Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի բժիշկները, շրջափակման հետևանքով, չեն կարող մասնակցել Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարին

Հուլիս 05,2023 14:11

Արցախի շրջափակման մասին բարձրաձայնելու և ի պաշտպանություն Արցախի հարցի արդարացի լուծման՝ համագումարի ավարտին նախատեսվում է ստորագրել փաստաթուղթ, որը կներկայացվի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ին և միջազգային այլ կազմակերպություններին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի (6 IMCA) համանախագահ, բժիշկ Գևորգ Յաղջյանը:

Տեղեկացնենք, որ Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարին, որն այս տարի կայանալու է հուլիսի 6-8-ը, ներկա չեն լինի Արցախի բժիշկները՝ շրջափակման պատճառով: Համագումարին արցախցի բժիշկները կմասնակցեն հեռավար:

«Հուլիսի 6-ին, աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած ամենաակտիվ, հեղինակավոր բժիշկների 15 հոգանոց խմբով, հանդիպում ենք ունենալու Արցախի արտգործնախարարի հետ, որից հետո մեր մասնակիցները ստացված տեղեկատվությունը կփոխանցեն իրենց երկրներում: Բացի այդ փորձում ենք մեր երկրում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպումներ կազմակերպել մեր համագումարի մասնակիցների հետ, որի ընթացքում ևս կբարձրացվի Արցախի շրջափակման հարցը,-ասաց բժիշկ Յաղջյանը:

Ասուլիսի ընթացքում, համագումարի պատվավոր նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, համագումարի համանախագահ, բժիշկ Համբարձում Սիմոնյանը, համագումարի գիտական խորհրդի ղեկավար Ալեքսանդր Բազարչյանը ևս մտահոգություն արտահայտեցին, որ շրջափակման հետևանքով Արցախի բժիշկները չեն կարողանում մասնակցել համագումարին:

Գևորգ Յաղջյանը նշեց, որ դեռեւս 2019-ին համագումարի համար առաջարկված ձևաչափի համաձայն, պետք է լինեին երեք համանախագահներ. մեկը Հայաստանից, երկրորդը կներկայացներ Սփյուռքը և երրորդը կհամակարգեր Արցախից:

«Համագումարի նպատակն է միավորել այս երեք մասերը: Հուլիսի 8-ը ամբողջությամբ նվիրված է լինելու Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցությանը: Ցավոք սրտի, չենք կարող բերել Արցախի բժիշկներին, սակայն համագումարը պատրաստ է, որպեսզի բոլոր լիագումար սեկցիաները, սիմպոզիումները հեռարձակեն Արցախում: Բժիշկները հավաքվելու են մեկ տեղում, հնարավորություն են ունենալու միանալ, հետևել», — ասաց նա:

Համագումարի պատվավոր նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը հիշեցրեց, որ երբ բետոնե պատնեշներով փակվեց Արցախի ճանապարհը, բժիշկների համայնքը հասավ նրան, որ դրա հաջորդ օրը ռուս խաղաղապահների ուղղաթիռով երեխա տեղափոխվեց Արցախից Հայաստան. «Երկու օր հետո Հայաստանից բժիշկը գնաց Արցախ: Սա նշանակում է, որ մենք պայքարում ենք բոլորի հետ հավասար հանուն Արցախի»:

Համագումարի համանախագահները տեղեկացրեցին, որ Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում ավելի քան 600 բժիշկ է ժամանել Երևան, և նրանցից ավելի քան 300-ը սփյուռքահայեր են։ Ուրոգինեկոլոգները, ակնաբույժները, սրտաբաններն ու մյուս մասնագետները ժամանել են 10 երկրից, այդ թվում` Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ–ից, Կանադայից, Ֆրանսիայից, Ավստրալիայից։

Հարցին, թե արդյոք արտերկրից եկած բժիշկների մասնակցությամբ վիրահատություններ լինելու են, թե ոչ, համագումարի համանախագահ Գևորգ Յաղջյանը շեշտեց` սպասվում են։

«Նրանցից շատերն արդեն երկար տարիներ համագործակցում են Հայաստանի բժիշկների հետ։ Գալիս են այստեղ ու արդեն ունեն պլանավորված վիրահատություններ։ Օրինակ` ուրոգինեկոլոգ Սամվել Բադալյանը Հայաստանում մի ծրագիր է ստեղծել և մշտապես գալիս է ու վիրահատություններ անում, մեր օրդինատորներին է սովորեցնում։ Համոզված եմ`այս անգամ էլ ժամանակը կօգտագործի և վիրահատություններ կանի։ Մոսկվայաբնակ ակնաբույժ Անուշ Ամիրյանն էլ ԲԿ–ներից մեկում աչքի քաղցկեղի հետ կապված վիրահատություն է արդեն իրականացրել»,– ասաց Յաղջյանը։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31