Լրահոս
Օրվա լրահոսը

Բազում գյուղում հույս ունեն, որ 30 եւ ավել տարի անց գոնե կկարողանան խմելու ջուր ունենալ

Մայիս 18,2023 23:40

Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող Բազում բնակավայրը, որ Վանաձորից մի քանի կմ հեռավորության վրա է գտնվում, ավելի քան  30 տարի զրկված է խմելու ջրից: Գյուղում ոչ խմելու ջրի խողովակաշար կա, ոչ էլ ներքին ցանց: Բնակիչների մի մասը տարիների ընթացքում խնդիրը լուծել է բնական աղբյուրների ջուրը տուն հասցնելով, մի մասը՝ գնելով, մի մասն էլ մեքենաներով քաղաքից ջուրը տուն հասցնելով: Սրան զուգահեռ, Բազումում դեռ կան թաղամասեր, որտեղ բացարձակ ջուր չի հասնում:

Վարչական ղեկավար Արթուր Ծատուրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ համայնքի ջրամատակարարման խնդրի հետ կապված արդեն իսկ որոշակի քայլեր են արվում, չնայած որ փակագծերը բացել վարչական ղեկավարը չցանկացավ, սակայն նշեց՝ երբ կլինի, այդ ժամանակ էլ  կմանրամասնեն. «Մենք փորձում ենք հովանավորներ գտնել, ընթացքի մեջ է…ցանկանում ենք ստացվի՝ նոր բարձրաձայնենք»,-ասաց նա:

Գյուղը 1800 բնակիչ ունի, վարչական ղեկավարն ասում է՝ գյուղն ապրում ու զարգանում է այնպես, ինչպես խոշորացումից հետո, չնայած որ, խոշորացումից հետո կարողացան ավելի մեծամասշտաբ ծրագրերի դիմել:

«30 տարուց ավել մարդիկ հիմնականում օգտագործել են հորերից ու բնական աղբյուրների ջուրը, որը խմելու համար պիտանի չէ, դրա մասին նաեւ մասնագետներն են ասել, խմելու ջրի ներքին ցանց էլ չունի գյուղը,  եթե ամեն ինչ մեր պլանավորածով լինի, կունենանք ջրագծի հիմնական գիծը, իսկ արդեն ներքին ցանցը  սուբվենցիոն ծրագրերով կփորձենք կառուցել»,-մանրամասնեց վարչական ղեկավարը, հույս հայտնելով, որ այսքան տարի անց գուցե հնարավոր լինի խնդրի լուծման ուղղությամբ ռեալ աշխատանքներ իրականացնել:

«Եթե ամեն ինչ մեր պատկերացրածով եւ ուզածով լինի, ուրեմն թե համայնքը, թե բարերարը եւ թե պետությունը պետք է ներդրում ունենան, ինչու ոչ նաեւ հենց բնակիչները»:

Էդվարդ Արզումանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031