Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյան․ «Սկսում ենք գործընթաց, որի նպատակը հանրաքվեն է՝ Արցախի հանրապետությունից հրաժարումը քրեականացնելու նպատակով»

Մայիս 23,2023 13:11

«ՀՀ որեւէ իշխանություն իրավունք չունի Արցախը ճանաչել այլ պետության, մասնավորապես Ադրբեջանի մաս»,-այս մասին այսօր ասաց «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը՝ «Ազատ Արցախ-Հայաքվե» օրենսդրական նախաձեռնության ներկայացման ժամանակ։

Նա ասաց, որ այս նախաձեռնությունը սկսում են, քանի որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հայտարարել է ՝ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քառակուսի կիլոմետրը, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղը։ Երեկ Արցախի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որով ՀՀ եւ ԱՀ նախկին եւ գործող նախագահներին կոչ է անում դատապարտել Փաշինյանի երեկվա հայտարարությունը։

Չալաբյանը եւս համամիտ է ԱՀ խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորի կարծիքի հետ՝ ով Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում՝ նա պետական դավաճան է։

«Դա դավաճանություն է մի պարզ պատճառով՝ Արցախն անկախացել է 1991 թվականին, սկզբից սեպտեմբերի 2-ի հայտարարությամբ, հետո դեկտեմբերի 9-ի հանրաքվեով։ Այդ ժամանակ գործող Խորհրդային օրենքներով Արցախը հռչակվել է անկախ պետություն, այնուհետեւ իր անկախությունն ու իր իրավունքները պաշտպանել է մի քանի պատերազմներով, մինչեւ հիմա ադրբեջանական ագրեսիան շարունակվում է։ Արցախի ժողովուրդը շատ ծանր գին է վճարել իր անկախության համար եւ դրանից հրաժարվելու մտադրություն չունի եւ ՀՀ որեւէ իշխանություն իրավունք չունի փորձել մղել Արցախը Ադրբեջանի գիրկը»,-ասաց Չալաբյանը։

Նա հիշեցրեց՝ Հայաստանի Հանրապետությունն իր ստեղծման հիմնադիր փաստաթղթով 1990-ի օգոստոսի 23-ի Անկախության Հռչակագրով հղում է կատարել Հայաստանի եւ Արցախի օրենսդիր մարմինների 1989 թվականի դեկտեմբերի 1-ի միասնական որոշման վրա, որով հռչակված է այդ երկու հանրապետությունների միավորումը՝ որպես վերջնական նպատակ․«Մեր Սահմանադրությունը հենված է անկախության հռչակագրի եւ այնտեղ հանրահռչակած համազգային նպատակների վրա, որոնցից կարեւորագույններից Արցախի եւ ՀՀ վերամիավորումն է եւ Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումն ու դատապարտումը։ Ուստի այս ամենը սահմանադրական կարգի հիմքում է եւ ցանկացած իշխանություն, որը փորձում է ՀՀ անունից հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից, դրանով ապօրինի քայլ է անում ՀՀ սահմանադրական կարգի դեմ»։

Փաշինյանն իր երեկվա հայտարարությամբ, ինչպես ասաց Չալաբյանը, առաջին անգամ բացահայտ հրաժարվեց ոչ միայն Արցախի Հանրապետությունից, այլեւ ՀՀ մյուս սահմանադրական հիմքերից՝ ՀՀ տարածքներից, որոնք նա կոչում է անկլավներ․ «Հրաժարվեց Արարատ լեռից որպես հայության խորհրդանիշ, այն հիմնավորմամբ, որ Թուրքիայից ճնշում կա։ Այս անձը փորձում է մեզ զրկել ինքնությունից, պատմական հիշողությունից, մեզ զրկում է ապագայից եւ ապագայի իդեալներից, փորձում է մեզ սարքել մանկուրտ, նյութապաշտ, վախկոտ եւ ողորմելի մարդկանց մի բազմություն, որն իրավունք չունի ազգ կոչվել։ Մենք չենք կարող սա հանդուրժել։ Այս իշխանությունը փորձել է մարդկանց մոտ անելանելիության զգացում ստեղծել։ 2021-ին ընտրությունները հաղթելով՝ փորձել է ստեղծել տպավորություն, թե հայ ժողովուրդը պաշտպանում է այս իշխանություններին եւ հայ ժողովուրդը կպաշտպանի ցանկացած գործողություն, որը կիրականացնի այս իշխանությունը։ Դա սուտ է»։

Չալաբյանը նաեւ հիշեցրեց, որ այս իշխանություններն ընտրվել են նախընտրական ծրագրով, որի հիմքում Արցախի ինքնորոշման ճանաչումն էր եւ Արցախի դեօկուպացիան․ «Հրաժարվելով սեփական նախընտրական ծրագրից, հրաժարվելով Սահմանադրության պահանջներից, այս իշխանությունները կամ պետք է սեփական քաղաքական ուղեգիծը հաստատեն նոր հանրաքվեով, ըստ էության ստանալով ժողովրդի բացահայտ քվեն՝ սեփական գործողությունների համար, կամ եթե դա չեն անում, մենք նրանց այդ հանրաքվեն կպարտադրենք»։

Չալաբյանը հայտարարեց նոր գործընթաց նախաձեռնելու մասին․ «Սկսում ենք գործընթաց, որի նպատակն ի վերջո հանրաքվեն է՝ Արցախի հանրապետությունից հրաժարումը քրեականացնելու նպատակով։ Այդ հանրաքվեն փուլային գործընթաց է։ Առաջին փուլում ստորագրահավաք տեղի կունենա, որպեսզի դրա հիման վրա Ազգային ժողով մտցվի օրենքի նախագիծը։ Եթե այս ԱԺ-ն չընդունի օրենսդրական նախագիծը, մենք կգնանք հաջորդ փուլին եւ կփորձենք պարտադրել հանրաքվե, որպեսզի ի վերջո ՀՀ 3-րդ հանրապետության հարցը որոշվի ժողովրդի միասնական կամարտահայտությամբ։ Եթե ժողովուրդը կողմ լինի այս իշխանությունների վարած քաղաքականությանը՝ մենք ստիպված կլինենք առայժմ հանձնվել դրան, եւ փորձել հետո փոխել ժողովրդի մոտեցումը։ Բայց եթե ժողովուրդը դեմ արտահայտվի՝ այս իշխանությունը պետք է հեռանա եւ իր հեռանալով ճանապարհ բացի մեր պետության փրկության համար, որովհետեւ այն, ինչ անում է այս իշխանությունը, դա 3-րդ հանրապետության գերեզմանափորի փորձն է։ Մեզ պետք է առնվազն 50 հազար արժանապատիվ եւ խիզախ քաղաքացիների աջակցությունը»,-ասաց Չալաբյանը, նշելով՝ սա գոյաբանական պայքար է, քաղաքականություն չէ։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031