Լրահոս
Օրվա լրահոսը

Team Telecom Armenia-ն Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում առաջին անգամ բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում է իրականացնում

Հունիս 22,2023 11:13

Team Telecom Armenia-ն հունիսի 21-ին պաշտոնական միջոցառմամբ ազդարարեց բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) մեկնարկը։ 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմսի տեղաբաշխումն իրականացնելու է Ամերիաբանկը։ Մեկ բաժնետոմսն ունենալու է մեկ ձայնի իրավունք։ Տեղաբաշխումից հետո Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը կցուցակվեն Հայաստանի արժեթղթերի բորսայում՝ ավելի ամրապնդելով ընկերության տեսանելիությունը և վարկանիշը:

«Այսօր մեր ընկերության համար շատ կարեւոր օր է, որովհետեւ ընկերությունն առաջին անգամ Հայաստանում տելեկոմ եւ տեղեկատվական ոլորտում իրականացնում է IPO, ինչը նշանակում է, որ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է դառնալ ընկերության լիիրավ բաժնետեր՝ գնելով բաժնետոմսեր։ Առաջնային հրապարակային առաջարկը փաստում է, որ մենք նվիրված ենք թափանցիկ գործելաոճին, աճին ու հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը։ Հայաստանի տելեկոմ ոլորտի ապագան այսուհետ ձևավորելու ենք Team-ի բաժնետերերի հետ միասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հայկ Եսայան

Նրա խոսքով՝ ընկերությունը վերջին երկու տարիներին ունեցել է միջինում 8-9 տոկոս աճ, եւ որոշել են, որ հիմա ճիշտ ժամանակն է նոր միջոցներ ներգրավել, որպեսզի ընկերությունն ավելի արագ զարգանա։

Ներգրավված միջոցները Team Telecom Armenia-ն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։ «Այն միջոցները, որոնք կներգրավվեն, ամբողջությամբ կներդրվեն կապիտալ ծախսերի մեջ, եւ էլ ավելի արագ կզարգացնենք Հայաստանում օպտիմանրաթելային ցանցը, 4 G եւ 5G ծածկույթները։ Մենք կարեւորում ենք երկրում արագ զարգացող տելեկոմ ունենալը եւ վստահ ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում կլինենք ամենաառաջատարը»,- հավելեց Հայկ Եսայանը։

Նա նշեց, որ սա այն ոլորտն է, որտեղ գրեթե փոքր ու միջին ընկերություններ չկան։ Այսինքն, Հայկ Եսայանի խոսքով, ցանկացած բաժնետեր նման ոլորտում ներդրումներ իրականացնելու հնարավորություն է ունենում այսօր։

Երկրորդ, այսպիսով ձեւավորվում է կապիտալի շուկա, այսինքն՝ մարդիկ կարողանում են ներդրում անել՝ 40 հազար դրամից սկսած մինչեւ 8 մլրդ դրամի չափով եւ բաժնետոմս ձեռք բերել։ «Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ հետապնդում է ինչ-որ շահույթ, այդ շահույթը կարող է լինել ակցիաների գնի բարձրացման կամ դիվիդենտների տրամադրման տեսքով։ Կարծում եմ՝ կապիտալի շուկայի ձեւավորման համար սա լուրջ առաջնային քայլերից մեկն է։ Այսպիսով՝ մենք ամբողջությամբ բաց ենք լինելու՝ ղեկավար անձանց աշխատավարձերից սկսած՝ ամբողջ ինֆորմացիան բաց ու հասանելի է լինելու ոչ միայն բաժնետերերի, այլեւ բոլորի համար։ Այսինքն՝ մեր կյանքը բարդանում է, բայց իրականում նաեւ հզորանում ենք, որովհետեւ թիմը մեծանում է»,- նշեց Եսայանը։

Արտակ Հանեսյան

Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքով՝ սա իրապես հանրային տեղաբաշխում է, մեծ հնարավորություններ են ստեղծված՝ քաղաքացիների կողմից բաժնետոմսեր ձեռք բերելու ամբողջ գործընթացն օնլայն անցնելու, հետագայում դրանք կառավարելու և նույնիսկ վաճառելու համար։ «Փաստացի Հայաստանում առաջին անգամ հեռահաղորդակցության եւ տեխնոլոգիական ոլորտի կազմակերպությունն իրականացնում է բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում։ Երկրորդ, ամբողջ գործընթացը կազմակերպված է լինելու MyInvest հարթակի միջոցով»,- ասաց նա։

Team Telecom Armenia-ի բաժնետոմսերը հասանելի են Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest հարթակում, որը ներդրողներին հնարավորություն է տալիս առցանց գնելու բաժնետոմսեր, մշտական հասանելիություն ունենալու ներդրումային պորտֆելին և վերջինիս վերաբերյալ ստանալու մանրամասն տեղեկություն։

«Մենք հույս ունենք, որ այսպիսով ավելի կզարգացնենք ու կակտիվացնենք կապիտալի շուկան, ինչպես նաեւ հնարավորություն կտանք հասարակության ավելի լայն շերտերին մաս դառնալ կապիտալի շուկայի գործիքներին։ Կարող եմ ասել, որ այս պահին շատ մեծ հետաքրքրություն կա, ինչը շատ ուրախալի է։ Մենք ունենք գնման ցանկություն ունեցող անձանց դիվերսիֆիկացված եւ բազմազան ցուցակ, որոնք մեկնարկից հետո պատրաստ են լինելու գնում իրականացնել»,- հավելեց Արտակ Հանեսյանը։

Արմեն Նուրբեկյան

Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը նշեց․ «Մեր կարծիքով՝ սա շատ կարեւոր իրադարձություն է Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի կյանքում։ Եթե նայում ենք ՀՀ ֆինանսական հատվածի կառուցվածքին, մեզ մոտ հիմնականում գերակշռում են բանկերը։ Եվ Կենտրոնական բանկի կարծիքն այն է, որ մեր քաղաքացիները բավականաչափ լայն հնարավորություններ չունեն՝ իրենց խնայողությունները ներդրումներ անելու տեսանկյունից։ Եվ դա է պատճառը, որ կապիտալի շուկան թե կառավարության, թե Կենտրոնական բանկի համար առաջնահերթ ռազմավարական ուղղություն է։ Այդ համատեքստում այս իրադարձությունը կարեւոր է, որովհետեւ առաջին անգամ է, որ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունը IPO է իրականացնում։ Այսինքն՝ մեր քաղաքացիները հնարավորություն են ունենալու ներդրումներ կատարել իրական հատվածում։ Մենք հույս ունենք, որ սա նաեւ վարակիչ կլինի այլ ընկերությունների համար»,- ասաց ԿԲ փոխնախագահը։

Նուրբեկյանի խոսքով՝ կապիտալի շուկայի եւ ընդհանրապես Հայաստանում բիզնեսի զարգացման համար ամենակարեւոր խնդիրներից մեկը որակյալ կորպորատիվ կառավարումն է։ «Իսկ որակյալ կորպորատիվ կառավարում տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք մեծ թվով փոքր ներդրողներ ենք ունենում, ովքեր ռեալ մասնակցում են ընկերությունների կառավարմանը։ Այսօր ՀՀ համար մի քիչ խորթ է, որ մեր քաղաքացիները վերցնեն եւ որոշ ընկերությունների հաշվետվություններ կարդան, բայց զարգացած երկրներում, որտեղ կապիտալի շուկան զարգացած է, դա լրիվ նորմալ երևույթ է։ Այսինքն՝ մարդիկ ներդրումներ են կատարում իրական հատվածում եւ ակտիվ մասնակցում են այդ ընկերությունների կառավարմանը։ Վստահ ենք, որ այս տեղաբաշխումը մեծ փոփոխություններ կբերի ոլորտում»,- հավելեց Արմեն Նուրբեկյանը։

Նրա կանխատեսմամբ՝ ֆիզիկական անձինք ակտիվ մասնակցություն կունենան այս գործընթացին․ «Ֆինանսական հատվածում մենք ունենք նախադեպեր, երբ բանկերն են տեղաբաշխում արել, եւ այդ դեպքում մենք տեսել ենք, որ ֆիզիկական անձինք բավական ակտիվ մասնակցություն են ունեցել։ Կարծում եմ՝ այս դեպքում եւս փոքր ներդրողների մասնակցությունն ակտիվ կլինեն»։

ԿԲ փոխնախագահը նաեւ հավելեց, որ կառավարությունը եւ ԿԲ-ն աշխատանք են անում՝ հասկանալու համար, թե որոնք են խնդիրները, որ հայաստանյան խոշոր ընկերությունները չեն օգտվում կապիտալի շուկայի լայն հնարավորություններից։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930