Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք հնարավոր է խաղաղություն Ալիևի ինքնազսպման բացակայության պայմաններում. Արա Այվազյան

Հունիս 06,2023 22:20

Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանը հոդված է հրապարակել է EVN Report-ում, որի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.

2020 թվականը շրջադարձային էր հայերի համար, քանի որ այն բաժանեց ժամանակի մեր ընկալումը երկու տարբեր իրողությունների, ինչպես 1915-ին՝ պատերազմից առաջ և հետո։ Պատերազմը և դրա հետևանքները ազդել են մեր կյանքի բոլոր ոլորտների վրա՝ խորացնելով մեր անապահովության զգացումը և մեզ կանգնեցնելով մեր ազգի ապագայի մռայլ հեռանկարների առաջ, ինչպես որ եղավ մեկ դար առաջ:

Ազգային զարթոնքի ու պետականաշինության գործընթացը, որ սկսվեց 1991թ. և վերջին 30 տարիներին ոգեշնչման ու միասնության աղբյուր էր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մի ակնթարթում հայտնվեց փլուզման եզրին։ Այնուամենայնիվ, ներկայիս աշխարհաքաղաքական փակուղուց ելք փնտրելու, պատերազմի սարսափելի հետևանքները հաղթահարելու և արդար ու արժանապատիվ խաղաղության հիմքեր դնելու փոխարեն, այս կրիտիկական ժամանակներում գերակշռող քաղաքական պատմույթը պտտվում է այն հարցի շուրջ, թե ով է մեղավոր ներկայի իրավիճակի համար, ինչը մարմնավորված է հակառակ ճամբարների անողոք և հյուծիչ մատնանշումներում: Այս առումով օգտակար է մի քանի հակիրճ դիտողություններ անել պատերազմ և խաղաղություն հասկացությունների փոխհարաբերության վերաբերյալ։

Մարդկության պատմության ընթացքում պատերազմները եղել են մշտական ներկայություն և մնում են պետությունների միջև փոխգործակցության ամենաարդյունավետ գործիքը: Համաշխարհային պատմությունը վկայում է, որ աշխարհի քաղաքական քարտեզը ձևավորվել է  կազմակերպված բռնության՝ պատերազմների միջոցով՝ նոր պետությունների առաջացման և հների անհետացման հետ: Պատերազմները մղվում էին ոչ թե պարզապես պատերազմում հաղթանակի համար, այլ հիմնականում թշնամուն պարտադրելու սեփական կամքը և ձևավորվելու խաղաղություն, որը լավագույն կերպով կհամապատասխաներ հաղթող կողմի շահերին: Սա հենց այն է, ինչ նկատի ուներ պրուսյան ռազմական ստրատեգ Կարլ ֆոն Կլաուզվիցը, երբ ասում էր, որ «պատերազմը պարզապես քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով»։ Այլ կերպ ասած, եթե պատերազմը ինքնապաշտպանության հուսահատ վարժություն չէ, պատերազմի նպատակը ավելի լավ խաղաղության հասնելն է:

Պատմությունը հաճախ ցույց է տալիս, որ պատերազմում հաղթանակը պարտադիր չէ, որ հանգեցնում է ավելի լավ խաղաղության: Ասում են, որ Նապոլեոնը հաղթել է 58 խոշոր ռազմական արշավներից 50-ում (որոշ պատմաբաններ պնդում են 53-ում): Այնուամենայնիվ, չնայած լինելով բոլոր ժամանակների ամենահայտնի ռազմական հրամանատարներից և քաղաքական գործիչներից մեկը՝ նա չուներ ուժի կիրառման վերջնական նպատակների ռազմավարական տեսլական: Դա ստիպեց նրան կորցնել իր «ռազմավարական պահը», և նա ի վերջո գահընկեց արվեց: Համաշխարհային պատմության մեջ շատ նման օրինակներ կան։

Բացի այդ, ռազմական գործողությունների դադարեցումը չի նշանակում պատերազմի ավարտ, եթե չընդունվի նոր ստատուս քվոն, և հակամարտող կողմերը չստորագրեն «նոր խաղաղության» դարաշրջան հռչակող համաձայնագիր։ Այս փուլում դիվանագիտության դերը էական է և նույնքան կարևոր, որքան զինվորականների դերը։ Եթե վերափոխենք աֆղանական առածը՝ «Պատերազմն ավարտվեց. հիմա իսկական կռիվն է սկսվում», քանի որ ռազմական գործողություններին հաջորդող բանակցությունների արդյունքը ի վերջո հաստատված խաղաղության հիմնական որոշիչն է:

Ժամանակակից պատմությունը դասեր է քաղում անցյալ պատերազմի փորձից և խաղաղարարության ժառանգությունից: Հենրի Քիսինջերը առաջնահերթությունը տալիս է խաղաղ բանակցությունների շուրջ հաղթանակած պետությունների ինքնազսպման զգացմանը, ինչը վերջ դրեց Վիետնամական պատերազմին: Նա ասել է, որ «պարտված թշնամու հետ գործ ունենալիս, խաղաղ կարգավորում նախագծող հաղթողները պետք է անցում կատարեն անզիջողականությունից (որը կենսական նշանակություն ունի հաղթանակի համար) հաշտեցման, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության հասնելու համար»: Սա մի բանաձև է, որը Եվրոպայում ապահովեց երկարատև՝ գրեթե մեկ դար տևած (մի քանի բացառություններով) խաղաղություն 1814-1815թթ. Վիեննայի կոնգրեսից հետո, ի տարբերություն Փարիզի խաղաղության կոնֆերանսի և Վերսալի պայմանագրի սխալների Մեծ պատերազմից հետո, որտեղ Գերմանիան ենթարկվեց լիակատար կապիտուլյացիայի։ Այս սխալները դարձան Երկրորդ համաշխարհային պատերազմի նախագուշակ և գլխավոր կատալիզատորներից մեկը։

Յուրաքանչյուր պատերազմի հասկանալը համատեքստայնացում է պահանջում: Այսօրվա համատեքստում ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը` ռեալպոլիտիկը, կրկին գերիշխող մեթոդ է դարձել միջազգային հարաբերություններում։ Ուժային քաղաքականությունը հետևողականորեն սրբել-տարել է հետսառըպատերազմյան ստատուս քվոյի և անվտանգության նախկին ճարտարապետության մնացորդները:

Չարդարացնելով հայկական կողմի ճակատագրական սխալները՝ Լեռնային Ղարաբաղը ընդամենը ևս մեկ օղակ էր ուժի կիրառման պարուրաձև տրամաբանության մեջ՝ պարտադրելու համար նոր աշխարհակարգ ներկայիս ընդլայնվող համաշխարհային անկարգության մեջ։ Այսօր մեր առջև ծառացած մահացու մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է առանց կողմնակալության ընդունել մեզ շրջապատող աշխարհաքաղաքական իրականությունը, ինչպես նաև մեր սխալներն ու սխալ հաշվարկները:

Յուրաքանչյուր պատերազմ ավարտվում է խաղաղությամբ, բայց, ցավոք, ցանկացած խաղաղություն ցիկլային կերպով ընդհատվում է պատերազմով։ Ինչպես իրավամբ նշել է Իմանուել Կանտը, «հավերժական խաղաղությունը հասանելի է միայն գերեզմանում»: Ի տարբերություն 1814թ. հաղթական տերությունների՝ Ադրբեջանի ղեկավարը չի թաքցնում այսպես կոչված խաղաղության իր տեսլականը, որով սպառնում է Հայաստանին, և որը երաժշտություն է միջազգային հանրության ականջին։

1860-ականների սկզբին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բենջամին Դիզրաելին Ֆրանսիայում Պրուսիայի դեսպան Օտտո ֆոն Բիսմարկի հետ հանդիպումից հետո մարգարեաբար ասաց. «Զգուշացեք այս մարդուց, որովհետև նա ասում է այն, ինչ մտածում է»: Հաջորդ տասնամյակում երկաթե կանցլերը ռեալպոլիտիկի իր տեսլականով փոխեց ողջ Եվրոպայի ճակատագիրը։ Ուժի կիրառման հաջողությունից արբեցած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խաղադրույք է կատարում անվերահսկելի ուժային քաղաքականության հետագա վարժությունների վրա։ Նա Հայաստանի և Արցախի հանդեպ իր անսահմանափակ հավակնությունները համատեղում է միջազգային կարևոր խաղացողների դեմ բացահայտ մարտահրավերների և սպառնալիքների հետ։ Սակայն, ի տարբերություն Մեծ պրուսացու, նա ակնհայտորեն կորցրել է ինքնազսպման հասկացությունը։

Պատմությունը կարող է խոհուն ուղեցույց լինել Ադրբեջանի ղեկավարի համար, ինչպես և Քիսինջերի նախազգուշացումն այն մասին, որ «հաջողությունը հաճախ այնքան անորսալի է, որ այն հետապնդող պետական այրերը հազիվ թե իրենց նեղություն են տալիս մտածելու, որ այն իր հետ կարող է բերել պատիժ հենց իրենց համար»:

Այն բարդ ու անելանելի թվացող իրավիճակը, որում ներկայում հայտնվել է Հայաստանը, կարող է և պետք է փոխվի։ Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ այսօրվա ռեալպոլիտիկ աշխարհում ուժային քաղաքականությունը չի զսպվի որևէ միջազգային երաշխիքով կամ պաշտոնական Երևանի՝ ժողովրդավարական արժեքներին հավատարիմ լինելով։ Ինչպես հարյուր տարի առաջ զգուշացրել է ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը, «այն, ինչ ազգը չի կարող պաշտպանել սեփական ուժով, չի կարող պաշտպանվել միջազգային հանրության կողմից»: Ուժի կիրառումն ապարդյուն կլինի, քանի դեռ այն չի կարող անուղղելի վնաս հասցնել հակառակորդին։ Հայաստանը դեռևս ունի ներքին և արտաքին իշխանությունը համախմբելու կարողություն, որը բավարար է իր հարևանի շարունակվող ագրեսիան չեզոքացնելու համար։

Ապամոնտաժելու փոխարեն անվտանգության նախկին ճարտարապետությունը, որը ժամանակի ընթացքում ապացուցել է իր անարդյունավետությունը, այն պետք է փոփոխվի և ընդլայնվի՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ներգրավելով նոր գործընկերների, որոնք միավորված կլինեն փաստացի սպառնալիքների և անվտանգության հարցում մտահոգությունների ընդհանուր ընկալմամբ: Միայն այս պայմանով հնարավոր կլինի կանխել նոր պատերազմները կամ ագրեսիան և ապահովել, որ Հայաստանը և նրա դաշնակիցները դառնան ուժ, որը մյուս ուժերը չեն կարող անտեսել։

Ցավոք, Հայաստանը անշեղորեն զիջում է իր բանակցային դիրքերը։ Ինչպես նշել է Քիսինջերը, երկրի սակարկությունների ուժը կախված է այն տարբերակներից, որոնք, ունի: Փակելով տարբերակները՝ հակառակորդներն ավելի հեշտությամբ կարող են հաշվարկել իրենց քայլերը: Դրա դեմ զգուշացրել է Ուինսթոն Չերչիլը 1926թ.նամակում.

«Քանի դեռ չես պարտվել, չկա ավելի վատ չարիք, քան պատերազմի վախից սխալին և բռնությանը ենթարկվելը: Հենց որ ընդունում ես այն դիրքորոշումը, որ ոչ մի պարագայում չես կարողանա պաշտպանել քո իրավունքները ագրեսիայից, պահանջները, որոնք կներկայացվեն կամ նվաստացումը, որ պետք է ընդունվի, վերջ չեն ունենա»:

Պատերազմը և խաղաղությունը մարդկության պատմության անբաժանելի շարժիչ ուժերն են: Չնայած ճակատագրի բոլոր շրջադարձերին, մարդկությունը չի կարողացել արմատախիլ անել պետականորեն կազմակերպված բռնությունը` պատերազմը, որպես իրադարձությունների ընթացքի վրա ամենաուժեղ ազդեցությունը: Քաղաքական ռեալիզմի հիմնադիր Տուցիդիդեսը 2500 տարի առաջ կանխատեսել էր, որ պատերազմները կլինեն ժողովուրդների կյանքի մի մասը, քանի դեռ «վախը, պատիվը և շահը» պետությունների փոխգործակցության ամենաուժեղ և կայուն շարժառիթներն են: Պատերազմի վերաբերյալ երկու իրար հակադրվող դրույթ կա.

– Պատերազմը չափազանց կարևոր է՝ գեներալներին թողելու համար.

– Պատերազմը (իսկ մենք կարող ենք ավելացնել՝ խաղաղությունը, քանի որ հարատև խաղաղություն հաստատելն ավելի դժվար է, քան պատերազմը) չափազանց կարևոր է՝ քաղաքական գործիչներին թողելու համար:

Այս օրհասական ժամանակներում մեր երկրին պետք են մարդիկ, ովքեր մեծ ռազմավարություն կմշակեն՝ նպատակաուղղված կերպով օգտագործելու պետության և ազգի ողջ ունեցածը։ Սա ներառում է քաղաքական և ռազմական առաջնորդներ, որոնք կարող են աշխատել արդար, արժանապատիվ և տևական խաղաղության հասնելու ուղղությամբ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930