Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանը Նիկոլ Փաշինյանից լիազորություն է ուզում եւ լռելու խոստում ու իրավիճակը ՀՀ-ի օգտին կշրջի

Հուլիս 04,2023 15:41

«Եթե այսօր լիազորություն տրվի ինձ, մի խումբ դիվանագետների, ես վստահեցնում եմ ձեզ, 2-3 ամսվա ընթացքում կտրուկ կարելի է իրավիճակի մեջ փոփոխություն մտցնել: Բայց այստեղ մի քանի նախապայման կա. այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոսանոց: Երկրորդ, Փաշինյանը երեք ամիս պետք է լռի, ուղղակի չխոսի ոչ մի տեղ: Այնքան վնաս, ինչքան Հայաստանին ու հայ ժողովրդին տրվել է Փաշինյանի խոսելու արդյունքում, նման այլ բան չկա: Փաշինյանի խոսելը մեր գլխին բերել է պատերազմ, պատերազմից հետո Փաշինյանը խոսելը այդ ամենն ավելի է խորացրել: Այսօր նրա խոսելը ավելի է բարդացնում իր վիճակը եւ օրեցօր ավելի է դժվարացնում իրավիճակ փոխելը»,- այսօր «ՀայաՔվե»-ին միանալուց հետո, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Թե ի՞նչ է անելու բանակցային խումբը՝ նա մանրամասնեց. «Առաջին՝ շատ արագ պետք է փոխել բանակցությունների տրամաբանությունը եւ նարատիվը: Մենք բանակցում ենք ոչ թե անարդար պատերազմի արդյունքում ստեղծված, ոչ հավասար պայմաններում ինչ-որ հապճեպ, պատերազմի սպառնալիքի տակ գնալ հարցի լուծման՝ խաղաղության պայմանագիր ստորագրելով, այլ մենք մտնում ենք բանակցությունների մեջ, այո, անարդար պատերազմի արդյունքում, ոչ հավասար պայմաններում որոնելու այն ճիշտ ճանապարհները, որը հնարավորություն կստեղծի Հայաստանին եւ Ադրբեջանին հասնելու արդար ու կայուն խաղաղության: Այս նուրբ տարբերակումը պետք է արվի եւ դա առաջին կարեւոր քայլն է բանակցային նարատիվը փոխելու համար: Երկրորդ, պետք է ընդլայնել այսօր առկա բանակցային օրակարգը: Այսօր բանակցային օրակարգում հայկական պահանջ չկա, այնտեղ կան միայն Ադրբեջանի պահանջները: Հայկական պատվիրակությունը Վաշինգտոնում եւ այլուր բանակցում է միայն ու միայն Ադրբեջանի պահանջներին այնպիսի փաթեթավորում տալ, որը որ ընկալելի կլինի հայ ժողովրդի համար: Այսինքն` գան ասեն՝ դա այդպես չէ, սա նշանակում է, որ դեռեւս ինչ-որ հույսեր կան: Ընդամենը աշխատում են, որ Ադրբեջանը պահանջները բավարարած լինելով հանդերձ, այնպիսի փաթեթավորում տան, որ հայ ժողովրդի համար ընկալելի լինի: Ադրբեջանը նույնիսկ դա թույլ չի տալիս: Ադրբեջանն ուզում է իր պահանջներն այնպես գրվեն, որ տարաբնույթ մեկնաբանությունների հնարավորություն էլ չլինի: Այսօր բանակցությունները գնում են դրա շուրջ»:

Վարդան Օսկանյանի համոզմամբ, ԼՂԻՄ-ի խորհրդային շրջանում ունեցած կարգավիճակի հարցը պետք է դնել բանակցային օրակարգում. «Խորհրդային շրջանում ԼՂԻՄ-ը եղել է ինքնավար մարզ, այս փաստը պետք է լինի այսօր բանակցությունների օրակարգում: Եկեք չմոռանանք, որ այդ փաստն է, որ 1991-ին Արցախի ժողովրդին հնարավորություն տվեց ձգտելու ինքնորոշման, անցկացնելու հանրաքվե: Դա միջազգային հանրության համար ընդունելի դարձավ հենց այդ փաստի գոյությամբ, որ ԼՂ ժողովուրդը խորհրդային շրջանում ունեցել է ինքնավար մարզ: Դա պետք է այսօր բերել՝ դնել սեղանի վրա: Դա նոր հնարավորություններ կբացի քաղաքական ու իրավական ինչ-որ լուծումների գնալու բանակցությունների արդյունքում: Սրան հակափաստարկ ուղղակի չի կարող գոյություն ունենալ: Միջազգային հանրությունը սա միանգամից վերցնելու է եւ բերելու է բանակցային սեղան: Ադրբեջանը հնարավոր է դիմադրի, բայց նրան կստիպեն: Եթե Ադրբեջանը դեմ լինի, որ սա մտնի օրակարգ, հավատացեք, Ադրբեջանը միջազգային իրավունքի տեսանկյունից շատ լուրջ խնդիրների առջեւ է կանգնելու: Իսկ եթե այս հարցն օրակարգ մտնի, դա արդեն Արցախի ժողովրդին միջազգային հանրության օգնությամբ հնարավորություն է տալու, որ ձգտի անկախության»:

Սա, ըստ բանախոսի, կարելի է անել «լուրջ չափավորության շրջանակներում», ոչ թե պատերազմի սպառնալիքի տակ, Լաչինի միջանցքի շրջափակման պայմաններում գնալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել եւ այսս պայմաններում ասել, որ Արցախը Ադրբեջան է եւ հավատալ, որ նրանք կարող են հանգիստ կամ անվտանգ ապրել, դա իր համար ուղղակի թյուրիմացություն է:

«Նման հարցի քննարկումներն անգամ պետք է բացառել: Չի կարող նման բան լինել, Արցախն ինչո՞ւ պետք է Ադրբեջանի կազմում լինի: Արցախը Ադրբեջանի կազմում ե՞րբ է եղել: Անկախ Ադրբեջանի կազմում Արցախ երբեք չի եղել: Ընդամենը խորհրդային շրջանում Արցախը ինքնավար մարզի կարգավիճակով եղել է ադրբեջանական ԽՍՀ կազմում, իսկ Ադրբեջանն իր սահմանադրությամբ այդ ժամանակաշրջանը չեղյալ է համարել, օկուպացիա է համարել: Այս ամենը ունենալով մեր զինանոցում, մենք գնանք լռենք, մասնակցենք բանակցություններին ու մտածենք, թե Ադրբեջանի պահանջները ո՞նց բավարարենք, որ դրա ձեւակերպումը լեզվական առումով ընկալելի լինի մեր ժողովրդի համար, սա դիվանագիտություն չէ: Այսօր մեր առաջ մեծ դաշտ կա, կարելի է դիվանագիտությամբ դեռ հրաշքներ գործել, ուղղակի կամք ու ցանկություն է պետք: Նաեւ պետք է սեփական ես-ը մի կողմ դնել եւ թույլ տալ մարդկանց գալ ու դա անել: Վաղը չգան ասեն՝ հնարավոր չէր: Ես ասում եմ՝ հնարավոր է»,-հայտարարեց Վարդան Օսկանյանը:

Պատասխանելով Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության հարցին էլ, ինչի մասին անընդհատ պնդում է ՀՀ գործող իշխանությունը, Վարդան Օսկանյանն ասաց. «Այդպիսի երկխոսություն չի լինելու. այն օրը, երբ կլսեք, որ արցախցին խոսում է Ադրբեջանի հետ, վերջ, գիծ քաշեք, Արցախ գոյություն չունի: Այս պայմաններում, հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմից փաստաթուղթ ստորագրելուց հետո, լսել, որ արցախցիները Ադրբեջանի հետ խոսում են, այդ օրը կարող եք ասել՝ վերջ, որովհետեւ Ադրբեջանն արցախցիների հետ կխոսի միայն որպես իր քաղաքացիների»:

Դիվանագետը պնդում է, որ ընդհանրապես պետք է փակել նաեւ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի թեման: Արդեն եթե Լաչինի միջանցքը վերցրել, փակել են, այս թեման պետք է ընդհանրապես փակել. «Թույլ տալ, որ Լաչինի միջանցքը վերցնելուց հետո Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքի մասին խոսի՞: Բաներ կան, որ հայելային է: Եթե հարց է բարձրանում, Ադրբեջանն ասում է՝ Լաչինն իմ տարածքն է եղել, ԼՂԻՄ-ում էլ չի եղել, եթե թույլ եմ տալիս, դու էլ ինձ թույլ տուր, դա այլ է: Բայց մարդը վերցրել է այդ տարածքը, փակել է, հիմա եկել պահանջ է դնում, հայկական կողմն էլ ընդունում, դրա մասին խոսում է: Դիվանագիտության մեջ առաջին պահից հստակ դիրքորոշում արտահայտելը մեկ-մեկ շատ ավելի օգտակար է, քան ինչ-որ դիվանագիտություն խաղալը, այո-ոչ ասելը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31