Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի մասին ոչ մի որոշում չի կարող կայացվել առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի որոշումը. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արգենտինայի առաջատար լրատվամիջոցներին

Մայիս 15,2023 17:00

Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտից առցանց հարցազրույց է տվել Արգենտինայի առաջատար լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչների՝ խոսելով Արցախում տիրող իրավիճակի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրական նպատակների, շարունակվող շրջափակման ու ճնշումների մասին:

«Շուրջ 5 ամիս է՝ 120 հազար մարդ Արցախում ապրում է շրջափակման պայմաններում: Ադրբեջանը ձգտում է էթնիկ զտման ենթարկել Արցախի բնակչությանը՝ ստիպելով մեզ լքել մեր հայրենիքը, որտեղ մենք ապրել ենք հազարամյակներ շարունակ: Եվ չնայած բոլոր սպառնալիքներին և դժվարություններին՝ մենք մտադիր չենք լքել մեր տունը և հպարտ ենք, որ ապրում ենք այստեղ, ուր ամենուր տեսանելի են հայության սերունդների ժառանգությունը, հայկականության արմատները: Մենք պայքարում ենք մեր հողի վրա ապրելու մեր իրավունքի համար, և ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:

Պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հնարավորության մասին հարցին, Ռուբեն Վարդանյանը նշել է. «Ես չեմ հավատում խաղաղության համաձայնագրին, եթե այն միայն թղթի վրա է լինելու և չի արտացոլելու տեղում առկա իրավիճակը: Ինչպես կարելի է իրական և երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր պատկերացնել մի իրավիճակում, երբ մի կողմը կարծում է, որ հաղթողի իրավունքով պետք է բոլոր հնարավոր միջոցներով զիջումներ կորզել մյուս կողմից, մի իրավիճակում, երբ Ադրբեջանը շարունակում է խախտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունը, մի իրավիճակում, երբ Ադրբեջանը արհամարհում է միջազգային բոլոր կառույցների և դատարանների որոշումները: Եվ ամենակարևորը, Արցախի մասին ոչ մի որոշում չի կարող կայացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության, առանց հաշվի առնելու Արցախի ժողովրդի որոշումը»:

Անդրադառնալով հարցին, թե ինչ կարող է Սփյուռքն անել այս պահին Արցախին օգնելու համար, նա նշել է, որ արցախցիների համար կարևոր է զգալ, որ իրենք միայնակ չեն. «Իմ կոչն է Սփյուռքին՝ չլինել անտարբեր: Արցախում մարդիկ շատ ուժեղ են, բայց նրանք կարիք ունեն զգալու բոլորիս աջակցությունը»:

Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031