Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

1919թ.-ին Թումանյանը Թիֆլիսում համահայկական ցույց է կազմակերպել՝ ի պաշտպանություն կոտորածի ենթարկվող Ղարաբաղի հայության. Նարինե Թուխիկյան

Մայիս 09,2023 13:24

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի նախկին տեղակալ Նարինե Թուխիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի ցույցի պատմություն

1919թ. հունիսի 22-ին Թիֆլիսի Վանքի Մայր եկեղեցու բակում Հովհաննես Թումանյանը կազմակերպում է համահայկական ցույց՝ միտինգ, ի պաշտպանություն կոտորածի ենթարկվող Ղարաբաղի հայության: Մասնակցում է ամբողջ հայ Թիֆլիսը: Հավաքվածներին Թումանյանը ներկայացնում է մի բանաձև, որն ընդունվում է միաձայն.

«Նկատի ունենալով, որ համաշխարհային պատերազմի ընթացքում, այն ժամանակ, երբ հայ ժողովրդին վիճակվեց մեն-մենակ պաշտպանել Երզնկայից մինչև Խրամ գետը ձգվող հսկայական ֆրոնտը, Ղարաբաղը իր 300000 հայությամբ, որ կազմում է ամբողջ ազգաբնակչության մոտ 80 տոկոսը, հերոսական կռիվ մղեց տաճկական զորքի դեմ, որ Ղարաբաղի այդ հերոսամարտը անվիճելի է դարձնում նրա պատմական և օրգանական կապը մայր երկրի հետ, մի կապ, որ ամբողջ Ղարաբաղի հայությունը իր հինգ համագումարներում հայտարարել է իբրև ազգաբնակչության ինքնորոշման սրբազան մի կամք, ի նկատի ունենալով, որ Ադրբեջանի ոտնձգությունները անվիճելի հայտարարելու Ղարաբաղը, բխում են նրա նվաճողական քաղաքականությունից, որ ներշնչում է Ադրբեջանին Հայաստանի և Անտանտի թշնամի Տաճկաստանը: Որ հայ անզեն գյուղացիների, կանանց և երեխաների մորթոտվելը տաճկական ագենտի և Ադրբեջանի կառավարության ստորությամբ տաճիկների հայաջինջ ոճրագործ քաղաքականության շարունակությունն է, որ հայության հետ պիտի միասին վրդովվի և դաշնակից պետությունների խիղճը-միտինգն իր ցասումն ու զայրույթն է հայտնում Ղարաբաղի անզեն կանանց ու երեխաների վերաբերմամբ տեղի ունեցած վանդալիզմի հեղինակներին: Իր ողջությունն է ուղարկում Ղարաբաղի հերոս հայությանը այն կռվի համար, որ նա վարում է հանուն մայր երկրի կյանքով ապրելու սրբազան իրավունքի:

Միևնույն ժամանակ միտինգը, վստահ Անտանտայի ժողովուրդների, կառավարությունների արդարամտության բարեկամական զգացմունքներին, որ հայ ժողովուրդը ձեռք է բերել իր աննախընթաց մարտիրոսությամբ, իբրև նրանց փոքր, բայց հավատարիմ դաշնակից, վստահ այդ զգացմունքներին, միտինգը դիմում է նրանց և խնդրում անմիջապես ձեռք առնել ամենակտրուկ զինական միջոցներ՝ անկրկնելի դարձնելու ապագայում Ղարաբաղի գյուղացիության կոտորածը տաճկա-ադրբեջանական ագենտների կողմից, որ կարող է վերածվել երկու հարևան ժողովուրդների փոխադարձ կոտորածի: Անմիջապես ձերբակալել և դատի հանձնել տեղի ունեցած կոտորածի հեղինակներին, անպայման հեռացնել ամբողջ Հայկական Ղարաբաղից Ադրբեջանի իշխանությունը, որին չի ճանաչում և երբեք չպիտի ճանաչի Հայկական Ղարաբաղը:

Թույլ տալ Հայկական Ղարաբաղին, համաձայն ազգաբնակչության անդրդվելի կամքի, կցվելու Հայաստանին և եթե այդ կցումը որևէ պատճառով անհնար գտնվի առայժմ, Հայկական Ղարաբաղում կազմակերպել դաշնակից պետությունների վարչություն մինչև Փարիզի կոնֆերանսի վերջնական վճիռը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031