Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ գլխի ճար, Սերգեյ, էս հաթաթա ես տալիս, ուլտիմատում ես ներկայացնում». «դիզվառելիքի գործով» հարցաքննվում է Բարսեղ Բեգլարյանը

Հուլիս 07,2023 17:29

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, Վահե Միսակյանի նախագահությամբ շարունակվեց «դիզվառելիքի գործով» դատական նիստը: Դատարանում հարցաքննվեց «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:

Նա հայտարարեց, որ լինելով ընկերության համասեփականատեր, գրանցված աշխատող չի եղել «Ֆլեշ» ընկերությունում, ուստի ընկերության գործունեությունը, այդ թվում` 2013 թվականի հունվարին, կառավարության կողմից առաջարկված գյուղատնտեսական կարիքների համար սուբսիդավորմամբ դիզվառելիքի ներկրման մրցույթ-առաջարկին մասնակցության հարցերով զբաղվել է ընկերության գլխավոր տնօրեն Յաշա Խաչատրյանը:

Բարսեղ Բեգլարյանը հայտարարեց, որ լիովին վստահել է Յաշա Խաչատրյանին, վերջինս էլ, ժամանակ առ ժամանակ իրեն զեկուցել է գործերի ընթացքի մասին, խորհրդակցել են: Նա հիշում է, որ նախարարությունը դիզվառելիքի ներկրման համար հարցումներ էր արել «Ֆլեշ» ընկերությանը, նաեւ այլ ընկերությունների, որից հետո, «Ֆլեշ» ընկերությանը հայտարարել է հաղթող: Ըստ Բարսեղ Բեգլարյանի, այդ ծրագրի «ծանրության տակ» կարող էին մտնել «Ֆլեշ» ընկերությունը եւ CPS-ը, մասնակի՝ MAX Oil ընկերությունը, որը Իրանի սահմանով էր ներկրումներ անում, իսկ մինչեւ 2020 թվականը Իրանի սահմանից ներկրումները սահմանափակ էին իրականացվում: Ավելի ուշ նա հայտարարեց, որ իրանական սահմանից ներկրվող վառելիքը անորակ էր: «Սովրանիե» ընկերության անունը, որին նույնպես հարցում է արվել ծրագրին մասնակցության վերաբերյալ, Բարսեղ Բեգլարյանը դատարանում է լսել՝ լինելով այս դաշտում երկարամյա աշխատող:

Դատախազի հարցին ի պատասխան` Բարսեղ Բեգլարյանն ասաց, որ Յաշա Խաչատրյանն իրեն տեղեկացրել է սույն ծրագրի մասին, ինքն էլ խորհուրդ է տվել մասնակցել՝ «եթե ուժդ պատում է»: Ծրագրի այլ մանրամասներից տեղյակ չէ, մանրամասներին էլ փորձ չի արել ծանոթանալ, Յաշա Խաչատրյանն էլ չի փորձել ներկայացնել, քանի որ այդ շրջանում այլ գործերով էր զբաղվում: Մանրամասներին ծանոթացել է ավելի ուշ՝ քրեական գործի նյութերից, Բայց ծրագրի ընթացի մասին, ընդհանուր առմամբ, տեղյակ է եղել:

Սերգո Կարապետյանը՝ դատական առաջին նիստում

Բարսեղ Բեգլարյանը հայտարարեց, որ ծրագրի հետ կապված նախկին գյուղնախարար, երջանկահիշատակ Սերգո Կարապետյանի հետ հանդիպում չի ունեցել. նրան ճանաչում է վաղուց, Գործարարների միության նախագահության անդամ էին: 2010 թվականին երկրի նախագահի հետ հանդիպում է եղել, որին հնարավոր է՝ նաեւ վարչապետն է մասնակցել եւ միության նախագահ Արսեն Ղազարյանն այդ հանդիպման ժամանակ իր դժգոհությունն է արտահայտել գյուղնախարարի վարքագծից. «Այն ժամանակ կուսակցական քվոտաներ կային, գյուղնախարարից խիստ դժգոհություն կար, որ այդ երիտասարդը իրեն շատ վատ է դրսեւորում, չի տիրապետում եւ բավականին «տորմուզներ» է տալիս: Այդ ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց՝ ունե՞ք դուք այդպիսի լավ թեկնածու: Բոլորս ասացինք, որ Սերգո Կարապետյանը, որպես գյուղատնտեսության, բիզնեսի… եթե դուք իրեն տաք, մենք երաշխիք ենք տալիս, որ լավ կաշխատի, համենայնդեպս, սրանից վատ չի լինի»:

Բարսեղ Բեգլարյանը մանրամասնեց, որ Սերգո Կարապետյանի հետ հանդիպել է նրա նախարար նշանակվելուց հետո, 10 տարեկան «Մադաթով» կոնյակ է տարել, «մի-մի բաժակ էլ խմել ենք, շնորհավորել», ասել՝ «քեզ բարի երթ, Սերգեյ ջան», աշխատանքի ընթացքում ինչով կկարողանա օգտակար լինել՝ կօգնի:

Բարսեղ Բեգլարյանը պատմեց նաեւ, որ այս քրեական գործի շրջանակներում, երբ իրեն առաջին անգամ կանչել են Քննչական կոմիտե, դրանից մի քանի օր առաջ իրեն զանգահարել է Սերգո Կարապետյանը. «Ես այդ ժամանակ քաղաքի քննչականում հարցաքննվում էի, հեռախոսը, բնականաբար, թողել էի մեքենայի մեջ: Մոտավորապես 1,5 ժամ հետո դուրս եմ եկել, տեսել՝ ինքն է զանգել: Զանգահարել եմ, ասել եմ՝ Սերգո, զա՞նգ ես տվել, ասել է՝ բա՝ հա, շտապ ուզում եմ հանդիպեմ: Ասել եմ՝ Սերգո, հիմա ես քննչականում եմ, արի պայմանավորվենք այսպես՝ հենց վերջացնեմ՝ կզանգահարեմ՝ կգաս, կհանդիպենք: Եվ զանգահարել եմ, եկել է մեր գրասենյակ: Եկավ գրասենյակ, աշխատասենյակում նստեց, ասում է՝ գիտե՞ս այդ գյուղօգտագործման ծրագրի պայմաններում, հիշո՞ւմ ես, որ այսպիսի բաներ են եղել: Ասում եմ՝ Սերգո, այնպիսի բան ես ասում, գիտես, որ 6 տարի անցել է, ես ո՞նց կարող է հիշեմ: Ասացի՝ գիտես, որ այդ ծրագրերի թամադան, Խաչատրյան Յաշան է եղել, հենց հիմա կանչեմ՝ հետը զրուցի: Ասում է՝ չէ՜, ես իր հետ ոչ մի գործ չունեմ: Ասում եմ՝ Սերգեյ, ունես-չունես, ես հիշում եմ, որ այն ժամանակ քո տեղակալները, վարչության պետը կամ դուք անձամբ, Խաչատրյան Յաշայի հետ եք գործ բռնել, ես այդ ծրագրից երբեւիցե խաբա՞ր եմ եղել: Չէ-չէ, ասում է, ես Յաշային չեմ ճանաչում, Յաշա չեմ տեսել, քրեական գործ են հարուցել, ինձ էլ կանչել են քննչական, ես եկել եմ ձեզ ասեմ, որ գնա, գլխիդ ճարը տես: Ի՞նչ գլխի ճար, Սերգեյ, էս հաթաթա ես տալիս, ուլտիմատում ես ներկայացնում, Սերգեյ, ես քեզ մարդկային ասում եմ՝ եթե դու ուզում ես ճշմարտությունն, իրականությունն իմանալ, Խաչատրյան Յաշան ամբողջովին տեղյակ է, իսկ եթե դու մտքիդ դրել ես՝ գնաս բան ասես՝ դա քո խնդիրն է»:

Հիշեցնենք, այս գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31