Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանի կողմից բռնությունը դառնում է վարքագիծ

Հունիս 19,2023 12:30

Շարունակվում են փաստաբանների բողոքի ակցիաները՝ կապված փաստաբանների հանդեպ բռնությունների հետ: Երեկ փաստաբաններն «Ընդդեմ փաստաբանների դեմ բռնությունների» բողոքի երթ իրականացրին ԵՄ հայաստանյան գրասենյակի դիմաց՝ ի պաշտպանություն ոստիկանների կողմից ծեծված փաստաբանների:

«ԱՀԱՐՈՆՅԱՆ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Միքայել Ահարոնյանը «Առավոտի» հետ հարցազրույցում խոսում է ոստիկանության բաժիններում բռնություն գործադրելու դեպքերից՝ հույս հայտնելով, որ փաստաբանի նկատմամբ բռնության գործադրման վերջին աղմկահարույց դեպքը կստանա քրեաիրավական համարժեք արձագանք:

– Պարոն Ահարոնյան, արդեն երկրորդ դեպքն է արձանագրվում, երբ ոստիկանության բաժիններում փաստաբանի նկատմամբ բռնություն է կիրառվում։ Փաստաբաններն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս անպաշտպան են: Ոստիկանները հիմա կարո՞ղ են ասել, թե շարքային քաղաքացիները, ովքեր տարվում են ոստիկանություն, «մաքուր ձեռքերի» մեջ են, երբ փաստաբանների վրա են նրանց հետքերը:

– Բռնությունը երբեք չի ունեցել արդարացումներ, եւ չի էլ կարող ունենալ, հատկապես, եթե խոսքը վերաբերում է այն անձին, որը կատարում է իր մասնագիտական պարտականությունները։ Փաստաբանությունը իրավապաշտպան առաքելություն ունի։ Մենք պաշտպանում ենք անձին ենթադրյալ մեղադրանքից եւ, մասնագիտական գործունեությամբ պայմանավորված, մենք ամեն օր ու ամեն ժամ շփվում ենք ե՛ւ ոստիկանության աշխատակիցների հետ, ե՛ւ քննչական կորպուսի, դատախազության հետ, ի վերջո, պաշտպանություն ենք իրականացնում դատարաններում։ Պատկերացնում եք, չէ՞, այս մարմինների, նրանց ծառայողների հետ շփման առանձնահատկությունները, հատկապես, եթե թիրախում զգայուն, հասարակությանն առավել հետաքրքրող քրեական վարույթներ են։ Եվ քրեական վարույթների զգայունությամբ է պայմանավորվում հենց ոստիկանության աշխատակիցների չակերտավոր ասած «պարտքը»՝ ամեն գնով բացահայտել ենթադրյալ հանցագործությունը։

Բռնությունը ոստիկանության բաժիններում տարածված երեւույթ է, եւ դա միայն մեր երկրին չի, որ վերաբերում է։ Մինչդեռ բոլորը խոսում են, որ հատկապես ոստիկանության բաժիններում բռնություն գործադրելը վատ բան է, եւ գործնականում չեն պայքարում բռնարարների նկատմամբ։ Առաջին դեպքը մեզ համար առանձնակի կարեւորություն ունեցավ, քանի որ մեր գործընկերները՝ Մարզպետը եւ Էմանուելը, ոստիկանության բաժնում ենթարկվեցին բռնության։ Նրանք բռնության ենթարկվեցին հենց ոստիկանության աշխատակիցների կողմից՝ կատարելով իրենց մասնագիտական պարտականությունները։ Ոստիկանությունը բռնարարների նկատմամբ կիրառեց ամենամեղմ պատասխանատվության միջոցը, կարծեմ այդ ոստիկանները հիմա կադրերի ռեզերվում են։ Թեպետ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, սակայն թվաց թե այս դեպքով կավարտվի փաստաբանի նկատմամբ բռնություն կիրառելու ոստիկանության վարքագիծը: Բայց փաստորեն ոստիկանության բաժիններում փաստաբանի նկատմամբ բռնությունը դառնում է վարքագիծ, որը կարող է վերածվել սովորական երեւույթի։ Այս պայմաններում մեծ գործ ունենք անելու ինչպես մենք՝ փաստաբաններս, այնպես էլ՝ կարծում եմ, իրավապահ մարմինները: Նրանք պետք է համահունչ արձագանքեն եւ գործուն ջանքեր ներդնեն փաստաբանի նկատմամբ բռնությունը բացառելու ուղղությամբ։

– «Ինձ աշխատասենյակից դուրս բերելուց հետո մեղմ եւ հետո ավելի ագրեսիվ պահանջներ են ներկայացրել՝ ոստիկանության շենքը թողնել։ Ամեն կերպ փորձել եմ վերադառնալ պաշտպանյալիս մոտ, հանկարծակի իմ նկատմամբ կիրառվել է ոչ թե անհամաչափ ֆիզիկական ուժ, այլ անհարկի ֆիզիկական ուժ»,-գործընկերներիս ասել էր փաստաբան Կարեն Ալավերդյանը («Առավոտ», հունիսի 15, «Փաստաբանները պահանջում են»), որի նկատմամբ բռնություն էր կիրառվել:

– Այո, հենց այդ մասին էլ ցանկանում եմ խոսել։ Մի դեպքը դեռեւս ամբողջությամբ չմարսած՝ իմանում ենք, որ մեր մյուս գործընկերը եւս բռնության է ենթարկվում՝ իր մասնագիտական, օրինական գործունեությունն իրականացնելիս։ Այս դեպքերը մասնավոր դեպքեր չեն, եւ պայմանավորված են միմիայն փաստաբանի մասնագիտական, օրինական գործունեությամբ։ Գիտեք, որ փաստաբանների պալատն այսօր մեծ աշխատանք է կատարում, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսվեց այս արատավոր երեւույթի մասին, եւ հույս ունենք, որ այս դեպքով կավարտվի փաստաբանների նկատմամբ բռնության գործադրումը։

Միաժամանակ, կցանկանայի ընդգծել, որ մենք մեր աշխատանքով նպաստում ենք արդարադատության իրականացմանը եւ գործուն քայլեր ենք իրականացնելու փաստաբանի նկատմամբ բռնությունը բացառելու ուղղությամբ։

– Պարոն Ահարոնյան, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այսքան հաճախակիացել բռնության կիրառումը մարդու նկատմամբ։

– Ոստիկանության այս վարքագիծը ես կարող եմ պայմանավորել նոր քրեական օրենսգրքի եւ նոր քրեական դատավարության օրենսգրքի կիրառման առանձնահատկությունների հետ։ Նոր քրեական դատավարության օրենսգիրքը բավականին խիստ է, եւ որոշակի պայմաններ ու չափանիշներ է սահմանում վարույթն իրականացնող մարմինների համար։ Վարույթային եւ այլ գործողությունների ժամանակ նշված է փաստաբանի՝ պաշտպանի, պարտադիր մասնակցության պահանջը։ Այս պահանջը պատրանքային չէ. օրինակ, վարույթի որոշակի փուլում որոշակի գործողություններ կարող են դառնալ ապացույցներ, սակայն, եթե դրանք չեն կատարվել պաշտպանի պարտադիր մասնակցությամբ, ապա ապացույցների զամբյուղում տեղ չունեն, ինչի հետեւանքով, օրինակ, մեղադրյալը կարող է արդարացվել արարքում։

Մեր պատկերացմամբ՝ թե՛ ոստիկանության, թե՛ քննչական ու դատախազական մարմինների համար պետք է առավել շահավետ լինի վարույթի ամբողջ ընթացքում փաստաբանի մասնակցությունը, սակայն առաջ գնալու թվացյալ պատրանք ստեղծելով, մենք ապրում ենք մեծագույն նահանջ։

Իմ առավել ավագ սերնդի գործընկերները, որոնք ժամանակին նաեւ ուժային կառույցներում են աշխատել, փաստաբանի նկատմամբ բռնության դեպքերի մասին խոսելիս, հիշում են 90-ականները եւ ասում, որ անգամ այն ժամանակ փաստաբանի նկատմամբ այսպիսի վերաբերմունք չի դրսեւորվել։

– Եթե նախկին քրեական օրենսգրքի պայմաններում չէր հստակեցվում, թե ինչ է բռնությունը, ապա այսօր, կարծեմ, սահմանվում է «բռնության» երեւույթը։

– Այո, այսօր քրեական օրենսգրքում, կարելի է ասել, որ նվազել են գնահատողական դատողությունները։ Օրինակ, նախկինում ընդունված էր ասել «հասարակական կարգի կոպիտ խախտում», այսօր դա ձեւակերպվում է որպես «հակաիրավական գործողություն»։ Ինչ վերաբերում է «բռնություն» հասկացությանը, ապա նոր քրեական օրենսգիրքը տալիս է այդ սահմանումը. «Բռնությունը այլ մարդու նկատմամբ նրա կամքին հակառակ կամ կամքն անտեսելով, դիտավորյալ ֆիզիկական ներգործություն գործադրելը կամ այդ եղանակով նրան ֆիզիկական վնաս պատճառելն է»։

Հույս ունեմ, որ այս դեպքով կավարտվի փաստաբանի նկատմամբ բռնության գործադրումը, եւ գործում ներգրավված մեղավոր անձինք կենթարկվեն խիստ պատասխանատվության։

Հարցազրույցը վարեց՝

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930