շրջափակման մեջ եւ որեւէ դրական փոփոխություն տեղի չի ունենում: Այսպես որոշեցինք ստեղծել շարժումը, պահանջագիր ներկայացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ պետություններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ՌԴ նախագահին՝ որպես Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի ղեկավարի եւ ՀՀ վարչապետին՝ որպես Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրով Արցախի Հանրապետության հարցում իրավական եւ քաղաքական պատասխանատվություն  ունեցող պետության ղեկավարի:

2020թ նոյեմբերի 9-ից  ՀՀ վարչապետի մասնակցությամբ եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը պարբերաբար խախտել եւ շարունակում է անպատիժ խախտել այդ փաստաթղթի գրեթե բոլոր դրույթները՝ սպանելով Արցախի Հանրապետության բնակիչներին, բռնազավթելով նոր տարածքներ, կրակելով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մեր խաղաղ բնակիչների վրա, դեկտեմբերի 12-ից շրջափակման մեջ պահելով Արցախը, ապրիլի 23-ից էլ հսկիչ-անցագրային կետ տեղադրելով Բերձորի միջանցքում, ամբողջությամբ կտրելով Արցախի կապը մայր Հայաստանի եւ ընդհանրապես աշխարհի հետ: Վերջին  օրերին արդեն տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը բնապահպաններին հանել է, եւ նրանց տեղը զբաղեցրել են ուժայինները, ինչը եւս մեծ խնդիր է: Այս հարցը բնականաբար հուզում էր երիտասարդությանը, դրա համար շատ արագ ստեղծվեց համակարգող մարմին»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ շարժումը համահայկական, համազգային եւ համախմբող բնույթ է ստանում, «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժմանը միանում են նախկին եւ ներկա պաշտոնյաներ, նախագահներ, ի վերջո ցանկացած հայ, ով մտահոգ է Արցախի ճակատագրով,  Արշակ Աբրահամյանը հավելեց. «Շարժումը մեկնարկել էր Ստեփանակերտից: Կազմակերպչական մասը շատ արագ տեղի ունեցավ, ընթացքում էլ գործիքակազմը կատարելագործվեց: Առաջին օրվանից մեր սպասելիքները մի քանի անգամ գերազանցեցին՝ ժողովրդի ակտիվության առումով, նաեւ սոցցանցերում տարածվեց տեղեկատվությունը, եւ պաշտոնյաները, եւ խորհրդարանական ուժերը միացան, հասարակության բոլոր շերտերը  միացան: Շատ ողջունելի էր հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների աջակցությունը: Մոտենալով վրանների մեր կամավորներին, որտեղ ստորագրություններ էին հավքվում, ավագներն իրենց փորձը փոխանակում էին, խորհուրդներ էին տալիս: Իրենք 30 տարի առաջ եղել են ճիշտ մեր տարիքին, այն ժամանակ պարզապես այլ ձեւաչափով է կազմակերպվել ամեն բան, քանի որ ինտերնետ չի եղել:

Անդրադառնալով պահանջներին՝ նշեմ, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Արցախի ողջ բնակչության անունից պահանջում ենք ապահովել 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2021թ դեկտեմբերի 7-ի եւ 2023թ փետրվարի 22-ի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի 2020-22թթ որոշումների կատարումը, ադրբեջանական զինված ուժերի դուրս բերումը նոյեմբերի 9-ից հետո  բռնազավթված հայկական տարածքից, հրադադարի ռեժիմի ամբողջական պահպանում,  միջանցքի անհապաղ ապաշրջափակում, 5կմ լայնությամբ միջանցք՝ Հայաստանի հետ անխափան կապի ապահովում, ադրբեջանական անցակետի ապամոնտաժում:

Վերջինը անկյունաքարային պահանջն է, որը շատ արագ համախմբեց բոլորին: Պահանջներից մեկն էլ գերության մեջ պահվող անձանց, փախստականների՝ հայրենք վերադարձի ապահովումն է: Հանրագրի մեջ նաեւ նշում ենք, որ  եթե 7 օրվա ընթացքում հասցեատերերի կողմից գործնական քայլեր չձեռնարկվեն նշված կետերը կատարելու ուղղությամբ, մենք ստիպված ենք լինելու դիմել բոլոր անհրաժեշտ միջոցներին ու մեթոդներին՝ հայրենիքում ապրելու մեր իրավունքը, մեր երեխաների ապագան պաշտպանելու համար»:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը եւս միացել է շարժման պահանջագրին: «Ողջունելի է այս քաղաքացիական նախաձեռնությունը, որը մեր հավաքական կամքի ու ձայնի ներկայացման արդյունավետ ձևերից մեկն է: Նախաձեռնությանը կարելի է միանալ ու աջակցել թե՛ Արցախի տարբեր բնակավայրերում կազմակերպված ստորագրահավաքով և թե՛ առցանց պահանջագրով»,- գրել է Արցախի նախագահը ֆեյսբուքի իր էջում։

Ապրիլի 28-ին պահանջագրին էր միացել նաեւ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: «Միանում եմ «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման պահանջագրին, որով միջազգային հանրությանը Ադրբեջանի կողմից արցախահայության դեմ իրականացվող էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը թույլ չտալու և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու պահանջ է ներկայացվում:

Կարևոր եմ համարում բոլոր հնարավոր միջոցներով ու ձևերով մեր խնդիրը բարձրացնելը, աշխարհին Ադրբեջանի իրական նպատակները բացատրելը, որոնք փաթեթավորված լինելով եվրոպական ականջահաճո տերմիններով ու բառերով, իրականում հանցավոր՝ էթնիկ զտման ու Արցախի հայաթափման նպատակ են հետապնդում: Մեր շահերն առաջին հերթին մենք պետք է պաշտպանենք՝ աշխատելով բոլոր ուղղություններով, գործի դնելով բոլոր հնարավոր մեխանիզմները, նաև գործիքներ տալով տարբեր երկրներում Արցախի բարեկամներին՝ մեր շահերը դրսում ավելի արդյունավետ պաշտպանելու համար: Հուսով եմ, այս պահանջագիրը ևս այդպիսի մի գործիք կդառնա»,-գրել էր Ռուբեն Վարդանյանը՝ ֆեյսբուքի իր էջում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930