Լրահոս
Օրվա լրահոսը

5000 կմ կտրելով՝ դաշնամուրը Վիեննայից հասավ Կապան․ բելգիահայ թավջութակահար Սեւակ Ավանեսյանն այս օրերին էլ իր պապերի հայրենիքից՝ Կապանից է զարմացնում աշխարհին (ֆոտոշարք)

Հուլիս 08,2023 21:20

Ուղիղ չորս օր է, ինչ Սյունիքի մարզկենտրոնը ապրում է միջազգային երաժշտական փառատոնով։

44-օրյա պատերազմի օրերին Շուշիի Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոցում բելգիահայ, արմատներով կապանցի թավջութակահար Սեւակ Ավանեսյանը Կոմիտասի «Կռունկ»-ով ցնցեց աշխարհը, իսկ այս օրերին Սեւակ Ավանեսյանը սահմանամերձ Կապանում է՝ նորից զարմացնելով  Հայաստանին ու աշխարհին։

1976-ին Կապանի երաժշտական ուսումնարանի դահլիճում տեղադրվեց գերմանական «E.F. Waleher» ֆիրմայի արտադրության երգեհոնը, իսկ 47 տարի անց Վահագն Ստամբոլցյանի երգեհոնային դահլիճի բեմի երգեհոնը նոր «հարեւան» ունեցավ՝ «Steinwat D 274» կարգի եզակի հնչողությամբ դաշնամուր:

5000 կմ ճանապարհ  կտրելով՝  դաշնամուրը  Վիեննայից հասավ  Կապան։ Հեշտ չի եղել ճանապարհը՝ հիշում է փառատոնի կազմակերպիչ Սեւակ Ավանեսյանը։ «Կարծես խնդիրներն անխուսափելի էին․ աթոռները եկան ոչ թե Վիեննա, այլ՝ Բրյուսել, օդանավում, որով պիտի տեղ հասցնեիք դաշնամուրը, պարզվեց՝ տեղ չկա։ Դաշնամուրը հասավ Հայաստան, մարդիկ, որ պատասխանատու էին մաքսազերծման հարցերը լուծելու՝ չէին արել։ Ինձ ասացին մեկ ամսվա ընթացքում այդ հարցը կկարգավորվեն։ Ամեն ինչը մեկ մազից էր կախված՝ կամ լինում է ֆանտաստիկ, կամ ոչինչ չի լինում։ Ու մի կողմ դնելով թավջութակս՝ զբաղվեցի այդ խնդիրներով, օրական երկու ժամ էի քնում»,-պատմում է Սեւակ Ավանեսյանը։ Հովանավորներից Անդրեյ Գյումջանյանը գնեց մեկ այլ դաշնամուր, որ Կապան ուղարկվողը մի քիչ էժան լինի։ Վերջինիս շուկայական արժեքը 250 հազար եվրո է։

Կարմիր խաչի կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին, Սեւակ Ավանեսյանը, դաշնամուրների վերանորոգման ու պահպանման վարպետ Հայկ Աբելյանը Կապանի արվեստի քոլեջի բեմում են։ Շնորհակալ են դաշնամուրի ձեռք բերման նպատակով կազմակերպած հանգանակության բոլոր մասնակիցներին եւ աջակիցներին, հատկապես՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, մասնավորապես  տիկին Նադյա Գործունյանին։

«Ուզում եմ նշել, որ փառատոնը Կապանի մշակութային կյանքում եզակի եւ նշանակալի իրադարձություն է, քանի որ իր շուրջն է համախմբել հարյուրից ավելի երաժիշտների՝ ինչպես հանրապետության բոլոր տարածաշրջաններից, այնպես էլ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների՝ աշխարհի տարբեր երկրներից։ Նման մակարդակի, ծավալի եւ միջազգային ընդգրկվածություն ունեցող միջոցառման անցկացումը չափազանց կարեւորում եմ ներկա իրավիճակում, հատկապես մշակութային կյանքի աշխուժացման տեսանկյունից, բայց եւ մեծ հույսեր ունեմ, որ փառատոնը կնպաստի Կապանն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու մեր գործին»,- փառատոնի բացմանը նշեց Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։

Միջազգային ճանաչում ունեցող դաշնակահարուհի Աննա Սարկիսովան անձամբ էր դաշնամուրը  փորձարկել Վիեննայում, հաստատեց, որ այն լավագույնն է: Բացմանը ելույթ ունեցան արմատներով կապանցի դաշնակահար Արմեն Քարամյանը, Քրիստիան Էրբսլոհ Փափազյանը եւ Ուրսուլա Վոն Լերբերը: Վերջիններս հանդես եկան նաեւ երկու դաշնամուրներով։

Կապանի արվեստի քոլեջի դահլիճի բոլոր՝ 500 աթոռները, օթյակները  զբաղված էին նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին։ Նվագախումբն առաջին անգամ էր ելույթ ունենում Կապանում։ Գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցին Մոցարտի, Ջակոմո Պուչինիի, Ալֆրեդո Կատալանիի, Մարտին Ուլիխանյանի եւ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Կապանի արվեստի թանգարանում բացվել է նկարիչ, շեփորահար Հայկ Գրիգորյանի անհատական ցուցահանդեսը՝ «Փոխակերպում/ Transformation» խորագրով։

Հայկ Գրիգորյանը «տրանսֆորմացիան» սկսել է նկարել համավարակի մեկուսացման, պատերազմի, անորոշության եւ ունայնության մեջ, ինչն էլ նկարչի համար դարձել է փրկօղակ, ժամանակն ու հույզերը ազատագրելու միջոց։

Իսկ այսօր երեկոյան բեմահարթակում փառատոնի գլխավոր «մեղավորն» է՝ թավջութակահար Սեւակ Ավանեսյանը։

Ավելացնենք, որ փառատոնի կազմակերպման աշխատանքներին աջակցել են Կապանի համայնքապետարանն ու  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31