Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարող գնահատել՝ Վարդազարյանի հայտարարությունը քաղաքակա՞ն էր, թե՞ իրավական»․ դատախազը միջնորդեց մերժել Ռուբեն Վարդազարյանի պաշտպանի միջնորդությունը

Մայիս 05,2023 11:23 Share

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը։ Նախորդ նիստերից մեկում Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը ներկայացրել էր Վարդազարյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն։

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Ժամկոչյանն այսօրվա նիստում ներկայացրեց Վարդազարյանի փաստաբանների միջնորդության վերաբերյալ դատախազության պատասխանը՝ փաստաբանի հայտարարությունները որակելով քաղաքական։ «Բացի Գագիկ Ջհանգիրյանի հետ տեղի ունեցած խոսակցության դրվագից, մյուս բոլոր հանգամանքները մանրակրկիտ քննարկվել են պարոն Վարդազարյանի՝ որպես մեղադրյալ ներգրավելու որոշման բողոքարկման ժամանակահատվածում։ Եվ բոլորն էլ արձագանքել են, որ չկա որեւէ փաստական եւ իրավական հիմք՝ նման արձանագրում կատարելու համար։ Ի՞նչ է ներկայացվում միջնորդությամբ։ Ներկայացվում են ՀՀ-ում 5 տարի տեղի ունեցած իրադարձություններ՝ դրանք փորձելով կապել Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործին։ Սակայն պաշտպանության կողմը, ինչպես բողոքի քննության ընթացքում, այնպես էլ միջնորդության քննարկման ժամանակ որեւէ իրավական փաստարկ չներկայացրեց, որով կարող է հաստատվել նրանց կողմից ներկայացված միջնորդությունը։ Ըստ էության պաշտպանության կողմի միջնորդության մեջ ներկայացվեց Ազգային ժողովում տեղի ունեցած հարցուպատասխանը, որի ժամանակ խոսք է գնում բազմաթիվ քրեական գործերի մասին, այդ թվում, ինչպես միջնորդության մեջ է նշված, զանգվածային անկարգությունների վերաբերյալ, ԱԺ նախագահի վերաբերյալ քննվող քրեական գործերի։ Այսինքն՝ քաղաքական գնահատականները ես իրավասու չեմ որեւէ ձեւ մեկնաբանելու, ես չեմ կարող գնահատական տալ՝ պարոն Վարդազարյանի հայտարարությունը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում գտնվելու ժամանակահատվածում քաղաքակա՞ն էր, թե՞ իրավական բնույթի։ Այդ գնահատականները պետք է տրվեն իրավական փաստարկների հիմքով։ Որեւէ իրավական հիմք ներկայացված չէ, միջնորդության մեջ հակասական ու իրարամերժ մեկնաբանություններ կան»,- ասաց դատախազը։

Ըստ նրա՝ Գագիկ Ջհանգիրյանի հեռախոսազրույցի վերաբերյալ հարուցված է քրեական վարույթ։ Եվ քրեական գործով վերջնական որոշում կայացնելու դեպքում նոր միայն պաշտպանական կողմը կարող է փաստական տվյալները ներկայացնել դատարանին եւ այս միջնորդության շրջանակներում քննարկման առարկա դարձնել։ «Այսինքն՝ մենք ունենք իրավիճակ, երբ պաշտպանական կողմը ոչ թե հաստատված փաստարկներ է ներկայացնում դատարանին, այլ վարկած։ Պաշտպանական կողմը պետք է բերեր փաստական տվյալներ, դատարանին ներկայացներ իրավական հիմքեր, օրինակ, որ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ չեն եղել այդ ժամանակահատվածում այլ քրեական գործեր։ Դա այն դեպքում, երբ այդ ձայնագրության բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ իրականում եղել են այլ գործեր։ Գտնում եմ, որ միջնորդությունը հիմնավոր եւ պատճառաբանված չէ, այդ պատճառով խնդրում եմ մերժել»,- հավելեց Ժամկոչյանը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2019թ. հուլիսին նա, լինելով ԲԴԽ նախագահ, կատարել է Սահմանադրությամբ եւ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։ Մասնավորապես, նա «Signal» հավելվածով զանգել է իրեն ու պահանջել, որ փոխի «Ալավերդցի Վահագնի»՝ Վահագն Աբգարյանի հանդեպ կիրառված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին հաղորդում հետագայում ներկայացրել է հենց Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվեց եւ մինչեւ այժմ պաշտոնավարում է որպես ԱԱԾ պետի տեղակալ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031